14:00 | 06.04.23 | Նորություններ | 1928

Doing Digital Forum-ը Երեւանում համախմբել է ֆինթեք ոլորտի շուրջ 1000 մասնակցի

Թվային փոխակերպման միջազգային եւ հայաստանյան ավելի քան 20 առաջատար  խոսնակ, շուրջ 1000 մասնակից ներկա է գտնվել Երեւանում անցկացվող The Doing Digital Forum-ին։

«Թվային ապագան պետք է իրականություն դառնա հենց քաղաքացիների ու մասնավոր հատվածի էական դերակատարմամբ: Պետությունը հնարավոր ջանքեր է գործադրելու՝ բաց եւ հասանելի տվյալների քաղաքականություն ներդնելու, կրիտիկական ենթակառուցվածքներ, խաղի կանոններ եւ նպաստավոր ու անվտանգ միջավայր ձեւավորելու գործում»,- ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Միջոցառման հիմնական խոսնակ, թվային փոխակերպման եւ ֆինթեքի հանրահայտ միջազգային փորձագետ Քրիս Սքիները նշել է, որ մրցունակ մնալու համար բոլոր երկրները պետք է անցնեն թվային փոխակերպման ուղով, իսկ դրա հաջողության բանաձեւը պլանավորումն է:
 

photo © SPRING PR



«Եթե այս տարածաշրջանի երկրները չներգրավվեն թվայնացման եւ փոխակերպման գործընթացում, կկորցնեն տնտեսության մրցակցային առավելությունները եւ տարածաշրջանի մյուս երկրներից հետ կմնան: Հայաստանը կարող է իրեն դիրքավորել որպես թվայնացման տարածաշրջանային կենտրոն եւ ֆինանսական տեխնոլոգիաների՝ ֆինթեքի հիմնական հաբ»,-ասել է Քրիս Սքիները:

 «Այսօր մենք նպատակ դրեցինք ստեղծել մի հարթակ` Doing Digital Forum, որտեղ Հայաստանի ու աշխարհի առաջատար մասնագետները կհանդիպեն, կկիսվեն ոլորտի զարգացման իրենց տեսլականով ու կհամախմբեն ջանքերը թվային տրանսֆորմացիայի ճանապարհը հարթ ու անխափան իրականացնելու համար»,-նշել է ֆորումի հիմնադիր ու կազմակերպիչ SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթեւիկ Սիմոնյանը:

photo © SPRING PR



Ելույթներով հանդես են եկել նաեւ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ներսես Երիցյանը, McKinsey ընկերության բանկինգի եւ Agile-ի առաջատար փորձագետ Դեյվիդ Քինչեմը, Forbes Russia-ի գլխավոր խմբագրի առաջին տեղակալ Ելենա Տոֆանյուկը:

photo © SPRING PR



Բիզնեսի ու թվային տեխնոլոգիաների ոլորտում լավագույն փորձով, գիտելիքով ու տեսլականով կիսվել են նաեւ Սինգապուրի սոցիալական գիտությունների համալսարանի գիտական խորհրդի անդամ Արմեն Հարությունյանը, Կենտրոնական Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում Visa Crypto-ի տնօրենը Դիլան Քալուն:

Միջոցառումը կազմակերպել էին SPRING PR ընկերությունը եւ Ամերիաբանկը։