17:24 | 27.03.23 | Նորություններ | 1662

Picsart-ը ներառվել է գեներատիվ AI-ի ապշեցնող գործիքների ցանկում

Ամերիկյան Forbes պարբերականը ներկայացրել է 14 շշմեցուցիչ գեներատիվ AI գործիքների նոր ցանկ, որում ներառել է նաեւ հայկական Picsart-ը։

AI-ը շարունակում է մնալ տեխնոլոգիական ամենաթեժ թեման ChatGPT-ի հսկայական հաջողության շնորհիվ: Ցանկում ընդգրկվել են գործիքներ, որոնք հեշտացնում են կյանքը մի շարք ուղղություններով: Ընդգրկված հավելվածների եւ հարթակների լայն շրջանակը նաեւ ցույց է տալիս, թե որքան արագ է զարգանում եւ դիվերսիֆիկացվում AI-ը, եւ դրա հնարավոր ազդեցությունը կյանքի բոլոր ասպեկտների վրա, գրում է Forbes-ը:

«Picsart. տեքստը պատկերի վերածող հարթակ է՝ խմբագրման գործիքների համապարփակ հավաքածուով, որը թույլ է տալիս բառերը վերածել արվեստի, այնուհետեւ շտկել արդյունքներն՝ անհրաժեշտ արդյունք ստանալու համար»,- նշվում է պարբերականի նկարագրությունում:

Picsart-ն ընդգրկվել է այս վարկանիշում Synthesia, Cleanvoice, Jasper, Canva եւ այլ հանրահայտ գեներատիվ արհեստական բանականության գործիքների հետ։
Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ավելի վաղ Forbes-ը հրապարակել էր մեկ այլ հոդված, որում ներկայացրել էր գեներատիվ AI-ով գործիքների ցանկ, որտեղ էլ ընդգրկել էր հայկական Krisp-ն ու Podcastle-ը։