Ինչպե՞ս է աշխատում համակարգիչն ու ինչպե՞ս են ստեղծվում համակարգչային խաղերը. այս հարցերի պատասխանները Տիգրան Նալբանդյանին բերեցին ՏՏ ոլորտ, երբ դեռ դպրոցական էր։
Սեփական խաղը ստեղծելու երազանքով՝ Տիգրանը սկսեց հետաքրքրվել ծրագրավորմամբ, թեեւ այդ պահին միակ բանը, որ գիտեր այս մասնագիտության մասին այն էր, որ մաթեմատիկայի ու ֆիզիկայի իմացություն է անհրաժեշտ։ Երկուսն էլ դպրոցում սիրած առարկաներ էին։
Սկզբում փորձեց ինքնուրույն սովորել, հետո տարբեր դասընթացների գնաց, ծրագրավորման տարբեր լեզուներ ուսումնասիրեց։ Այդ ընթացքում «Յանդեքս» ընկերությունը Վանաձորում բացեց իր ծրագրավորման դպրոցը։ Տիգրանը բաց չթողեց նաեւ այս հնարավորությունը։
photo © Մեդիամաքս
«Դասերը բաղկացած էին տեսական ու գործնական մասից։ Տեսականից հետո գործնական դասեր էինք անում, հետաքրքիր խնդիրներ լուծում, որոնք ադապտացված էին, հայերեն։ Եթե հարցեր էին լինում, այդ պահին դիմում, օգնություն էինք ստանում։ Որպես տնային առաջադրանք՝ մի քիչ ավելի բարդ խնդիրներ էինք լուծում ինքնուրույն։ Հետո լուծումներն ուղարկում էինք «Յանդեքս»-ի սերվերներ, այնտեղ թեստավորվում էին, ու եթե սխալ էր լինում, ասում էին՝ որ դեպքում է սխալ աշխատում։ Նաեւ ստուգում էին, թե ինչքան օպտիմալ է գրածդ խնդիրը։ Եթե դանդաղ է աշխատում կամ շատ ռեսուրս է օգտագործում, քիչ միավոր էիր ստանում։ Մրցույթի նման էր, ամեն դաս ուներ իր աղյուսակը. ով ավելի արագ, օպտիմալ էր գրում, ավելի շատ միավոր էր ստանում»,-հիշում է Տիգրանը։
photo © Մեդիամաքս
Երբ արդեն ունեին անհրաժեշտ գիտելիքները, խմբերով նախագիծ անելու հնարավորության ստացան։ Տիգրանն ընկերոջ հետ իրականացրեց երազանքը՝ ստեղծեց իր համակարգչային խաղը։ Այն պահմտոցիի սկզբունքով էր, նախատեսված երկու խաղացողի համար՝ մեկը թաքնվում, մյուսը՝ փորձում էր գտնել։
Տիգրանն ասում է, որ մասնագիտության հարցում կողմնորոշվել էր մինչեւ «Յանդեքս»-ի դպրոցում սովորելը, բայց գրեթե մեկ տարի տեւած դասընթացն օգնեց համոզվել՝ ինքը կարող է։
photo © Մեդիամաքս
Դպրոցում սովորելուն զուգահեռ՝ Տիգրանը սկսեց ֆրիլանս աշխատանք փնտրել։ Ուսումնասիրեց շուկան, հասկացավ պահանջարկը, պակասող գիտելիքներն արդեն ինքնուրույն լրացրեց ու սկսեց պատվերներ ընդունել։
«Սկզբում աշխատանքս շատ քիչ էր վարձատրվում, համարյա անվճար էր։ Հետո ավելի շատ փորձեցի ու սկսեցի այնքան վաստակել, որ ինձ հերիքում էր։ Մի քիչ էլ անցավ, ու որոշեցի պաշտոնապես աշխատանքի անցնել ինչ-որ ընկերությունում։ Սկսեցի հարցազրույցների գնալ։ Մի ստարտափ մոբայլ ծրագրավորող էր փնտրում։ Իրենք ցանկանում էին լրիվ նոր գործիքով աշխատել, որը դեռ փորձարկման փուլում էր։ Ասացին՝ եթե կարողանաս մի շաբաթում սովորել ու դրանով ինչ-որ բան ստեղծել, կարող ենք քննարկել քո աշխատանքի հարցը։ Մի շաբաթում սովորեցի այդ գործիքը, որ իմ իմացածի հետ ոչ մի կապ չուներ, լրիվ ուրիշ ճյուղ էր, փորձնական մի ծրագիր ստեղծեցի։ Գոհ էին։ Ընդունվեցի աշխատանքի»։
photo © Մեդիամաքս
Հետո Վանաձորում դասընթաց սկսեց «Ինտիգեյթ Մոբայլ» ընկերությունը։ Տիգրանը նաեւ դրան մասնակցեց։ Ավարտին աշխատանքի առաջարկ ստացավ։ Ու այսպես, 12-րդ դասարանը դեռ չավարտած, Տիգրանն արդեն երկրորդ աշխատավայրն էր փոխում։
Հիմա Պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում ծրագրային ճարտարապետություն է սովորում, հետաքրքրված է արհեստական բանականությամբ։ Ասում է՝ համակարգչային խաղերի նկատմամբ հետաքրքրությունը սպառել է ու «Ինտիգեյթ Մոբայլ»-ում ավելի լուրջ ծրագրերի շուրջ է աշխատում, որոնք մարդկանց շոշափելի օգուտ են բերում։
photo © Մեդիամաքս
20-ամյա ծրագրավորողը համոզված է, որ արհեստական բանականությանը վերագրվող հնարավորությունները չափազանցված են։ Ասում է՝ վախենալ պետք չէ, արհեստական բանականությունից օգուտներն ավելի շատ են, այն երբեք մարդուն չի փոխարինի, որովհետեւ չունի ամենակարեւորը՝ հոգի։ Ապագայում, հավանաբար, շատ գործառույթներ կավտոմատացվեն, շատ աշխատատեղեր կփակվեն։ Բայց, ասում է, դա էլ կնպաստի, որ մարդիկ նոր բաներ սովորեն ու այնպիսի մասնագիտություններ ընտրեն, որ արհեստական բանականությանն «անհասանելի» լինի։
Եթե մի օր կարողանա իր երազանքի նախագիծն իրականացնել, դրանում ամենամեծ դերն արհեստական բանականությունն է ունենալու։
«Գաղափար ունեմ երկրի կառավարման ղեկը տալ արհեստական բանականությանը, որովհետեւ շատ սխալներ լինում են մարդկային գործոնի, մարդկանց ամբիցիաների պատճառով։ Եթե ստեղծվի այնպիսի անվտանգ գործիք, այնպիսի արհեստական բանականություն, որը կկարողանա ճիշտ ղեկավարել երկիրը կամ գուցե ամբողջ մոլորակը, դա շատ ավելի արդյունավետ կլինի մարդկանց համար, անիմաստ պատերազմներ չեն լինի։ Բոլոր երկրների կառավարությունները կաշխատեն իրենց երկրի բնակչության, այլ ոչ թե սեփական շահերի համար»։
Լուսինե ՂարիբյանԼուսանկարները՝ Վահե Հարությունյանի