17:57 | 22.02.23 | Նորություններ | 1896

Ալեքսիս Օհանյանը Forbes-ին պատմել է ընտանիքի, կրիպտոարժույթների եւ իր նոր վենչուրային ընկերության մասին

Reddit-ի համահիմնադիր, ներկայում Seven Seven Six վենչուրային ընկերության գլխավոր բաժնետեր Ալեքսիս Օհանյանը հարցազրույց է տվել ամերիկյան հեղինակավոր Forbes պարբերականին, որում խոսել է կրիպտոարժույթների, ներդրումների եւ իր կյանքը փոխած Հայաստան այցի մասին:

Օհանյանը պատմել է, որ հոր ընտանիքը Թուրքիայից փախել է Հայոց ցեղասպանությունից փրկվելու համար, իսկ մայրը եղել է անօրինական ներգաղթյալ։
Ալեքսիս Օհանյանի ամենավաղ հիշողություններից է նրա մեծ մորաքույր Վերան. նա Ալեքսիսին մանրամասն պատմել է ընտանիքի պատմությունը՝ 1915-ին կրած փորձությունների մասին։

Ալեքսիսը պատմել է, որ Հայաստան առաջին անգամ եկել է 2010 թվականին։ Սան Ֆրանցիսկոյի «Kiva» միկրոֆինանսական ընկերության երեւանյան գրասենյակում կամավոր աշխատելու ընթացքում նա կապ է հաստատել հոր բարեկամների հետ, ծանոթացել արմատներին, ավելին իմացել հայրենիքի մասին:

«Մարդկանց ցանկացած խումբ, որն իր գիտակցության մեջ կամ իր հավաքական պատմության մեջ ունի հալածանքների, հատկապես ինչ-որ պետության կողմից, շատ գրավիչ է դարձնում որեւէ պետության կողմից չվերահսկվող արժեքի պահեստավորման գաղափարը։ Այսպիսով, ինչ-որ առումներով դա իմ մեջ կարծրացել է եւ ինձ մղել ընդունել ապակենտրոնացված արժույթի գաղափարը»,- ասել է նա:

Օհանյանն ապակենտրոնացված արժույթի եւ այլ թվային ակտիվների հանդեպ սերը վերածել է հիմնական աշխատանքի: Նա ներդրումներ է կատարում ստարտափներում՝ օգտագործելով կրիպտոարժույթի հիմքում ընկած բլոկչեյն տեխնոլոգիան։ Իրեն անվանում է «կրիպտոպրագմատիկ»՝ աջակցելով ԱՄՆ-ում ոլորտի կանոնակարգմանը։

Ալեքսիս Օհանյանն ասել է, որ հիմա ողջ ուշադրությունը կենտրոնացրել է տեխնոլոգիական ոլորտում վենչուրային ներդրումներով զբաղվող Seven Seven Six ընկերության վրա։ «Ես միշտ կրիպտոյի պրագմատիկ աջակից եմ եղել: Seven Seven Six-ի պորտֆելի մոտ կեսը ինչ-որ կերպ ներդրումներ է կատարում կրիպտո կամ բլոկչեյն տեխնոլոգիաներում»,- ասել է նա:

Ըստ Օհանյանի՝ տեխնոլոգիական առումով 2023-ը, ընդհանուր առմամբ, դժվար տարի է լինելու, եւ ՏՏ ընկերությունների ղեկավարները միանգամայն այլ սցենարներ ստիպված կլինեն դիտարկել իրենց հաջորդ ներդրումն ստանալու համար։

Նա նշել է, որ իրեն շատ բախտավոր է համարում, երբ տեսնում է, թե նոր ընկերությունը վերջին երկու տարիներին ինչպիսի առաջընթաց ու հաջողություններ է գրանցում: Դա նրան ստիպում է մտածել, որ ավելի վաղ պետք է սկսած լիներ նման նախաձեռնություն։ «Բայց ես ուրախ եմ, որ գտնվում եմ այնտեղ, որտեղ հիմա եմ։ Այստեղ աշխատելը զվարճալի է եւ աներեւակայելի գոհացուցիչ»,- նշել է նա:

Բացի NFT-ների հավաքածուից, իր դստերը՝ Օլիմպիային, նա փոխանցելու է երեք հայկական գորգ՝ հույս ունենալով վերականգնել ավելի քան մեկ դար առաջ խլված ժառանգությունը:

Ալեքսիս Օհանյանը նաեւ ասել է, որ ստեղծել է Seven Seven Six հիմնադրամ, որով սկսում է բարեգործական գործունեություն, եւ պատրաստվում է զբաղվել թե՛ կապիտալի ներդրմամբ, թե՛ բարեգործական հիմնադրամով։

Ալեքսիս Օհանյանի ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ։