14:34 | 14.02.23 | Նորություններ | 1219

Գլենդելում կբացվի առաջին «Արմաթ» աշխատանոցը

Մարտի 18-26-ը սպասվում է «Արմաթ» ազգային կրթական ծրագրի պատվիրակության այցն ԱՄՆ՝ հայկական համայնքի եւ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների շրջանում ծրագրի ճանաչելիությանը նպաստելու նպատակով։

Պատվիրակությունը կգլխավորի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։

Մարտի 18-ին Գլենդելում տեղի կունենա «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի բացման արարողությունը։

Մարտի 19-ին Hero House հարթակում ճանաչելիության բարձրացման նպատակին ուղղված երեկույթ կանցկացվի։ Մարտի 25-ին տեղի կունենա հանդիպում համայնքի հետ Կուպերտինոյի (Սիլիկոնյան հովիտ) Սուրբ Անդրեաս, իսկ հաջորդ օրը՝ Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Հովհաննես հայոց առաքելական եկեղեցիներում։

«Մեր նպատակն է «Արմաթ» կրթական ծրագրի համահայկական ներգրավվածությունն ավելի համակարգված դարձնել։ ԱՄՆ-ում առաջին «Արմաթ» աշխատանոցի բացումը լավ առիթ է՝ անհատապես ներկայացնելու «Արմաթ» տեսլականն ու հեռանկարները ԱՄՆ հայկական համայնքին եւ ձեւավորելու համագործակցության նոր ու առավել արդյունավետ ուղիներ», - նշել է Հայկ Չոբանյանը։

Նշենք, որ հունվարին Քուվեյթի ազգային վարժարանում բացվել է «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց, իսկ ավելի վաղ՝ 2022-ի նոյեմբերին, Փարիզի Թարգմանչաց համազգային վարժարանում։