18:01 | 09.02.23 | Հոդվածներ | exclusive 3599

Stylebit. դիզայներներին ու ծրագրավորողներին «բարիշացնող» հարթակ

Stylebit-ը դիզայնի համակարգի ավտոմատացման հարթակ է, որը թույլ է տալիս հեշտությամբ ինտեգրել արդեն իսկ գոյություն ունեցող դիզայնի համակարգը միասնական աշխատանքային հարթակում, ինչը հեշտացնում ու արագացնում է թիմային աշխատանքը։ Այն կապում է դիզայներներին ու րագրավորողներին՝ փորձելով լուծել հաղորդակցության բացը։

Stylebit-ի համահիմնադիր եւ տնօրեն Խաչատուր Վիրաբյանն իր երկու ընկերների հետ ստարտափը հիմնել է՝ սեփական փորձի ու աշխատանքային խնդիրներից ելնելով։ Ստարտափն արդեն ստացել է նախասաղմնային ներդրում BigStory եւ Formula հայկական վենչուրային ֆոնդերից եւ գործարկվել է Product Hunt հարթակում։

Խաչատուր Վիրաբյանը Խաչատուր Վիրաբյանը
photo © Մեդիամաքս


iTel.am-ի հետ զրույցում Խաչատուրը պատմել է կենտրոնացված հաղորդակցության հարթակի մշակման ու ամենօրյա մարտահրավերիներին դիմակայելու մասին։  

StyleBit-ի գաղափարը

Համահիմնադիրներով միասին աշխատել ենք Renderforest ընկերությունում։ Ես front-end ինժեներ էի, Հովհաննես Ղեւոնդյանը՝ UI ինժեներ, Մովսես Սապոնջյանը՝ back-end ինժեներ։ Հիմա երեքս ամբողջությամբ Stylebit-ի վրա ենք կենտրոնացած։

Stylebit-ի գաղափարն առաջացել է դիզայներների հետ հաղորդակցման խնդրից, որ ունեցել ենք միասին աշխատելու տարիներին։ Հաճախ ժողովներ էինք անում աշխատանքի կազմակերպման վերաբերյալ ու շատ ժամանակ էինք ծախսում հաղորդակցության թերացման արդյունքում, ինչը կարելի էր ավտոմատացնել ու խուսափել նման խնդիրներից։

photo © Մեդիամաքս


Այդպես սկսեցինք լուծումներ փնտրել եւ այդ ժամանակ դեռ չէինք էլ հասկանում, թե ինչքան գլոբալ է այս խնդիրը։

Առաջին նախատիպի մշակում եւ ներդրումը

Սկզբում մենք էլ լավ չէինք պատկերացնում, թե ինչպես կարող ենք մեր խնդրի լուծումը դարձնել այնպիսի պրոդուկտ, որի համար մարդիկ կվճարեն։ Ես ու Հովհաննեսը փոքրիկ նախատիպ մշակեցինք՝ տեղի մասնագետներին ցույց տալու, կարծիքներ հավաքելու նպատակով։

photo © Մեդիամաքս


2022-ին Emerge կոնֆերանսին մասնակցեցինք ու ամենաշատ հետաքրքիր կարծիքները այդտեղ ստացանք։ Krisp-ի համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանի հետ խոսեցինք ու նրան հետաքրքրեց մեր լուծումը, հետո կապվեցինք նաեւ Արտավազդ Մինասյանի հետ։ Նրանք էլ իրենց հերթին օգնեցին ու մշակեցինք նախատիպը ու BigStory հիմնադրամից ստացանք նախասաղմնային ներդրում, որից հետո զրոյից մշակել ենք արդեն այսօր հասանելի հարթակը։

Ինչպե՞ս է աշխատում հարթակը

Մեր հաճախորդների հետ անցկացրած հարցազրույցներից հասկացել ենք, որ դիզայներների ու ինժեներների խնդիրը հիմնականում հաղորդակցության խնդիրն է։ Մենք ստեղծած գործիքն օգնում է հեշտացնել շփումը։  

Մեր հարթակում գրանցվելուց հետո դիզայները կարող է կցել իր Figma-ի հաշիվը, իսկ ծրագրավորողը՝ GitHub-ի հաշիվը։ Երբ դիզայներն իր Figma-ում ինչ-ոչ փոփոխություն է կատարում, մեր համակարգն ավտոմատ ցույց է տալիս այդ փոփոխությունը ծրագրավորողներին, որից հետո հնարավոր է դեպի GitHub տանել կոդավորման բազան, կամ էլ հենց մեր մոտից էքսպորտ անել կոդը։  

photo © Մեդիամաքս


Ունենք նաեւ AI օգնական, որն օգնում է դիզայներին տեքստային նշումներ կատարելիս։ Օրինակ՝ դիզայները կարող է ինչ-որ նշում կատարել ոչ պրոֆեսիոնալ լեզվով է եւ ինժեները գուցե այն չկարողանա հասկանալ ու արդյունքում կտուժի միասնական նախագիծը։ Իսկ արհեստական բանականությունը կարող է այդ նշումը փոխակերպել պրոֆեսիոնալ լեզվի ու հաղորդակցման բացը լրացնել։

Մրցակիցները

Մեր գլխավոր մրցակիցներն են ամերիկյան SuperNova-ն ու եվրոպական Specify-ը։

Մրցակիցների հանդեպ մեր առավելությունն այս փուլում ավելի ազատ օգտվելու հնարավորությունն է։ Թույլ ենք տալիս մի քանի Figma-ի հաշիվ կցել հարթակին, էքսպորտ անել կոդը հենց մեր հարթակից՝ առանց GitHub մուտքի։ Դիզայներներին հնարավորություն ենք տալիս ազատ դոկումենտացիա կազմակերպել, օրինակ՝ SuperNova-ն միայն ֆիքսված կաղապարային ձեւ է տրամադրում, իսկ Specify-ը դեռ ամբողջական չունի այդ ֆունկցիան։

Թիմն ու դժվարությունները

Մինչեւ սկսելը շատ գրքերում կարդում էինք դժվարությունների մասին, բայց չէի պատկերացնում ու ակնկալում, որ այդքան շատ կլինեն։ Ամեն օր ինչ-որ բան է փոխվում, բայց պետք է առաջ գնալ ու ամեն օրվա որոշումն ազդում  է այդ ճանապարհի վրա։ Շատ կարեւոր է, թե ինչպես եք կարողանում թիմակիցների հետ համատեղ որոշումներ կայացնելով առաջ շարժվել։

photo © Մեդիամաքս


Հիմա թիմում 3 համահիմնադիրներով ենք, ունենք նաեւ ընկերներ, ովքեր մեզ պարբերաբար օգնում են։ Մովսեսը հիմնականում տեխնոլոգիական գծով պատասխանատուն է, Հովհաննեսը առաջ է տանում մարքեթինգի աշխատանքները, ես՝ մնացած գործերով եմ զբաղվում։

Աքսելերացիոն ծրագրերի մասնակցությունն ու առաջիկա նպատակները

Այս տարի ընդունվել ենք Alchemist Accelerator եւ վերջերս անցանք նաեւ Pioneer գլոբալ աքսելերացիոն ծրագրի ընդունելության վերջին փուլը։ 3 ամիս տեւողությամբ ծրագիր է, որի մեկ ամիսն անցկացվելու է Սիլիկոնյան հովտում։

photo © Մեդիամաքս


Նաեւ դիմել էինք Y Combinator ու առաջին փորձից անցել հարցազրույցների փուլ, որը արդեն իսկ շատ ոգեւորիչ էր։ Աշխարհում YC դիմողների միայն 1%-ին է հաջողվում ընդունվել YC, իսկ հարցազրույցների փուլ անցնում է միան 3 տոկոսը։ Այս տարի եւս պատրասվում ենք դիմել YC:

Մեր ընկերության նպատակն է դառնալ ստեղծարար աշխատանքի շուրջ կատարվող համագործակցության կենտրոնացված հարթակ։ Հիմնական թիրախը Միացյալ Նահանգներ են, այնուհետեւ՝ Եվրոպան։ Ունենք 100-ից ավելի հաճախորդներ մեր waiting list-ում ու դեմոյով հետաքրքրվածների մեծ ալիք։ Հիմա կենտրոնացած ենք պրոդուկտի կատարելագործման վրա։ Շուտով կունենանք Sketch-ի ինտեգրացիա, ծրագրավորողների համար էլ պլանավորում ենք GitLab-ի ու BitBucket-ի ինտեգրացիաները։

Խաչատուր Վիրաբյանը Խաչատուր Վիրաբյանը
photo © Մեդիամաքս


Պլանավորում ենք նաեւ պրոդուկտի ղեկավարներին ընդգրկել մեր հարթակում ու այս երեք օղակը միավորելով ստանալ կենտրոնացված հաղորդակցության հարթակ, որտեղ կապահովենք նախագծերի մշակումից մինչեւ հանձնում շղթան։

Նունե Գրիգորյան