14:02 | 01.02.23 | Նորություններ | 2124

Yandex-ը մշակում է ChatGPT-ի սեփական տարբերակը

Yandex-ը հայտարարել է YaLM 2.0-ի՝ ChatGPT գեներատիվ ցանցի իր տարբերակի մշակման մասին:

Այն կդառնա որոնողական համակարգի, ձայնային օգնական Ալիսայի, էլ․ փոստի եւ ընկերության այլ ծառայությունների մի մասը։

Նեյրոնային ցանցերը, ինչպիսին ChatGPT-ն է, գեներացնում են տեքստ, որը գրեթե չի տարբերվում մարդկային գրությունից: Օգտագործողի խնդրանքով նրանք կարող են ստեղծել ինչպես կարճ նշումներ, այնպես էլ մեծ հոդվածներ կամ նույնիսկ ծրագրային կոդի հատվածներ։ Ուստի դրանց օգտագործումը կարող է բեկումնային լինել որոնողական համակարգերի եւ ձայնային օգնականների համար, ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Այս տեսակի AI-ի ստեղծման ամենադժվար քայլը նրանց մարզելն է: Բացի հաշվողական հզորությունից, գեներատիվ նեյրոնային ցանցին անհրաժեշտ է տրամադրել հարյուր հազարավոր իդեալական պատասխաններ եւ բազմիցս կրկնել այս ուսուցման գործընթացը:

«YaLM 2.0-ի ներդրումը թույլ կտա որոնմանը ստեղծել պատասխաններ՝ օգտագործելով ամբողջ թվայնացված աշխարհի գիտելիքները: Ալիսան կդառնա ավելի խելացի, ավելի լավ կկարողանա պահել զրույցի ենթատեքստը եւ կկարողանա պատասխանել ավելի բարդ հարցերի։ Սա կարող է առաջընթաց լինել որոնողական համակարգերի եւ ձայնային օգնականների որակի մեջ:

YaLM ընտանիքի նեյրոնային ցանցերի նոր սերնդի ստեղծման համար Yandex-ը կօգտագործի իր բոլոր սուպերհամակարգիչները», -նշում են ընկերությունում։

Կարդացեք նաեւ՝

Ո՞րն է OpenAI-ի ChatGPT-ի ֆենոմենը եւ կարո՞ղ է այն փոխարինել մարդկանց

Սեմ Ալթման․ OpenAI-ի, ChatGPT-ի հետեւում կանգնած մարդը