12:18 | 23.01.23 | Նորություններ | 1285

Արմաթցիները համակարգչային ծրագիր կմշակեն «Ապագա Հայկականը» նախաձեռնության համար

«Ապագա Հայկականը» նախաձեռնության եւ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:

Առաջին համահայկական քաղաքացիական Համաժողովի մասնակիցների վիճակահանությունն իրականացնող համակարգչային ծրագիրը կմշակեն Վարդենիսի թիվ 2 ավագ դպրոցի Արմաթ լաբորատորիայի սաները:

«Համագործակցությունը թույլ կտա ապահովել մասնակիցների ընտրանքի օբյեկտիվությունը։ Համաժողովի սկզբունքներից ելնելով՝ որոշեցինք վիճակահանությունը իրականացնող ծրագրի մշակումը վստահել հենց Արմաթ-ի սաներին, որպեսզի չունենաք կանխակալության որեւէ կասկած»,- նշել է Ապագա Հայկականը Զարգացման Հիմնադրամի տնօրեն Արտակ Ապիտոնյանը:

Այս համագործակցությունն Արմաթը դիտարկում է որպես Համահայկական մեծ գաղափարի մի մասը կազմելու, միաժամանակ նաեւ սաների հմտությունները կատարելագործելու հիանալի հնարավորություն:

Հիշեցնենք՝ մարտի 10-12-ը կայանալիք առաջին համահայկական քաղաքացիական Համաժողովի գրանցումը մոտենում է ավարտին, որից հետո արդեն տեղի կունենա մասնակիցների վիճակահանությունը: