Դեկտեմբերի 12-ին Թումոն, գերմանական KfW Group-ը եւ Starkmacher e.V.-ն ստորագրել են պայմանագիր՝ Մանհայմում Թումո կենտրոն բացելու մասին:
Սա կլինի երկրորդ Թումո կենտրոնը Գերմանիայում` 2020-ին բացված Բեռլինի Թումոյից հետո:
Մանհայմի Թումո կենտրոնը, որը կբացվի Mafinex տեխնոլոգիական կենտրոնում 2023-ի աշնանը, նախատեսված է 1000 ուսանողի համար: Այն կկիրառի Բեռլինի կենտրոնի փորձը ու կներառի կրթական ծրագրի տասը ոլորտ՝ ծրագրավորում, երաժշտություն, ռոբոտաշինություն, անիմացիա, եռաչափ մոդելավորում, ֆիլմարտադրություն, խաղերի ստեղծում, գրաֆիկական դիզայն, նկարչություն եւ լուսանկարչություն:
«Շատ ուրախ ենք, որ կարող ենք մեր ներդրումն ունենալ Մանհայմի երիտասարդների` տեխնոլոգիական կրթության միջոցով իրենց ամբողջ ներուժն իրացնելու հարցում։ KfW-ի մեր գործընկերներն ունեն հստակ տեսլական գերմանացի պատանիների հաջորդ սերնդի կարիքների վերաբերյալ: Նրանք մեծ արդյունավետությամբ են ներկայացնում Թումոյի կոնցեպտը եւ միավորվում գործընկերների հետ` ծրագիրն ամբողջ երկրով տարածելու համար»,- ասել է Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը:
Թումոն ամպային համակարգի միջոցով միջազգային գործընկերներին ապահովում է կրթական բովանդակությամբ եւ ծրագրային հարթակով: Համագործակցությունը նաեւ նախատեսում է անձնակազմի ուսուցանում Թումոյի հայաստանյան գլխամասում, տեխնիկական աջակցություն, որակի ապահովում եւ խորհրդատվություն նոր կենտրոնների ստեղծման եւ գործարկման ընթացքում: Թումոյի միջազգային ցանցից ստացված եկամուտներն օգնում են ավելացնել կենտրոնի գործառնական բյուջեն՝ Հայաստանում եւ Արցախում ավելի ու ավելի շատ պատանիների անվճար կրթությամբ ապահովելու համար։