16:47 | 16.11.22 | Հոդվածներ | exclusive 7964

Layerswap. 20K ակտիվ օգտատեր եւ $ 100 միլիոնի թրանզակցիա

Հայկական Layerswap-ը DeltaFund-ի գլխավորությամբ 2.5 միլիոն դոլար սաղմնային ներդրում է ներգրավել:

Layerswap-ը մշակել է գործիքներ կրիպտո փոխանցումների վրա ժամանակ եւ գումար խնայելու համար: Ընկերությունը համագործակցում է կրիպտո աշխարհի այնպիսի խաղացողների հետ, ինչպիսիք են Starkware-ը, ImmutableX-ը, Loopring-ը, Argent-ը։

Վերջին 6 ամսվա ընթացքում Layerswap-ով ավելի քան 80 միլիոն դոլարի գործարքներ են իրականացվել, ունեն ավելի քան 20 000 ակտիվ օգտատեր։  

iTel.am-ը ընկերության ստեղծման, ներդրումների, թիմի ու նպատակների մասին զրուցել է Layerswap-ի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Արամ Քոչարյանի հետ։  

Գաղափարի առաջացումը

Ընդունվել եմ Երեւանի պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ ու դուրս մնացել համալսարանից. դասի չէի գնում, այդ ժամանակ տարված էի առցանց խաղերով ու ամբողջ ժամանակ Dota էի խաղում։ 15 տարի է՝ խաղում եմ, արդեն թիմով ենք խաղում։ Dota-ում շատ մարտահրավերներ կային ու համալսարանում դա պակասում էր։  

Բանակից հետո փորձեցի ուսումս շարունակել Սլավոնական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում, բայց կես տարի անց դուրս եկա, քանի որ աշխատանք գտա՝ մինչեւ Layerswap-ն աշխատել եմ որպես ծրագրավորող։

Արամ Քոչարյանը Արամ Քոչարյանը
photo © Մեդիամաքս


Մեր համահիմնադիրներ Բաբկենը ու Ռուբենը տեխնիկական կրթություն ունեն։ Երկուսին էլ հանդիպել եմ իմ աշխատավայրերից մեկում, միասին աշխատել ենք տարբեր ընկերություններում։ Բաբկենը միշտ ստարտափ գաղափարներ էր ունենում, մշտապես տարբեր նախագծեր էինք փորձում։

Ստարտափի ստեղծումն ուղիղ պրոցես չէր։ Այնպես չէ, որ սկզբում շուկան ուսումնասիրել ենք ու որոշել ստեղծել։ Քանի որ աշխատավայրում շատ էինք աշխատել կրիպտո բանկերի հետ, լավ էինք հասկանում տեխնոլոգիան, որոշեցինք բոլորին միավորել ու մեկ API մշակել, որպեսզի բոլոր համակարգերը նույն ինտերֆեյսով շփվեն։ Սա մշակելուց հետո, սակայն, հասկացանք, որ դա ոչ մեկին պետք չէ։ Հետո ավելացրինք թրանզակցիաների ֆունկցիան ու այն դարձավ օգտագործելի։ Մեկ տարվա ընթացքում եկանք աշխատող տարբերակին։

Ինչ խնդիր է լուծում Layerswap-ը

Եթե ներկայացնեմ պարզ ձեւով, ապա կրիպտոաշխարհում կան տարբեր բլոկչեյններ, օրինակ, բիթքոինը, էթերիումը ու այդ բլոկչեյնների վրա կան տարբեր ակտիվներ։  Ամեն բլոկչեյն տվյալների բազա է, յուրաքանչյուրում պահվում է մարդկանց ունեցած գումարների մասին տեղեկություն։

Արամ Քոչարյանը Արամ Քոչարյանը
photo © Մեդիամաքս


Այդ տվյալների բազաներն իրար միացած չեն, այսինքն՝ բիթքոինն ու էթերիումը առանձին են, սակայն ինչ-որ դեպքերում մարդիկ ցանկանում են իրենց ունեցած բիթքոինը փոխանցել ուրիշ տվյալների բազա։ Այստեղ մենք գալիս ենք օգնելու այդ փոխանցումը կատարելու հարցում։ Մեծ հաշվով տարբեր բլոկչեյնների մեջ թրանզակցիաներ ենք անում։

Տեխնոլոգիայի առանձնահատկությունը եւ ներդրումները

Այդ փոխանցումները թանկ են, քանի որ չկա ուղիղ կապ եւ տարբեր ուղիներով պետք է կատարվեն, իսկ մենք այդ գործընթացն օպտիմիզացնում ենք։ Մշակել ենք ավելի լավ ու որակյալ տեխնոլոգիա, որն ավելի էժան ու հարմար է թրանզակցիաները կատարելիս։

Սկզբում հիմնադիրներով կուտակած միջոցներ ունեինք ու առաջին քայլերը սկսեցինք անել դրանցով։ Հետո հասկացանք, որ պետք է ներդրումներ փնտրել։ «Խուճուճ» պրոցես էր մեզ համար։ Այդ փուլում Հայաստանում բառացիորեն մարդ չկար, որ մեզ ուղղություն ցույց տար ու օգներ, միեւնույն ժամանակ հասկանար կրիպտոյից։ Մենք էլ լավ չէինք պատկերացնում այդ ներդրումային պրոցեսները։

Արամ Քոչարյանը Արամ Քոչարյանը
photo © Մեդիամաքս


Վենչուրային ֆոնդերի հետ բանակցելիս ցանկանում էին, որ ինչ-որ չափելի արդյունք, պրոդուկտի օգտագործելիության մասին ցուցանիշներ ցույց տայինք։ Այդ ժամանակ սկսեցինք կենտրոնանալ օգտատերերին հուզող հարցերի վրա, լուծել տարբեր խնդիրներ ու մեր օգտատերերի քանակն աստիճանաբար շատացավ: Այդ ժամանակ էլ վենչուրային ֆոնդերի հետ ստացվեց համագործակցությունը։

Դենվերում կրիպտո կոնֆերանսի էի մասնակցում ու մոտ մեկ շաբաթում 1,5 միլիոն դոլար ներդրեցին նախագծում։ Դա մեզ մեծ ներդրում էր թվում, բայց հասկացանք, որ սխալվել ենք, քանի որ այդ գումարը շատ արագ սպառվեց։ Դրանով ընդլայնեցինք թիմը, գրասենյակ բացեցինք, աշխատանքային լավ պայմաններ ապահովեցինք։

Որոշեցինք գնալ ներդրումային 2-րդ շրջափուլ, որը կատաստրոֆիկ դժվար էր, քանի որ կրիպտո շուկայում տատանումներ սկսվեցին ։ Ամիսներ տեւեց մինչեւ վերջնական գործարքը կարողացանք հաստատել եւ սկսել Delta Fund-ի հետ համագործակցությունը:

Արամ Քոչարյանը Արամ Քոչարյանը
photo © Մեդիամաքս


Մեր գործընկերների հետ լավ պրակտիկա ունենք. համագործակցությունից բացի, միմյանց նախագծերում փոխադարձաբար ներդրումներ ենք կատարում։

Թիմը

Թիմում 12 հոգի ենք, մի մասը Միացյալ Նահանգներում է, մնացածը՝ Հայաստանում։ Սկզբում մեզ համար կարեւոր էր վստահության բաղադրիչը։ Հիմնականում ընտրում ու աշխատանք էի առաջարկում ընկերներիս ու ծանոթ մարդկանց։

Արամ Քոչարյանը Արամ Քոչարյանը
photo © Մեդիամաքս


Հիմա արդեն ավելի հեշտացել է, քանի որ բոլոր աշխատանքային պայմաններն ապահովում ենք։ Ներկայում երեք բաց հաստիք ունենք` Lead Front-end ինժեների, ավագ C# ինժեների եւ ավագ UI/UX մասնագետի։ Կարեւորում ենք ճկունությունն ու տրամաբանությունը։

Առաջիկա ծրագրերը

Այժմ ունենք ավելի քան 20 հազար ակտիվ օգտատեր, որոնք նվազագույնն ամիսը մեկ ինչ-որ թրանզակցիա են իրականացնում: Ընդհանուր առմամբ, 30-ից ավելի տարբեր հարթակում կատարվել է 100 միլիոն դոլարի թրանզակցիա։

Որպես բիզնես ներկա վիճակում խնդիրներ շատ կան։ ՏՏ ոլորտում հիմա գոյատեւման խաղ է գնում, ով դիմացավ՝ կհաղթի։ Մեր թիմի համար կարեւոր է նաեւ ավելի մեծ շրջանակի մարդկանց ու երկրին օգուտ տալը։ Տարբեր կրթական ծրագրերում ներդրումներ ենք կատարում:

Արամ Քոչարյանը Արամ Քոչարյանը
photo © Մեդիամաքս


Նոր ներդրման հիմնական նպատակն է մոտ 2-3 տարվա ընթացքում կրկնապատկված թիմով առաջ գնալ ու եռանիշ աճ գրանցել։ Պետք է պատրաստվենք հաջորդ շրջափուլին՝ մեծացնելով աճի տոկոսը։

Նունե Գրիգորյան