18:06 | 08.11.22 | Նորություններ | 12111

Վիվա-ՄՏՍ-ը և FPWC-ն շարունակում են էկոհամակարգի պահպանման ծրագրերը

Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են հետևողական լինել էկոհամակարգի պահպանման հարցում:

Տարիների գործընկերները զգալի հաջողություն են արձանագրել իրականացրած ծրագրերի արդյունքում: Կազմակերպությունների ղեկավարները հերթական շրջայցով եղել են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (CWR), որը մասնավոր պահպանվող առաջին տարածքն է Հարավային Կովկասում:
Շուրջ երկու տասնամյակ իրականացված հետևողական աշխատանքը ցանկալի արդյունք է տվել: 300 հեկտար հողատարծքից հիմք դրված կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն այժմ Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունը ներկայացնող 30 000 հեկտար ապաստարան է:

Հերթական ծառատունկը էկոկրթական ծրագրի կարևոր բաղադրիչ է դարձել: Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, տարիներ շարունակ իրականացվել  է ծառատունկ, ստեղծվել են էկոկրթական ակումբներ, կազմակերպվել բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը միտված տեղեկատվական արշավներ:

«Որևէ ծրագրում կրթական բաղադրիչի առկայությունը երաշխավորում է երկարաժամկետ հաջողություն: Վաղվա սերունդը պետք է հնարավոր խնդիրների լուծմանը պատրաստ լինի ոչ թե դրանց առճակատվելուց հետո, այլ՝ միշտ: Երկրի էկոհամակարգի պահպանումը պետք է լինի յուրաքանչյուրի գիտակցված ընտրությունը: Ի վերջո, եթե մենք խոսում ենք առողջ ապրելակերպի մասին՝ ջանքեր պետք է գործադրենք այդ միջավայրի ձևավորման համար: Վիվա-ՄՏՍ-ն այդ արժեհամակարգի կրողն է՝ իր աշխատակիցների և բաժանորդների գիտակցված ընտրության և նվիրման շնորհիվ»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Ինչպես նաև, տարածքում ստեղծված ջերմատանը անտառվերականգնման նպատակով աճեցվում են բնիկ ծառատեսակներ: Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (CWR), առանձնահատուկ նշանակություն ունի Վայրի կենդանիների փրկարար կենտրոնը (WRC): Այստեղ հիմնադրամի ջանքերով անազատության դաժան պայմաններից փրկված արջերը վերականգնվում և հարմարեցվում վայրի բնություն վերադառնալուն։

Գործընկեր կազմակերպության ղեկավարները հետևել են էկոակումբի դասընթացներից մեկին, ինչպես նաև տարածքում տեղադրված թակարդ-տեսախցիկների աշխատանքին: