17:32 | 18.10.22 | Նորություններ | 1547
Հոկտեմբերի 14-ին Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC) կայացել է «Զրոյից մինչեւ հերոս» (From Zero to Hero) խաղերի մշակման ճամբարի Դեմո օրը։
Դեմո օրվա ընթացքում մասնակից թիմերը ներկայացրել են իրենց ստեղծած խաղերը: Ժյուրիի գնահատման արդյունքում հաղթող է ճանաչվել Sparrow Tomb թիմը, որին շնորհվել է 500․000 դրամ մրցանակ։
Երկու ամիս տեւողությամբ ծրագրի ընթացքում ուսանողները մասնակցել են խաղերի դիզայնի եւ խաղերի ծրագրավորման դասընթացների, ինչպես նաեւ խորացրել են իրենց գիտելիքները ձեռներեցության եւ մարքեթինգի ոլորտներում։
Նոր ձեռք բերած հմտությունները գործնականում կիրառելով՝ նրանք ստեղծել էին իրենց սեփական խաղերը, որոնք ներկայացրել են Դեմոյի օրվա ընթացքում:
Խաղերի մշակման ոլորտում երիտասարդների ներգրավվածության խթանմանն ու մասնագետների հաջորդ սերնդի պատրաստմանն ուղղված այս ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Enterprise Incubator Foundation (EIF) ) եւ Coca-Cola Video Game Lab-ի համագործակցության շրջանակում:
Ծրագրի գործընկերն է Khorata Games-ը։ Դեմո օրը կազմակերպվել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի հետ համագործակցությամբ։