17:03 | 07.10.22 | Նորություններ | 5937

Մարտահրավերները մեծ ընկերություն դառնալիս․ DISQO-ի ղեկավարների փորձը

Հոկտեմբերի 6-ին Թումո կենտրոնում տեղի է ունեցել DISQO-ի՝ տարվա ամենամասշտաբային միջոցառումը, որի համար Հայաստան էր ժամանել ընկերության ղեկավարների թիմը։ «Scaling Up: People, Tech, Product» խորագիրը ստացած հանդիպման ընթացքում նրանք լսարանի հետ են կիսվել տարիների փորձով ու ներկայացրել ընկերությունների հիմնական մարտահրավերները մասշտաբային դառնալու ճանապարհին։

iTel.am-ը ներկայացնում է հանդիպման մանրամասները։

Ձեռքբերումների վերադարձը համայնքին

Միջոցառման սկզբում DISQO-ի համահիմնադիրներ Դրո Քոչարյանը եւ Արմեն Աճեմյանը հարցուպատասխանի միջոցով քննարկեցին, թե ինչ է ընկերության վենչուրային կարգավիճակը, ինչ քայլ է անհրաժեշտ կատարել սկզբնավորման վաղ շրջանում եւ ինչպես է պետք փոխել բիզնեսի հանդեպ վերաբերմունքը, երբ ընկերությունը սկսում է ընդարձակվել։

photo © Մեդիամաքս


«Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում այժմ ընթացող գործընթացները շատ հետաքրքիր են։ Մի շարք ընկերություններ են հասունանում, շատ են քննարկումներն ու հանդիպումները ստարտափների զարգացման նախնական փուլերի մասին։ Միեւնույն ժամանակ մենք տեսնում ենք ընկերությունների, որոնք սկսում են մեծանալ։ Մեր միջոցառման նպատակը հենց դա էր՝ կիսվել մեր փորձով, թե ինչպես է փոքր ստարտափը դառնում մեծ ընկերություն։ Ընկերության ձեւավորման վաղ շրջանում շատ բաներ 0-ից ես ստեղծում, փորձում ես հասկանալ, թե ինչը ոնց է աշխատում, մինչդեռ ընդարձակման ժամանակ սովորում ես նույն գործողությունները 100 անգամ ավելի արագ ու արդյունավետ անել»,- ասել է Արմեն Աճեմյանը՝ հույս հայտնելով, որ իրենց փորձով փոխանակվելը կօգնի նոր ընդարձակվող ընկերություններին խուսափել մի շարք սխալներից։

Արմեն Աճեմյանը Արմեն Աճեմյանը
photo © Մեդիամաքս


Նա հավելել է, որ նման ձեւաչափով շփումներն իրենց համար եւս օգտակար են․ «Հարցուպատասխանի արդյունքում մենք ավելի լավ ենք ճանաչում մարդկանց ու մշակույթը, ինչի շնորհիվ էլ կարող ենք հասկանալ՝ ինչը պետք է ավելի լավ անենք հաջողության հասնելու համար»։

Դրո Քոչարյանն էլ ընդգծել է, որ դեռեւս զարգացման սկզբնական փուլում գտնվող ընկերություններին աջակցելով ու սեփական սխալներով ընկալված դասերը փոխանցելով՝ նրանք իրենց շնորհակալությունն են հայտնում հայաստանյան ՏՏ համայնքին։

Դրո Քոչարյանը Դրո Քոչարյանը
photo © Մեդիամաքս


«Մենք իսկապես շատ ոգեւորված ենք, որ կարող ենք տարիների ընթացքում մեր սովորած դասերով կիսվել մի համայնքի հետ, որը 2018 թվականի DISQO-ի երեւանյան գրասենյակի բացումից ի վեր աջակցել է մեզ։ Սա մեզ համար երախտապարտ լինելու միջոց է։ Հայաստանում տեխնոլոգիական միջավայրն արագ առաջ է ընթանում, եւ մենք երախտապարտ ենք, որ այս պատմության մի մասնիկն ենք»,- հավելել է նա։

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանի խոսքով՝ միջոցառումը կարեւոր է նաեւ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին հաջողված օրինակների եւ փորձի փոխանցման տեսանկյունից. «Նման օրինակները տալիս են մտածելու եւ զարգանալու հեռանկարներ, ինչպես նաեւ դիրքավորում Հայաստանը աշխարհի տեխնոլոգիական ոլորտում»:

DISQO-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Թանիա Սահակյանն էլ հավելել է. «Չնայած սահմանին ներկայիս լարված իրավիճակին, կարեւորելով DISQO-ի` Հայաստանում ոլորտային ներդրումներ անելու շարունակականությունը` ընկերության ղեկավար թիմը որոշում կայացրեց գալ Հայաստան եւ տեխնոլոգիական համայնքի համար իրականացնել այս միջոցառումը, որի նպատակն է ոլորտի մասնագետներին եւ ընկերություններին փոխանցել սեփական փորձը եւ հաջողության հասնելու ուղիների քարտեզը»:

Փոխակերպումները փոքրից մեծին անցնելիս

Միջոցառման քննարկումները երեք հիմնական թեմայի շուրջ էին՝ աշխատանքային մշակույթ, տեխնելոգիա և պրոդուկտ։ Բանախոսներից Քեւին Ուիթչերն (VP, Product/Enterprise Apps, DISQO) իր ելույթում ներկայացրել է մեկ պրոդուկտից հարթակ դառնալու ճանապարհի մարտահրավերները՝ խոսելով ամենաբարդ ու մարտահրավերային գործոնների մասին։

Քեւին Ուիթչերը Քեւին Ուիթչերը
photo © Մեդիամաքս


«Ստարտափները շատ տարբեր կերպ կարող են զարգանալ, դու երբեք չգիտես՝ ինչ կլինի հաջորդիվ, սակայն բաներ կան, որ անփոփոխ են մնում։ Դրանցից առաջնայինը հաճախորդի կարիքների մասին խորքային պատկերացումներ ունենալն է՝ անկախ նրանից, թե ինչ չափի ընկերություն ես։ Կարծում եմ, որ այս հարաբերություններում վստահությունը մշտապես պետք է երկկողմանի լինի։ Եթե ընկերությունը նախկինում ստեղծել է լավ պրոդուկտներ, նոր հաճախորդը պետք է վստահի այդ տվյալներին։ DISQO-ի մոտեցման դեպքում սա շատ գեղեցիկ է հյուսվում, քանի որ մենք աշխատում ենք ուղիղ սպառողների հետ եւ այդ կերպ ստեղծում փոխադարձ վստահության միջավայր մեր հաճախորդների ու նրանց սպառողների միջեւ»,- iTel.am-ի հետ զրույցում նշել է նա։

Շարունակելով Քեւին Ուիթչերի ելույթի թեման՝ Նիկոլաս Ուիվերը (VP, Engineering, DISQO) խոսել է պրոդուկտից հարթակ դառնալու ճանապարհի ինժեներական մարտահրավերների մասին։

Նիկոլաս Ուիվերը Նիկոլաս Ուիվերը
photo © Մեդիամաքս


«Ստարտափներում շատ բաղադրիչներ աշխատում են միայն փոքր լինելու պարագայում, իսկ երբ սկսում ես ընդարձակվել, դա աղետի է վերածվում։ Նման դեպքերում շատ տեղին է բարակ ոտքերով շան զուգահեռը․ շունը գիրանում է, սակայն ոտքերը բարակ են մնում ու այդպես չի կարողանում այլեւս արագ վազել։ Այս իրավիճակից խուսափելու համար պետք է ներդրում կատարել 3 հիմնական փոփոխության ուղղությամբ՝ մտածողություն, տաղանդ եւ հաղորդակցություն։ Եթե ստարտափի պարագայում դուք նստած եք մեկ սենյակում ու այդտեղ որոշումներ եք ընդունում, հասկանում հնարավորություններն ու լուծումները, ապա ընդլայնվելիս գործընթացներն այնքան են բարդանում, որ պետք է համակարգ ստեղծել, ենթակառուցվածքներ ու համայնք՝ զուգահեռաբար կարողանալով մարդկանց պահել ներգրավված որոշումների կայացման ու լուծումների ներդրման գործընթացներին։ Միեւնույն ժամանակ թիմի անդամները եւս պետք է մասնագիտական նոր մակարդակ ձեռք բերեն»,- մանրամասնել է նա։

Համագործակցային միջավայրի դերը

Լավ մասնագետների դերը մշտապես կարեւոր է, սակայն նրանց աշխատանքի արդյունավետության մեջ մեծ դեր ունի համագործակցային համապատասխան միջավայրը։

photo © Մեդիամաքս


«Վերջին տարիների ընթացքում միասին հավաքվելու գաղափարը շատ է փոփոխվել։ Բազմաթիվ ընկերություններ դեռեւս փորձում են հասկանալ աշխատանքի հեռավար կամ հիբրիդային ձեւերը եւ այն, թե ինչպես են դրանք փոխվում ժամանակի ընթացքում։ Կարծում եմ՝ այս տեսանկյունից շատ կարեւոր է մշտապես վստահ լինել՝ դու ճիշտ մասնագետի ես աշխատանքի ընդունել։ Ինչքան ընկերությունը մեծանում է, այնքան գործընթացները բարդանում են, եւ պետք է կարողանալ միասին հավաքվել՝ լուծելու առկա մարտահրավերները։ Գործընթացների բարդացմանը զուգընթաց՝ դու այլեւս չես կարող աշխատել որպես մեկ թիմ, որովհետեւ մյուս թիմերի աշխատանքի արդյունավետությունից քո աշխատանքը եւս կախված է, եւ պետք է ունենալ այդ համագործակցային միջավայրը, որտեղ մարդիկ կհավաքվեն ու միասին կկերտեն հաջողությունը»,- նշել է Արմեն Աճեմյանը։

photo © Մեդիամաքս


Հանդիպման ավարտին ներկաները բանախոսների հետ ազատ շփվելու հնարավորություն են ունեցել՝ հաստատելով նոր կապեր ու ստանալով հուզող հարցերի պատասխանները։

Գայանե Ենոքյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի