Սեւանի բազմագործառութային պետական քոլեջում նախատեսվում է ստեղծել տեխնոլոգիական ուսուցման կենտրոն։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ու «Օվերն-Ռոն-Ալպեր» հայկական ֆեդերացիայի (ՖԱԱՌԱԼՊ) միջեւ կնքվել է փոխըմբռնման հուշագիր։ Արարողությանը ներկա է եղել նաեւ Տեխնոլոգիական ուսուցման կենտրոնի տնօրեն Հագոպ Աժամյանը:
«Նոր ստեղծված Տեխնոլոգիական կրթության եւ ուսուցման կենտրոնը հագեցած կլինի տեխնոլոգիական ուսուցման համար անհրաժեշտ սարքավորումներով, հիմնված կլինի էլեկտրատեխնիկայի, էներգետիկայի եւ արդյունաբերության ավտոմատացման վրա, որոնք էլ իրենց հերթին կնպաստեն ռոբոտատեխնիկայի զարգացմանը:
Վստահ եմ, որ ՏՈՒԿ-ի գործունեությամբ Սեւանում կձեւավորվի ռեսուրս-կենտրոն, որի հնարավորություններից կարող են օգտվել նաեւ այս ոլորտում կրթություն իրականացնող մյուս ուսումնական հաստատությունները»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
«Հագոպ Աժամյանի շնորհիվ մենք որոշել ենք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության շրջանակում Հայաստանում Ֆրանսիայի օրինակով ներդնել տեխնոլոգիական ուսուցումը: Գաղտնիք չէ, որ տեխնոլոգիական ուսուցումը Ֆրանսիայում արագ է զարգանում, եւ մենք ցանկանում ենք մեր փորձն առայժմ փոխանցել Սեւանի տեխնոլոգիական ուսուցման կենտրոնին՝ հետագայում այն տարածելով ողջ Հայաստանում»,- նշել է «Օվերն-Ռոն-Ալպեր» հայկական ֆեդերացիայի նախագահ Գրեգուար Ատամյանը:
Նախատեսվում է իրականացնել նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական հաստատություններում տեխնոլոգիական ոլորտի կրթական ծրագրերի ֆրանսիական մոդելով մոդուլային ուսուցման փորձարկում, մշակել ուսումնամեթոդական եւ դիդակտիկ նյութեր, վերապատրաստել ադմինիստրատիվ եւ մանկավարժական կազմին, այդ թվում՝ համատեղ աշխատանքները կազմակերպելու համար ներգրավել նաեւ օտարերկրյա փորձագետների: