09:59 | 02.09.22 | Նորություններ | 1649
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը եւ FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանի ստորագրել են համագործակցության համաձայնագիր «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» (Generation AI) ծրագրի իրականացման մասին:
Վահրամ Դումանյանը նշել է, որ «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» ծրագրով հիմք կդրվի Հայաստանի մի շարք ավագ դպրոցներում արհեստական բանականության կրթության կազմակերպմանը, որի մեկնարկը կտրվի Տավուշի մարզից:
«Մենք շատ ենք կարեւորում այս համագործակցությունը, քանի որ արհեստական բանականությունը դիտարկում ենք որպես առաջմղիչ ոչ միայն կրթական համակարգում ներդնելու, այլ նաեւ մեր աշակերտներին մրցունակ գիտելիք տրամադրելու առումով: Հուսով ենք, որ շատ կարճ ժամանակում ծրագիրը կտարածվի ամբողջ հանրապետության դպրոցներում եւ մենք կկարողանանք միասին իրականացնել համակարգային փոփոխություն»,-նշել է Արմեն Օրուջյանը:
«Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» ծրագրի շրջանակում 2023 թվականի հունվարից Երեւանի ու Տավուշի մի քանի ավագ դպրոցների աշակերտներ հնարավորություն կունենան ուսումնասիրելու խորացված մաթեմատիկա, ծրագրավորում, ծանոթանալու մեքենայական ուսուցման եւ խորը ուսուցման հիմունքներին, ինչպես նաեւ ստանալու անհրաժեշտ հմտություններ ու մասնագիտական կողմնորոշում՝ արհեստական բանականության (ԱԲ) հետազոտողի մասնագիտության հանդեպ հետաքրքրության բարձրացման եւ այս ուղղությամբ հետագա կրթությունը շարունակելու համար։