16:24 | 16.08.22 | Նորություններ | 1945

WeWork-ի համահիմնադրի նոր ստարտափը մինչեւ մեկնարկը հավաքել է $350 միլիոն՝ գնահատելով 1 միլիարդ դոլար

WeWork համատեղ աշխատանքային ցանցի հիմնադիր Ադամ Նյումանի նոր Flow ստարտափը մոտ 350 միլիոն դոլար է ստացել Andreessen Horowitz վենչուրային ֆոնդից, գրում է The New York Times-ը։ Ընկերության արժեքը գերազանցել է 1 միլիարդ դոլարը նույնիսկ պաշտոնական մեկնարկից առաջ:

Ադամ Նյումանն ԱՄՆ-ում հազարավոր բնակարաններ է գնել՝ վարձակալության շուկայում ծառայություն սկսելու համար: Նյումանը, նույնպես նախատեսում է ներդրումներ կատարել Flow-ում իր անձնական միջոցներից։ Ծրագրի համաձայն՝ ստարտափը կգործարկվի 2023 թվականին։ Andreessen Horowitz-ում նշել են, որ «ոգեւորված են Ադամ Նյումանի եւ Flow-ի գործընկերների հետ համագործակցությամբ», սակայն չեն հայտնել ներդրումների հստակ չափը:

Այս տարվա սկզբին Նյումանի հետ կապված կազմակերպությունները սկսել են անշարժ գույք գնել Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 1 միլիարդ դոլարով: Ըստ WSJ-ի՝ ձեռնարկատերը խոսել է ընկերություն ստեղծելու ծրագրերի մասին, որը «կցնցի» անշարժ գույքի վարձակալության շուկան։

Նյումանը մի քանի քաղաքում գնել է ավելի քան 3000 բնակարան։ Flow-ն  կկառավարի այս գույքը եւ կառաջարկի իր ծառայությունները ուրիշներին: Նախագծի կոնկրետ մանրամասները չի հաջողվել պարզել։ Նյումանը ցանկանում է ստեղծել բնակարանների ճանաչելի բրենդ՝ բոլոր հարմարություններով հագեցած եւ հույսը դնում է այն երիտասարդ մասնագետների վրա, որոնք արդեն ներգրավված են WeWork-ի համատեղ աշխատանքային տարածքներում:

Նյումանը հիմնել է WeWork համատեղ աշխատանքային տարածքների ցանցը 2010 թվականին եւ թողել է գլխավոր տնօրենի պաշտոնը 2019 թվականին՝ ներդրողների պահանջով: WeWork բիզնես մոդելի կենսունակության վերաբերյալ ներդրողների կասկածների պատճառով ընկերության արժեւորումը $47 մլրդ-ից իջել է $20-30 մլրդ-ի, իսկ IPO-ն հետաձգվել էր։ WeWork-ն այժմ արժե մոտ 4,4 միլիարդ դոլար: