TikTok-ի մայր ընկերություն ByteDance-ը TikTok Music-ի համար ապրանքանիշի հայտ է ներկայացրել ԱՄՆ արտոնագրերի եւ ապրանքանիշերի գրասենյակ:
Հաշվի առնելով, թե որքանով է փոխկապակցված երաժշտության բացահայտումը TikTok-ի հետ, զարմանալի չէ, եթե ընկերությունը գործարկի երաժշտության հեռարձակման սեփական հավելվածը: Insider-ի բացահայտած արտոնագրային փաստաթղթերը հուշում են, որ TikTok-ն աշխատում է հենց դրա վրա:
Ըստ ներկայացված տվյալների՝ ծառայությունը թույլ կտա օգտատերերին գնել, լսել, կիսվել եւ ներբեռնել երաժշտություն:
Այն նաեւ թույլ կտա օգտվողներին ստեղծել, կիսվել եւ առաջարկել երգացանկեր, մեկնաբանել երաժշտությունը, ինչպես նաեւ աուդիո եւ վիդեո ուղիղ հեռարձակում անել, գրում է The Verge-ը։
ByteDance-ն արդեն երաժշտության ստրիմինգային ծրագրի փորձ ունի: 2020 թվականին ByteDance-ը գործարկել է երաժշտության հոսքային հավելված՝ Resso, Հնդկաստանում, Բրազիլիայում եւ Ինդոնեզիայում: Resso-ն ունի TikTok Music-ում նկարագրված մի քանի առանձնահատկություն, ինչպիսիք են երգացանկեր ստեղծելու, երգերով սոցիալական ցանցերում կիսվելու եւ համայնքի հետ շփվելու հնարավորությունը: