17:23 | 25.07.22 | Նորություններ | 1808

Հայտնի է «ԴիջիՔեմփ» եռամրցաշար-ճամբարի հաղթող թիմի անունը

Հուլիսի 25-ին ամփոփվել են «ԴիջիՔեմփ» եռամրցաշար-ճամբարի արդյունքները, որին մասնակցում էր 168 դպրոցական Հայաստանի մարզերից, Արցախից եւ Ջավախքից։

«Միտք - Մշակույթ - Մարմնակրթություն» խորագիրը կրող ճամբարի նպատակն էր նպաստել 14-17 տարեկան դպրոցականների նորարարական գաղափարների, ինչպես նաեւ արդեն ստեղծված նախագծերի առաջխաղացմանը՝ միաժամանակ կարեւորելով մշակութային ժառանգության փոխանցումը եւ մարմնակրթության զարգացումը։

Ճամբարին որպես մենտորներ ներգրավվել էին ծրագրավորողներ, ճարտարագետներ, ստարտափների զարգացման մասնագետներ, պարուսույցներ եւ ֆուտբոլի մարզիչներ, ովքեր ամբողջ ընթացքում աշխատել են թիմերի հետ եւ պատրաստել նրանց մրցույթներին։

Եռամրցաշարի առաջին հորիզոնականում հաղթող է ճանաչվել Սյունիքի մարզի «Զանգեր» թիմը։ Որպես մրցանակ թիմին հանձնվել է Եռամրցաշարի գավաթը, ինչպես նաեւ դրամական պարգեւ՝ 300.000 դրամի չափով։ Երկրորդ տեղում էր Երեւանի Bus tracker թիմը (220.000 դրամ)։ Երրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի չորս մարզերից անդամներ ունեցող «Ալիբի» թիմը՝ (150.000 դրամ)։

Նորարական տեխնոլոգիական գաղափարների մրցույթում առաջին տեղում էր «Զանգեր» թիմը (180.000 դրամ)։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Bus tracker թիմը (140.000 դրամ)։ Երրորդ տեղում Վանաձորի «Իրուր հետ» թիմն էր (100.000 դրամ)։

Հայկական ազգագրական պարերի մրցույթում առաջին տեղը զբաղեցրել է «Է-հարթ» թիմը Երեւանի Իրական դպրոցից։ Երկրորդ տեղում էր Light is power թիմը Գեղարքունիքի մարզի Լուսաղբյուր գյուղից, իսկ երրորդ տեղում՝ Գյումրու In the Fly թիմը։ Բոլոր անվանակարգերը զբաղեցրած թիմերի անդամները ստացել են «Խորոտ» ապրանքանիշի նվեր-քարտեր։

Մինի ֆուտբոլի առաջնությունում առաջին հորիզոնականը զբաղեցրել է «Ջավախք» թիմը, որպես մրցանակ թիմի անդամներին հանձնվել է առաջնության գավաթը։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Աշոցքի Arm QR-GUIDE ath թիմը։ Երրորդ տեղում էր «Կանաչ տուն» թիմը՝ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքից։ Բոլոր թիմերին հանձնվել են նաեւ խորհրդանշական նվերներ։

«ԴիջիՔեմփ» եռամրցաշար-ճամբարը այս ամառ ԱՏՁՄ կողմից կազմակերպվող չորս ճամբարներից մեկն էր, որն այս ձեւաչափով անցկացվել է առաջին անգամ։