14:33 | 09.07.22 | Նորություններ | 1662
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադան», որի տեխնոլոգիական գործընկերը Team Telecom Armenia-ն է։
Հուլիսի 10-18-ը Օլիմպիադային մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու աշխարհի 64 երկրի աշակերտական պատվիրակություններ, միջազգային ժյուրիի ներկայացուցիչներ, դիտորդներ, ինչպես նաեւ օլիմպիադայում նախորդ տարի հաղթած աշակերտներ։
Դպրոցականների ամենահեղինակավոր մրցույթի սահուն ընթացքն ապահովելու համար Team Telecom Armenia-ն տրամադրել է անհրաժեշտ տեխնիկական ու թվային բոլոր լուծումները։
«Մեզ համար կարեւոր է լինել նախագծերի կողքին, որոնք դիրքավորում են Հայաստանի անունը աշխարհի կրթական ու գիտական քարտեզի վրա։ Հուսով եմ՝ այս օլիմպիադան կմեծացնի կենսաբանության հանդեպ հետաքրքրվածությունը հայ պատանիների շրջանում ու կմոտիվացնի նրանց է՛լ ավելի ակտիվ եւ հաստատուն քայլերով առաջ գնալ»,- նշել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Օլիմպիադայի շրջանակում անցկացվելու է երկու քննություն՝ տեսական եւ գործնական (յուրաքանչյուրը՝ 7 ժամ տեւողությամբ)։ Ժյուրիի անդամների աշխատանքը կազմակերպվելու է OlyExams ծրագրի միջոցով, որը նախատեսված է գիտական օլիմպիադաների քննական ընթացքն ապահովելու համար։
«Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադան» ամենամյա մրցույթ է՝ նախատեսված ավագ դպրոցի աշակերտների համար։ Հայաստանի աշակերտները 2009 թվականից սկսել են մասնակցել օլիմպիադային։ Մասնակիցների ընտրությունը կատարվում է մի քանի փուլով․ դպրոցական, համայնքային, մարզային եւ հանրապետական օլիմպիադաներից հետո ընտրվում են ամենաբարձր գիտելիքներով աչքի ընկած աշակերտները, եւ նրանցից կազմվում է օլիմպիական խմբակ, որտեղ էլ շարունակվում են ուսումնակրթական դասընթացները, որոնց հաջորդող ընտրողական երկու-երեք փուլերից հետո որոշվում է մասնակիցների վերջնական ցանկը։