10:52 | 26.05.22 | Նորություններ | 2186

ՀՕՖ-ը 27 դրամաշնորհ է տրամադրել գիտնականներին

Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) հովանու ներքո գործող Երվանդ Թերզյանի անվան Գիտության եւ կրթության հայկական ազգային հիմնադրամն (ԳԿՀԱՀ-ANSEF) անցկացրել է դրամաշնորհների տրամադրման արարողությունը։

2000 թվականից գործող ԳԿՀԱՀ-ի հետազոտական խորհուրդն այս տարի ներկայացված 139 գիտական հայտերից հաղթող է ճանաչել 27-ը։ Ընտրված 27 դրամաշնորհներից երկուսը ֆինանսավորվել են ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի եւ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի կողմից։

27 գիտական խմբերի ղեկավարներից 12-ը մինչեւ 35 տարեկան երիտասարդներ են, 19-ը՝ կանայք, իսկ խմբերում ընդգրկված գիտնականների ընդհանուր թիվը 88 է։

Հաղթողներին ընտրում է ԱՄՆ-ում գործող փորձագիտական հանձնախումբը:

Յուրաքանչյուր դրամաշնորհի գումարը կազմում է 5000 դոլարին համարժեք դրամ:

ԳԿՀԱՀ-ի դրամաշնորհներով կատարվելիք հետազոտություններն ընդգրկում են գիտության տարբեր ոլորտները:

13 դրամաշնորհ են ստացել կենսաբանության ոլորտը հետազոտելու հայտերը, 7 դրամաշնորհ՝ քիմիայի, 2-ը՝ ֆիզիկայի, 2-ը՝ աստղաֆիզիկայի, 1-ական՝ կենսատեխնոլոգիայի, կենսաինֆորմատիկայի եւ կենդանաբանության։

Անցած 22 տարիների դրամաշնորհներ են ստացել 567 գիտական խմբեր, որոնցում ընդգրկված է եղել մոտ 2 100 գիտնական: Ծրագրի դրամաշնորհային ընդհանուր գումարը կազմել է 2 մլն 835 հազար դոլար: