15:26 | 19.05.22 | Նորություններ | 1254

Երեւանում ներկայացվել է SIT ինստիտուտի MSc CSSE մագիստրոսական ծրագիրը

Այսօր Երեւանում ներկայացվել է Շաֆհաուզենի տեխնոլոգիական ինստիտուտի (SIT) եւ Բրեմենի Յակոբսի համալսարանի (JUB) համատեղ առաջարկվող հարստացված մագիստրոսական ծրագիրը:

SIT-ի միջոցառումների բաժնի ղեկավար Բոյանա Միլոշեւիչն ասել է, որ համակարգչային գիտության եւ ծրագրային ապահովման ճարտարագիտության մագիստրոսական ծրագիրը (MSc CSSE) ուսանելու երկու վայր է առաջարկում՝ Շաֆհաուզենը Շվեյցարիայում եւ Բրեմենը Գերմանիայում: Այն տրամադրում է ժամանակակից գիտելիքներ քվանտային հաշվարկների, խելացի ինքնավար համակարգերի, արհեստական բանականության, կիբերանվտանգության եւ ծրագրային ապահովման ճարտարագիտության ոլորտներում:

Սա միակ մագիստրոսական ծրագիրն է, որը համատեղում է համակարգչային գիտության, ծրագրային ապահովման եւ առաջնորդության ոլորտները: Սովորաբար այս ուղղությունները միասին չեն ներկայացվում:

photo © Մեդիամաքս


SIT-ի մեծ համայնքը ներառում է մի շարք գիտնական և հետազոտական կենտրոններ ու համալսարաններ, ինչպես նաև բիզնես կազմակերպություններ: Մեր ուսանողներն այդ ընկերություններում ունեն պրակտիկայի, իսկ ավարտելուց հետո նաեւ աշխատանքի անցնելու հնարավորություն:

SIT-ի հիմնադիրը եւ հոգաբարձուների խորհրդի նախագահը դոկտոր Սերգ Բելն է (Սերգեյ Բելոուսով՝ հեղ.), որը Runa Capital եւ Acronis տեխնոլոգիական ընկերությունների հիմնադիրն է:

photo © Մեդիամաքս


Շաֆհաուզենի տեխնոլոգիական ինստիտուտի էկոհամակարգը կարելի է բաժանել երկու մասի՝ շահույթ չհետապնդող եւ շահույթ հետապնդող: Առաջին բաղադրիչը կազմում են Շաֆհաուզենի տեխնոլոգիական ինստիտուտը եւ Բրեմենի Յակոբսի համալսարանը, որտեղ միջառարկայական մոտեցմամբ դասավանդվում են գիտության, ձեռներեցության եւ առաջնորդության ուղղությունները:

Շահութաբեր բաղադրիչում քվանտային տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության ոլորտներում գործող մի քանի ընկերություններ են՝ SIT բիզնես ծառայությունները, SIT Alemira-ն, SIT Rolos-ը, SIT Academy-ն, SIT Capital-ը, SIT Start Garden-ը եւ SIT Autonomous-ը:

SIT-ի հոգաբարձուների խորհրդի անդամների թվում են Ֆիզիկայի բնագավառում ամենաերիտասարդ Նոբելյան մրցանակակիր Կոստյա Նովոսելովը, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Միխիայիլ Լուկինը, Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր Մարկ Քամլետը, Գերմանիայի արհեստական բանականության հետազոտության կենտրոնի գործադիր տնօրեն եւ գիտական ղեկավար Վոլֆգանգ Վասթերը:

photo © Մեդիամաքս


Համակարգչային գիտության եւ ծրագրային ապահովման ճարտարագիտության մագիստրոսական ծրագրում ուսանելու արժեքը ինչպես Գերմանիայի, այնպես էլ Շվեյցարիայի կամպուսում կազմում է տարեկան 20 000 եվրո: Ուսանողներն ունեն վարձավճարի ինչպես ամբողջական, այնպես էլ մասնակի փոխհատուցում ստանալու հնարավորություն: Կրթաթոշակի չափը տատանվում է 4 000-12 000 եվրոյի սահմաններում: Այս կրթաթոշակների համար դիտարկվում են բոլոր հայտատուները՝ հիմնված իրենց միջին ակադեմիական գնահատականի վրա (GPA):

Ծրագրին առնչվող ճանապարհորդական ծախսերը հոգում են SIT-ն եւ JUB-ը:

«Մենք ունենք հատուկ առցանց մրցույթ ամբողջական ֆինանսական աջակցությունը ստանալու համար: Դա տեղի է ունեցել ապրիլին եւ ամեն տարի կրկնվում է: Մեր համալսարան դիմել ցանկացող ուսանողները այդ մրցույթի շրջանակում պետք է 4 ժամում լուծեն ալգորիթմական խնդիրներ եւ առաջին 15-ը շահում են ամբողջական կրթաթոշակ», - ասել է Բոյանա Միլոշեւիչը:

Բոյանա Միլոշեւիչը Բոյանա Միլոշեւիչը
photo © Մեդիամաքս


Մագիստրոսական ծրագիրը հասանելի է բակալավրիատի այն ուսանողների համար, որոնք լավ գիտելիքներ ունեն համակարգչային գիտություն առարկայից: Դիմելու վերջնաժամկետը 2022 թվականի հունիսի 1-ն է, իսկ վիզայի կարիք չունեցողների համար՝ հուլիսի 15-ը: Ծրագրին առավել մանրամասն ծանոթանալ եւ դիմել կարող եք հետեւյալ հղումով: