Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը ձեռք է բերել Twitter-ի 9,2% բաժնետոմսերը՝ 2,9 միլիարդ դոլար արժողությամբ։ Սա նրան դարձնում է ընկերության ամենամեծ բաժնետերը․ այժմ Մասկը չորս անգամ ավելի բաժնետոմս ունի, քան Twitter-ի հիմնադիր Ջեք Դորսին (2,25%):
Այս լուրի տարածումից անմիջապես հետո Մասկը թվիթերյան իր էջում հարցում է սկսել, թե արդյոք իր հետևորդները կցանկանան տեսնել խմբագրման կոճակ Twitter-ում։ Ընտրողների ճնշող մեծամասնությունը կողմ է քվերակել նման գործառույթին:
Do you want an edit button?
— Elon Musk (@elonmusk) April 5, 2022
Մասկի այս «անմեղ» հարցումն ընկերության ներսում կարող է սկիզբ դնել նոր սկանդալների և անհամաձայնությունների։ Twitter-ի օգտատերերի մի մասը Մասկի գրառումը խմբագրման կոճակի մասին համարում է սադրիչ գրառումների նոր սկիզբ թվիթերի ծառայությունների վերաբերյալ։
Խմբագրման ֆունկցիայի շուրջ քննարկումները ծավալվում են տարիներ շարունակ։ Twitter-ի շատ օգտատերեր երկար ժամանակ կոչ են արել ավելացնել նման ֆունկցիա, սակայն ընկերությունը միշտ հրաժարվում է նման գործառույթի ներդրումից:
Twitter-ի գործադիր տնօրեն Ջեք Դորսին ասել է, որ իր թիմը «շատ է մտածել» այդ ուղղությամբ, սակայն պնդել է, որ չեն կարող ստեղծել այնպիսի բան, որը շեղում է կամ ինչ-որ բան է հեռացնում հանրային գրառումից։
Ջո Ռոգանի հանրահայտ փոդքաստում Դորսին դեռևս 2019-ին նշել էր, որ եթե Twitter-ը երբևէ առաջարկի խմբագրման կոճակ, այն հավանաբար թույլ չի տա օգտատերերին խմբագրել վաղ անցյալի կամ նույնիսկ նոր հրապարակված թվիթները:
Փոխարենն այն հավանաբար կառաջարկի «հրապարակման 5-ից 30 վայրկյան ուշացում», ինչպես որոշ էլ․ փոստի ծառայություններ առաջարկում են չեղարկելու հնարավորություն ուղարկելուց վայրկյաններ անց: Այդպիսով, հնարավոր կլիներ վերանայել հրապարակման որոշումը:
Մասկի զգալի մասնաբաժինն ընկերությունում և նրա Twitter-ի՝ որպես սոցիալական հարթակի վերաբերյալ վերջին քննադատությունները, ներառյալ այն հարցը, թե արդյոք հարթակը հավատարիմ է խոսքի ազատությանը, ցույց են տալիս, որ նա կարող է որոշակի վերահսկողություն իրականացնել ընկերության նկատմամբ:
Ի դեպ, այս տարի Twitter-ի պաշտոնական էջում որպես ապրիլմեկյան կատակ «Մենք աշխատում ենք խմբագրման կոճակի վրա» բովանդակությամբ թվիթ է հրապարկվել: