14:33 | 25.03.22 | Նորություններ | 1897

«Սինոփսիս Արմենիան» ներկայացրել է «Արհեստական բանականություն» դասընթացը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի եւ կրթական դեպարտամենտի ղեկավար Վազգեն Մելիքյանի, ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանի եւ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանի հետ քննարկել է
«Արհեստական բանականություն» դասընթացը հիբրիդային ձեւաչափով ավագ դպրոցներում ներդնելու հնարավորությունը։

Երվանդ Զորյանը ներկայացրել է «Արհեստական բանականություն» դասընթացի նպատակներն ու գործիքները՝ ընդգծելով, որ այն մշակվել է աշխարհի լավագույն փորձի հիման վրա։ Նրա խոսքով՝ ՀՀ բոլոր բնակավայրերում կրթության հասանելիության ապահովման համար այն մշակվել է նաեւ առցանց ձեւաչափով։

Դասընթացը երեք տարվա ծրագիր է՝ նախատեսված ավագ դպրոցների համար, ներառում է նաեւ թեստավորման մաս, ինտերակտիվ հարցեր եւ նախագծային աշխատանք։

«Ժաննա Անդրեասյանը պարզաբանել է, որ ծրագիրը պետք է ներկայացվի Կրթության զարգացման եւ նորարարությունների ազգային կենտրոն՝ փորձաքննության համար, եւ դրական եզրակացության դեպքում երաշխավորվի ԿԳՄՍ նախարարության կողմից։
Համապատասխան պայմանների առկայության դեպքում դպրոցը կարող է օգտագործել դասընթացը», - ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաեւ «Ինֆորմատիկա» առարկայի ուսուցիչների վերապատրաստման, նոր չափորոշչով սահմանված «Թվային գրագիտություն եւ համակարգչային գիտություն» առարկայի դասավանդման վերաբերյալ մի շարք հարցեր։

«ԿԳՄՍ նախարարությունը նմանօրինակ համագործակցություն ունի նաեւ FAST հիմնադրամի հետ։ Նոր ծրագիրն ուղղված է ավագ դպրոցներում աշակերտների` արհեստական բանականության եւ տվյալագիտության ոլորտներում պատրաստվածության բարձրացմանը», - ասված է հաղորդագրության մեջ: