Staff.am կարիերայի օնլայն հարթակը հրապարակել է 2021թ. Հայաստանի աշխատաշուկայի ակտիվության վերլուծության զեկույցը:
Զեկույցի հիմնական շեշտադրումն աշխատաշուկայի փոփոխությունն է՝ 2020թ. կորոնավիրուսի համավարակով ու Արցախյան պատերազմով պայմանավորված:
Վերլուծությունն իրականացրել է Staff.am-ը՝ սեփական տվյալների, ուսումնասիրությունների ու հարցումների արդյունքում հավաքագրված տվյալների հիման վրա: Օգտագործվել է նաեւ ՀՀ Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված պաշտոնական տեղեկատվությունը: Զեկույցում առաջին անգամ ներառվել է աշխատաշուկայի հետ կապված մակրոտնտեսական ցուցանիշների վերլուծություն, որը կատարել է «Մոդեքս» ընկերությունը:
Ըստ զեկույցի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, դժվարություններից անկախ, կայուն աճ է գրանցում:
ՏՏ ոլորտի աշխատաշուկայի առանձնահատկությունների, պահանջների ու դժվարություններին դիմակայելու կարողության մասին Itel.am-ը զրուցել է զեկույցի հեղինակ, Staff.am-ի համահիմնադիր Լուիզա Ավետիսյանի հետ:
- 2021թ. ընթացքում ամենամեծ համալրում ունեցող 20 ընկերություններից 11-ը ՏՏ ոլորտից են, բոլոր թափուր աշխատատեղերի մոտ 50%-ը բաժին է ընկնում այս ոլորտին եւ այն շարունակում է լինել ամենալավ վարձատրվողը Հայաստանում: Ի՞նչն է թույլ տալիս ոլորտին շրջանցել ճգնաժամն ու կայուն աճ գրանցել:
- Ցանկացած ճգնաժամ նաեւ նոր հնարավորություն է: Կարող ենք ասել, որ 2020թ.-ը ՏՏ ոլորտին ավելի շատ հնարավորություններ բերեց, քան ճգնաժամ: Իհարկե, պատերազմի հետ կապված իրավիճակն այս ոլորտի վրա էլ հետք թողեց, բայց դրան կանդրադառնամ քիչ անց: Հնարավորությունների մասին խոսքս ավելի շատ համավարակին է վերաբերում:
photo © Staff.am
Համավարակի հետեւանքով շատ ոլորտներ կանգնեցին թվայնացման ու օպտիմալացման անհետաձգելի պահանջի առաջ: Գործընթացները, որոնք թվայնացված չէին կամ կիսաթվայնացված էին, այլեւս չէին աշխատում ու բոլոր ոլորտներից ՏՏ մասնագետների ու թվայնացման պահանջարկի աճ գրանցվեց: Բացի այդ, համավարակով պայմանավորված, շատ ծառայություններ դարձան օնլայն ու սա եւս մեծ շուկա բացեց ՏՏ ստարտափների ու ընկերությունների համար: Գլոբալ աշխատաշուկայի տեսանկյունից, մենք դարձանք դրա ավելի ինտեգրված մասնիկն ու շատ ընկերություններ սկսեցին Հայաստանում հեռավար աշխատակիցներ փնտրել, մեր ՏՏ մասնագետները սկսեցին համագործակցել ավելի շատ արտասահմանյան ընկերությունների հետ:
Այսինքն, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի համավարակը լավ հնարավորություն էր ՏՏ ոլորտի համար:
Ինչ վերաբերում է պատերազմին, այն, իհարկե, անդրադարձավ, բայց մեծ ազդեցություն չունեցավ ոլորտի վրա, որովհետեւ Հայաստանում շատ են արտերկրում հիմնված ու այստեղ մասնաճյուղ ունեցող ՏՏ ընկերությունները: Հենց հայկական ՏՏ ընկերությունների արտադրանքը եւս հիմնականում արտահանվում ու վաճառվում է այլ շուկաներում:
- «Դասական» համարվող ծրագրավորողի մասնագիտությունից բացի, 2021թ.-ին աճել են ՏՏ նեղ մասնագիտական ուղղություններ եւս՝ որակի կառավարում (QA), DevOps, պրոդուկտի եւ նախագծերի կառավարում։ Այս միտումն օրինաչա՞փ է՝ հաշվի առնելով ոլորտի ընդհանուր աճը: - Միանշանակ, օրինաչափ է: Նույնիսկ կասեի, որ այստեղ գործում է դոմինոյի էֆեկտը:
photo © Staff.am
ՏՏ ոլորտը բավականին բարդ համակարգ է, նեղ մասնագիտական բազմաթիվ ուղղություններ ունի: Որպեսզի այդ ամբողջը սինխրոն աշխատի, բավարար չեն միայն ծրագրավորողները, անհրաժեշտ են այլ մասնագետներ՝ նախագծի մենեջերներ, պրոդուկտի ղեկավարներ, որակի կառավարման մասնագետներ: Այնպես որ, ունենք դոմինոյի էֆեկտ, որը սկսվել է ծրագրավորողներից եւ շարունակվում է՝ ընդգրկելով ՏՏ ոլորտի ավելի մեծ շրջանակ:
- Ըստ զեկույցի՝ ՏՏ ոլորտը միակն է, որ թռիչքային աճ է ապահովում սկսնակ մասնագետների համար՝ թե՛ աշխատավարձի, թե՛ հետագա մասնագիտական աճի առումով: Ինչո՞վ է սա պայմանավորված: - Ամբողջ աշխարհում է այդպես: Բուհերը, կրթական այլ կառույցները վաղուց չեն հասցնում ՏՏ նոր մասնագետների բացը լրացնել: Երբ գործ ունենք նման դինամիկ աճ ունեցող ոլորտի հետ, ամեն ինչն է դինամիկ աճում, այդ թվում՝ մասնագետները սկսնակ մակարդակից:
photo © Staff.am
Եթե համեմատենք, օրինակ, բանկային ոլորտի հետ, որը Հայաստանում արդեն բավականին կայացած է ու հետեւաբար՝ ոչ այնքան դինամիկ զարգացող, այստեղ մասնագիտական աճ գրանցելու համար սկսնակ մասնագետից մի քանի տարի կպահանջվի: ՏՏ ոլորտում ամեն ինչ ավելի արագ է, բայց պահանջները եւս տարբեր են: Այս ոլորտ մտնող մասնագետը պետք է պատրաստ լինի անընդհատ սովորել, արագ ադապտացվել փոփոխություններին: Այսինքն, գործատու-մասնագետ պահանջները երկկողմանի են. մասնագետը պետք է անընդհատ աշխատի իր վրա, ինչն էլ կստանա իր արձագանքը՝ մասնագիտական, աշխատավարձի աճի առումով:
Այս միտումը կշարունակվի այնքան, քանի դեռ ՏՏ ոլորտը նույնպես չի դառնա կայացած ու ինչ-որ առումով կայունացած Հայաստանում:
- Հայաստանում հեռավար աշխատանքի ամենամեծ տոկոսը եւս (64%) բաժին է հասնում ՏՏ ոլորտին: Միաժամանակ, զեկույցում նշված է, որ ՏՏ գործատուները սկսել են կարեւորել աշխատակցի ոչ միայն մասնագիտական, այլեւ soft (փափուկ) հմտությունները՝ ժամանակի կառավարում, անկախ աշխատելու կարողություն: Այս միտումը կապվա՞ծ է հեռավար աշխատանքի հետ: - Ե՛վ այո, ե՛ւ ոչ: Հեռավար աշխատանքն ինչ-որ առումով ունեցել է իր ազդեցությունը, բայց soft հմտություններին միշտ են ուշադրություն դարձրել: Հեռավար աշխատանքով եւ ճգնաժամով պայմանավորված, փոխվել են առաջնահերթությունները, թե անձնային որ հմտություններն են ավելի կարեւոր:
photo © Staff.am
Օրինակ՝ անկախ աշխատելու կարողությունը, փոփոխություններին արագ հարմարվելու հմտությունը, ժամանակի ճիշտ կառավարումը, բավականին մեծ կարեւորություն են ստացել հենց համավարակի ազդեցության տակ: Ինչո՞ւ են ՏՏ ոլորտում գնալով ավելի կարեւոր դառնում անձնային հմտությունները, որովհետեւ բացի դինամիկ աճից, ոլորտը գնում է դեպի որոշակի հասունություն: Որքան կայացած ու հասուն է ոլորտը, այնքան դրանում կարեւորում են ոչ միայն ստացած արդյունքը, այլեւ դրան հասնելու ճանապարհը: Նման մոտեցումը թույլ է տալիս, որ ստացած արդյունքը լինի երկարաժամկետ ու կայուն:
Բոլոր խոշոր ՏՏ ընկերությունները մեծ ներդրումներ են կատարում իրենց թիմերն ավելի երջանիկ դարձնելու մեջ, ուշադրություն են դարձնում soft հմտություններին, որպեսզի ձեւավորվի կորպորատիվ ճիշտ մշակույթ, ու մարդիկ հաճույք ստանան իրենց աշխատանքից, հետեւաբար, այն ավելի լավ կատարեն:
photo © Staff.am
Այսպիսով, ՏՏ ոլորտում soft հմտությունները միշտ են կարեւոր եղել, համավարակով պայմանավորված պարզապես փոխվել են առաջնահերթությունները:
- Դուք կանխատեսում եք, որ 2022թ.-ին ոլորտի ակտիվ աճը կշարունակվի, ինչի արդյունքում կշարունակվի նաեւ ավելի «ավանդական» ոլորտներից մասնագետների հոսքը դեպի ՏՏ: Սա վտանգավոր չէ՞ այլ ոլորտների համար: - Եթե իրավիճակը դիտարկենք կարճաժամկետ հեռանկարում՝ այո՛, բացասական ու վտանգավոր միտում է: Կան ոլորտներ, որոնք «դատարկվում են»: Բայց, եթե նայենք երկարաժամկետ հեռանկարում, հարց կառաջանա՝ իսկ ինչո՞ւ են դատարկվում: Որովհետեւ, գուցե, նման մասնագետների մեծ պահանջարկ չկա, կամ պահանջարկ կա, բայց ոլորտը ճգնաժամի մեջ է: Պետք է ոչ թե քննարկել՝ մասնագետների հոսքը դեպի ՏՏ լա՞վ է, թե՞ վատ, այլ հարց տալ՝ ինչո՞ւ են նրանք ձգտում դեպի այդ ոլորտ: Այս հարցի պատասխանը շատ կարեւոր է մյուս ոլորտները եւս մրցակցային դարձնելու կամ պահելու համար: ՏՏ ոլորտում մարդկանց գրավում է բարձր աշխատավարձը, կայունությունը, աշխատատեղերի առատությունը: Այսօր մեր աշխատաշուկայում խնդիրը ՏՏ ոլորտի գրավիչ լինելը չէ, այլ այն, որ մյուս ոլորտները եւս պետք է ինչ-որ գործողություններ կատարեն գրավիչ լինելու համար:
Եթե մենք ունենք տաղանդների բավականին մեծ պակաս տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ու այդ տաղանդների պակասը լրացնելով՝ կարող ենք Հայաստանում եւս մեկ խոշոր ՏՏ ընկերություն ունենալ, ինչո՞ւ չանենք:
Մյուս կողմից, դոմինոյի էֆեկտի, որի մասին խոսեցի, զգացվում է ոչ միայն ՏՏ ոլորտի ներսում, այլեւ մյուս ոլորտների վրա: Վերջիններս եւս գիտակցում են ու փորձում ջանք գործադրել մրցակցային ու պահանջված լինելու համար: Այսօր կայացած այլ ոլորտներ իրենց աշխատավայրերը փորձում են տրանսֆորմացնել, փոփոխել աշխատակիցներին առաջարկվող արտոնությունների փաթեթները՝ հետեւելով ՏՏ ոլորտի օրինակին, որպեսզի կարողանան գրավիչ դառնալ նոր սերնդի համար:
Ստացվում է, որ ՏՏ ոլորտը լոկոմոտիվի դեր է կատարում՝ դրական փոփոխություններ բերելով նաեւ այլ ոլորտներին ու աշխատաշուկային:
Ի վերջո, բոլոր մասնագետները չեն կարող ՏՏ ոլորտում աշխատել, աշխատանք փնտրողների մեծ հատված, եթե տեսնի, որ առաջարկ կա հաշվապահության, բանկային կամ լրագրության ոլորտում, միանշանակ, կգնա այդ ուղղությամբ:
Այս առումով միակ բացառությունը գիտությունն է, գիտնականների հոսքը ՏՏ ոլորտ: Կարեւոր է, որ մարդիկ, որոնք իսկապես ուզում են գիտությամբ զբաղվել, ստիպված չլքեն իրենց ոլորտն ու չտեղափոխվեն ՏՏ միայն բարձր վարձատրության համար: Գիտության ու ՏՏ ոլորտի զարգացումը պետք է համահունչ լինի:
Լուիզա Ավետիսյանի հետ զրուցել է Յանա Շախրամանյանը