12:43 | 03.02.22 | Հոդվածներ | 17208

Մասկն ընդդեմ Բայդենի. 5 հարց ու պատասխան

Վերջերին շրջանում սրվել են հակասությունները ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ Tesla-ի հիմնադիր, մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Իլոն Մասկի միջեւ։

1.    Ի՞նչ է պատահել

Սպիտակ տան վարչակազմը հերթական անգամ չէր հրավիրել Tesla-ին էլեկտրական մեքենաների արտադրությանը նվիրված միջոցառմանը, որի ընթացքում Ջո Բայդենը $1,75 տրիլիոնի սոցիալական ծախսերի մասին օրինագիծը քննարկել էր General Motors-ի եւ Ford-ի ղեկավարների հետ, որոնք Tesla-ի անմիջական մրցակիցներն են:

2.    Ինչպե՞ս արձագանքեց Մասկը

Նա Բայդենին անվանեց «մարդու կերպարանքով խամաճիկ», որը «չի կարողանում արտասանել Tesla բառը» եւ հավելեց, որ նախագահը «ամերիկացիներին հիմարի տեղ է դնում»։

Նա նաեւ կոչ արեց Twitter-ում իր ավելի քան 72 միլիոն հետեւորդներին «իրենց դեմ քվեարկել» (դեմոկրատների) Կոնգրեսի առաջիկա միջանկյալ ընտրություններում։

3.    Ինչպե՞ս էր Օբամայի ժամանակ

Համարվում է, որ Իլոն Մասկը կարողացել էր ստանալ $465 մլն ծավալով ցածր տոկոսադրույքով վարկ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի շնորհիվ, որտեղ Ջո Բայդենը զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը։  

Փորձագետների կարծիքով՝ հենց այդ միջոցները զգալիորեն օգնեցին Tesla-ին առաջ անցնել էլեկտրական մեքենաների այլ արտադրողներից:

4.    Իսկ Թրամփի՞ հետ

Իլոն Մասկը արդյունավետորեն համագործակցում էր նաեւ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ։

2020 թվականին կառավարության հետ համագործակցության շրջանակներում, SpaceX-ը տիեզերք ուղարկեց իր առաջին անձնակազմը, որը ժամանեց Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ):

2021 թվականի գարնանը NASA-ն SpaceX-ի հետ $2,9 միլիարդի պայմանագիր կնքեց՝ տիեզերագնացներին Լուսին հասցնելու համար:

5.    Ո՞րն է կոնֆլիկտի իրական պատճառը

«Կոմերսանտը»-ը գրում է, որ փորձագետները խնդիրը տեսնում են Tesla-ի եւ ամերիկյան արհմիությունների միջեւ ձգձգվող վեճի մեջ։ Մասնավորապես, Tesla-ն աշխատանքից ազատել է մի քանի արհմիությունների ակտիվիստների եւ իրեն հայտարարել է արհմիություններից դուրս:

2021 թվականի օգոստոսին Մասկին չհրավիրեցին Սպիտակ տուն՝ էլեկտրական մեքենաներին նվիրված առանցքային միջոցառմանը, ինչին գործարարը պատասխանեց, որ վարչակազմը կողմնակալ է իր հանդեպ եւ «արհմիություններից կախման մեջ է»: