17:13 | 31.01.22 | Նորություններ | 2309

Ստեղծվել է տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն այսօր ասել է, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդ, որի աշխատանքները կհամակարգի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նախարարն այս մասին հայտնել է Երեւանում տեղի ունեցած «Արհեստական բանականության հեռանկարները Հայաստանում. կրթությունն առանցքում» թեմայով համաժողովի ժամանակ։

Միջոցառումը կազմակերպել էր «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը, նպատակը կրթության ոլորտում արհեստական բանականության հեռանկարների, նոր գաղափարների փոխանակման հարթակում հետաքրքիր եւ բազմաբովանդակ քննարկումների ծավալումն է։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը համաժողովի ժամանակ ասել է, որ պետության տնտեսական եւ սոցիալական զարգացման նպատակով կրթության ռազմավարական ուղղություններից են սահմանվել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառության լայնածավալ ընդգրկվածության ապահովումն ու կրթական ծրագրերի արդիականացումը:

«Ուսումնական հաստատությունները սովորողներին պետք է այնպես պատրաստեն, որ նրանք դառնան արագ զարգացող հասարակությանը պատրաստ անհատներ, ու զինեն այնպիսի կարողունակություններով ու հմտություններով, որոնք հնարավորություն կտան ստեղծագործել եւ կատարելագործել մասնագիտական գիտելիքները տեխնիկային ու արհեստական բանականությանը համընթաց, ինչպես նաեւ հաջողության հասնել թվային աշխարհում։ Այդ հաջողության բանալին թվային գրագիտությունն է, ինչն ուսանողներին թույլ կտա հարմարվել դասավանդման նոր մոտեցումներին եւ ապահովել պետության զարգացումը»,- նշել է Վահրամ Դումանյանը:

Նա տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը 2021/2022 ուստարում պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) հաստատել է «Տվյալների մշակումը ֆիզիկայում եւ արհեստական բանականություն» կրթական ծրագրով ընդունելության 8 եւ «Արհեստական բանականությամբ համակարգեր» կրթական ծրագրով՝ ընդունելության 5 տեղ։