Վերջերս պատմեցինք «Գրքասեր» անվճար հայերեն աուդիոգրքերի հավելվածի մասին, որը «Գրքասեր» հասարակական կազմակերպությանը նվիրել է Groksmith ընկերությունը:
Itel.am-ը զրուցել է ընկերության տնօրեն Հովհաննես Կուլողլյանի հետ Groksmith-ի գործունեության ու տեսլականի մասին:
Սկիզբը՝ խորհդրատվական ծառայությունից
Groksmith ընկերությունը (նախկինում՝ Hex Division) հիմնադրվել ենք 2015 թվականին: Այն իր գործունեությունը սկսել է որպես ստարտափների խորհրդատվական ծառայությունների ընկերություն:
«Ստարտափների հետ աշխատանքում տրամադրել ենք համալիր խորհրդատվական ծառայություններ՝պրոդուկտ մենեջմենթ, ծրագրային ապահովման մշակում, մարքեթինգ եւ այլն: Ինչ-որ պահից սկսած նաեւ հիմնադրում էինք ստարտափներ, որովհետեւ ի սկզբանե մեր նպատակը հաճախորդ ընկերությունների հետ բիզնես նպատակների հասնելն էր: Ստարտափները խնդիր ունեն ստացված ներդրումների շրջանակում կարճ ժամկետներում ունենալ արդյունքներ, քանի որ դրանից է կախված իրենց հետագա կյանքը: Մեր առջեւ էլ նույն խնդիրն ենք դրել՝ օգնել մեր հաճախորդներին լինել ավելի հաջողակ, որպեսզի կարողանան նոր ներդրումներ ներգրավվել, մենք էլ նրանց հետ ավելի երկար համագործակցենք»,- պատմում է Հովհաննես Կուլողլյանը:
Նրա խոսքով՝ խորհրդատվական ընկերություններում ամենակարեւորը վստահությունն ու բարի համբավն է, քանի որ հաճախորդների հետ աշխատանքն է, որ թույլ է տալիս զարգանալ եւ նոր հաճախորդներ ձեռք բերել: Ընկերության մոտեցումները ժամանակի ընթացքում հանգեցրել են նրան, որ սկսել են նաեւ համահիմնադիր հանդիսանալ՝ գործակցային սկզբունքներով հիմնելով ստարտափներ:
Հովհաննես Կուլողլյանը
photo © Groksmith
«Սա վերաճեց նոր բիզնես մոդելի, որի ուղղությամբ էլ մենք հիմա կենտրոնացած ենք: Դա Venture Builder կամ ստարտափ ստուդիո բիզնես մոդելն է: Նախորդ տարի ենք սկսել, նախատեսում ենք դառնալ Հայաստանում առաջին Venture Builder-ը, քանի որ առայժմ հաջողված ընկերություններ չկան, որոնք աշխատում են այդ բիզնես մոդելի շրջանակում»,- մանրամասնում է ընկերության տնօրենը:
Groksmith-ի միաձուլումը պրոդուկտինԸնկերության ռեբրենդինգը կապված էր ինչպես նոր բիզնես մոդելի, այնպես էլ ընկերության գաղափարային հենքի համապատասխանեցման հետ: Groksmith-ի մարքեթինգի պատասխանատու Մարիամ Մուրադյան պատմում է, թե ինչ նշանակություն ունի ընկերության նոր անունը.
«Անվանումը բաղկացած է երկու բառից: Grok բառը ֆանտաստ գրող Ռոբերտ Հայնլայնի «Stranger in a Strange Land» գրքից է: Որևէ երևույթ Grok-ել, նշանակում է այն մանրամասն հասկանալ, միաձուլվել վերջինիս հետ։ Երկրորդ բաղադրիչը՝ smith, թարգմանաբար նշանակում է դարբին, խորհրդանշում է աշխատանքը: Այս անունը շատ դիպուկ է նկարագրում մեր ընկերությունը, քանի որ մենք միաձուլվում ենք պրոդուկտին ու աշխատում այն զարգացնելու ուղղությամբ»:
Ընկերության գրասենյակում ամիսը 2-3 անգամ կազմակերպվում են Groktalk նեթվորքինգ միջոցառումներ, որի շրջանակում հրավիրում են ոլորտի առաջատար մասնագետներին՝ կիսվելու իրենց փորձով:
Սեփական եւ գործընկերային պրոդուկտներGroksmith-ի հաճախորդների մեծ մասը Սիլիկոնյան հովտից են, չնայած որ աշխարհագրությունը բավականին մեծ է. աշխատում են նաեւ գերմանական, անգլիական, կանադական ստարտափների հետ, իսկ օրվա ընթացքում ստացվող զանգերի աշխարհագրությունը կարելի է ասել, որ ծածկում է երկրագնդի ամբողջ մակերեսը:
Հովհաննես Կուլողլյանը
photo © Groksmith
«Հայկական ընկերությունների հետ աշխատել ենք, երբ դեռ նոր էինք սկսել մեր գործունեությունը: Հայկական ստարտափների հետ աշխատանքը եղել է գործընկերային, այսինքն՝ ոչ թե պարզապես ծառայությունների մատուցում, այլ հանդիսացել ենք համահիմնադիրներ կամ որեւէ ձեւաչափի համագործակցություն է եղել: Նման օրինակներից է Wirestock-ի հետ աշխատանքը, որն այժմ բավականին արագ տեմպերով աճում ու զարգանում է: Հաջողված օրինակներից է նաեւ Cribby խելացի օրորոցը»,- ասում է Հովհաննես Կուլողլյանը:
Այժմ ընկերությունն աշխատում է նաեւ սեփական պրոդուկտի ուղղությամբ, որը ենթադրում է ներքին ռեսուրսների կատարողականի եւ ֆինանսական վերահսկման համակարգ:
photo © Groksmith
«Պրոդուկտը կոչվում է Break Even: Սա մեր տիպի ընկերությունների ամբողջ օպերացիոն ղեկավարությունը, ֆինանսական կառավարումը, կատարողական մենեջմենթը, կարճ ասած, գրեթե բոլոր գործառույթներն ավտոմատացնող համակարգ է: Այն թույլ է տալիս ընկերության կառավարումը դարձնել շատ ավելի արդյունավետ, կառավարելի, տեսանելի ու թափանցիկ ինչպես ֆինանսական ու կատարողականի տեսանկյունից, այնպես էլ օպերացիոն ղեկավարման եւ HR-ի»,- պարզաբանում է Groksmith-ի տնօրենը:
Նրա խոսքով, պրոդուկտը ստեղծել են իրենց ընկերության կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու համար, սակայն նախատեսում են նաեւ այլ ընկերությունների ներկայացնել:
Գայանե Ենոքյան