12:58 | 18.01.22 | Նորություններ | exclusive 2094

Visa-ն մեկնաբանել է Apple Pay-ի գործարկումը Հայաստանում

Visa-ն համոզված է, որ Հայաստանում Apple Pay-ի գործարկումը կխթանի թվային վճարումների հետագա ժողովրդականությունը եւ աճը:

Այդ մասին Banks.am-ի տված բացառիկ հարցազրույցում ասել է Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն:

«Հայաստանում Visa-ի 20-ամյակի կապակցությամբ, որը նշում ենք 2022 թվականին, մենք չափազանց հպարտ ենք ներկայացնել Apple Pay-ը Հայաստանում։ Գործընկեր բանկերի հետ միասին մենք մեր բոլոր քարտապաններին առաջարկում ենք ինչպես առերես, այնպես էլ առցանց թվային վճարումներ կատարելու հարմարավետ, անվտանգ եւ պարզ եղանակ՝ իրենց քարտերը կցելով Apple դրամապանակին եւ օգտագործելով Apple Pay-ը: Մենք հավատում ենք, որ այն կխթանի երկրում թվային վճարումների հետագա ժողովրդականությունը եւ աճը», - ասել է Դիանա Կիգուրաձեն:

Նա նշել է, որ ավելի քան մեկ տարի առաջ Visa-ն առաջինն էր հայաստանյան շուկայում, որը նախաձեռնեց եւ գործարկեց տոկենավորման համար անհրաժեշտ գործառույթը՝ Visa Token ծառայությունը (Visa Token Service): Այն թույլ է տալիս տոկենավորել քարտերը, որոնք կարող են օգտագործվել թվային դրամապանակներով վճարման նոր մեթոդներից օգտվելիս, նվազեցնում է զեղծարարության հնարավորությունը եւ պաշտպանում անձնական տվյալները, ինչպես նաեւ խթանում է էլեկտրոնային առեւտրի զարգացումը:

«Մենք շուկային առաջարկեցինք Visa Direct լուծումը, որն արագ, ապահով եւ հարմարավետ դրամական փոխանցումների հարթակ է P2P գործարքներ կատարող սպառողների համար։ Շատ բանկեր այժմ այս լուծումն օգտագործում են՝ ավելի հարմարավետ ծառայություններ մատուցելով իրենց հաճախորդներին: Մեկ այլ գերժամանակակից լուծում, որը մենք մշակում ենք, բացառապես ստացողի հեռախոսահամարի օգտագործմամբ P2P փոխանցումներն են: Այս լուծումով քարտապանները չեն օգտագործում որեւէ քարտային տվյալ. նրանք մեր ամբողջ գործառնությունն իրականացնում են միայն իրենց բանկային հավելվածների ներսում, ուստի, ի վերջո, այն անվտանգ, արագ եւ պաշտպանված միջոց է՝ ձեր դրամական շարժը կառավարելու համար», - ասել է Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջերը:

Հարցացրույցն ամբողջությամբ կարդացեք այս հղումով. https://banks.am/am/news/interviews/22722: