09:31 | 28.12.21 | Հոդվածներ | exclusive 14538

SAP Startup Factory by BANA-ն բացում է եվրոպական շուկան հայկական ստարտափների համար

2021թ. հունիսին գերմանական համակարգչային ծրագրերի մշակմամբ զբաղվող առաջատար SAP ընկերությունը եւ Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը (BANA) հայտարարեցին Հայաստանում BANA-ի կողմից SAP Startup Factory-ի հիմնադրման մասին:

SAP Startup Factory-ի հիմնումը հնարավոր է դարձել ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար (ITTD)» ծրագրի աջակցության շնորհիվ, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից եւ իրականացվում GIZ-ի կողմից:

photo © GIZ


Այս ամիսների ընթացքում կատարվել է ստարտափների ընտրությունն ու սկսվել դրանց հետ անհատական աշխատանքը:

SAP Startup Factory-ի նպատակների ու գործունեության մասին Itel.am-ը զրուցել է ITTD ծրագրի խորհրդատու Մարիամ Բաբայանի, SAP CIS ընկերության գործադիր տնօրեն Ալեքսեյ Պետունինի եւ BANA-ի տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանի հետ:

Հայկական ստարտափները դժվար են մտնում արտասահմանյան շուկա

«Տարբեր ծրագրերի շրջանակում աջակցել ենք բազմաթիվ ստարտափների՝ գաղափարի փուլից, մինչեւ արդեն կայացած, աշխատակիցներ ունեցող ընկերություն», - ասում է ITTD ծրագրի խորհրդատու Մարիամ Բաբայանը:
Խորհրդատվական, մասնագիտական աջակցությունից բացի, առավել հաջողվածներին տարբեր դրամաշնորհային ծրագրերով տրամադրվել է նաեւ ֆինանսական աջակցություն՝ պրոդուկտը զարգացնելու համար:

«Գրեթե բոլոր դեպքերում նույն խնդիրն է նկատվել՝ հայկական ստարտափները դժվարությամբ են մտնում արտասահմանյան շուկա», - ասում է Մարիամ Բաբայանը:
Նրա խոսքով՝ այս առումով որոշակի բացառություն է կազմում ամերիկյան շուկան.

Մարիամ Բաբայանը Մարիամ Բաբայանը
photo © GIZ


«Այն բավականին բաց է հայկական ստարտափների համար՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ում մեծ համայնք ունենք, այնտեղ կապերն ավելի ամուր են ու ամերիկյան շուկայում որոշակի հաջողությունների հասնելու հնարավորություններն ավելի շատ են: Դժվարությունները հիմնականում եվրոպական շուկայի դեպքում են: Սա էր պատճառը, որ որոշեցինք համագործակցել SAP-ի հետ, որը ցանկություն հայտնեց աջակցել հայկական ստարտափները եվրոպական շուկա դուրս բերելու գործընթացին»:  

SAP ընկերությունն աշխատում է աշխարհի գրեթե բոլոր շուկաներում ու իրենց կողմից առաջադրված խնդիրների լուծումներն առաջարկող ստարտափները հնարավորություն են ստանալու վաճառել իրենց պրոդուկտները SAP-ի միջազգային հարթակներում:

«Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի (BANA) հետ համագործակցությամբ որոշեցինք ստեղծել մի կառույց, որը կոչվեց SAP Startup Factory by BANA: Այսպիսով, համատեղ աշխատանքի արդյունքում ստացված պրոդուկտը SAP-ը կվաճառի իր հարթակում, իսկ BANA թիմը, անհատապես աշխատելով ստարտափների հետ, կզարգացնի դրանք՝ համապատասխանեցնելով եվրոպական շուկայի եւ SAP պահանջներին», - ասում է Մարիամ Բաբայանը:

Ընտրվել են հիմնականում B2B ստարտափներ

SAP Startup Factory by BANA-ի աշխատանքն այժմ զարգացման երկրորդ փուլում է, առաջինում հավաքագրվել են մենտորներն ու կատարվել է ստարտափների ընտրություն:

«10 ստարտափ ընտրվել է աքսելերացիոն ծրագրի համար, դրանց պրոդուկտների զարգացման ուղղությամբ արդեն աշխատում է BANA թիմը եւ եւս 5 ստարտափ ընտրվել է ինկուբացիոն ծրագրի համար՝ ստարտափներ, որոնք դեռեւս գաղափարի փուլում են», - ասում է Մարիամ Բաբայանը:

Ստարտափների երկու խումբն էլ ընտրվել է մրցույթների հիման վրա՝ անկախ ժյուրիի մասնակցությամբ:

«Հիմնականում ընտրվել են B2B ստարտափներ, քանի որ սա նաեւ SAP-ի կողմից առաջադրված չափորոշիչներից մեկն էր: Մենք եւս կարեւորում ենք B2B ստարտափների ընտրությունը, դրանք զարգացնելը, քանի որ հիմա Հայաստանում ավելի շատ տարածված է B2C ձեւաչափը», - ասում է Մարիամ Բաբայանը:

Ալեքսեյ Պետունինը Ալեքսեյ Պետունինը
photo © SAP


«Աքսելերացիոն ծրագրի մասնակիցների մեծ մասը մշակում է լուծումներ՝ «աշխատանքի ապագան» թեմատիկայով, այսինքն՝ մշակում է լուծումներ, որոնք մեր հաճախորդներին կօգնեն կատարելագործել աշխատանքի ընդունման ու անձնակազմի կառավարման աշխատանքները», - ասում է  SAP CIS ընկերության գլխավոր գործառնական տնօրեն Ալեքսեյ Պետունինը։

«Մասնակիցների մյուս մասը լուծումներ է առաջարկում էլեկտրոնային առեւտրի ոլորտում, ինչը, կարելի է ասել, նորարարության ոլորտի ամենաբարդ ու ամենահեռանկարային ուղղություններից է», - հավելում է նա:

Անհատական աշխատանք՝ ամեն ստարտափի հետ

Մարիամ Բաբայանի խոսքով՝ SAP Startup Factory by BANA-ի գլխավոր բաղադրիչը կրթական, մենտորական աջակցությունն է.

«Ունենում ենք զարգացման այլ ծրագրեր, որոնց դեպքում վերջում առավել հաջողվածները ստանում են ֆինանսավորում, սակայն այս դեպքում մենք ֆինանսավորում չենք տրամադրում: Աջակցությունն այս հարթակի ստեղծման ու ստարտափների զարգացմանը նպաստելու մեջ է»:

photo © BANA


BANA թիմը, որն էլ աշխատելու ու զարգացնելու է ընտրված հայկական ստարտափները, արդեն ավարտել է դրանց կարիքների գնահատումը: Ըստ դրա՝ ամեն ստարտափի հետ տարվելու է անհատական աշխատանք, մեկին աջակցելու են պրոդուկտի որակը բարձրացնելու առումով, մյուսին՝ մարքեթինգի, երրորդին՝ տեխնիկական այլ հարցերով:  

«BANA թիմը սկսում է աշխատել ստարտափների հետ դրանց վաղ փուլում՝ օգնելով զարգացնել թիմն ու պրոդուկտը: Ստարտափների կարիքները գնահատելուց հետո, SAP-ի ու BANA թիմի աջակցությամբ յուրաքանչյուրի համար անհատական ճանապարհային քարտեզ է մշակվում», - ասում է BANA-ի տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանը:

Գրիգոր Հովհաննիսյանը Գրիգոր Հովհաննիսյանը
photo © BANA


Ոլորտի պրոֆեսիոնալներից կազմված BANA-ի մասշտաբային ցանցը՝ SAP գլոբալ թիմի մենտորների հետ, ուղղորդում են ստարտափներն՝ օգնելով հասնել դրված նպատակներին:

«Յուրաքանչյուր ստարտափ ձգտում է մտնել SAP շուկա ու օգտվել հսկայական հնարավորություններից, որոնք տալիս է այդ շուկայի B2B հաճախորդների ամենամեծ բազան: Նշեմ, որ ամեն ստարտափի զարգացման ճանապարհային քարտեզը պարբերաբար վերանայվում է ու փոփոխվում՝ մաքսիմալ արդյունավետ լինելու նպատակով», - ասում է Գրիգոր Հովհաննիսյանը:

«Հայկական ստարտափների շուկան շատ լայն է ու ողջունում է այն նոր հնարավորությունները, որոնք խոշոր խաղացողները կարող են բերել այդ էկոհամակարգ։ Մենք նկատում ենք ստարտափների ոգեւորությունը, միջազգային շուկաներ մտնելու հնարավորությունն օգտագործելու առումով, այն դեպքում, եթե հաջողվի հայտնվել SAP Store-ում», – նշում է Ալեքսեյ Պետունինը:

«Ստարտափների շուկան երեւի ամենաարագ զարգացողներից է Հայաստանում: Համաշխարհային թրենդի մեջ այս զարգացումը նույնպես շատ տպավորիչ է », - նկատում է Մարիամ Բաբայանը:

Նրա խոսքով՝ արդեն իսկ կան ոլորտում հաջողությունների հասած դերային մոդելներ, որոնք մոտիվացնում են ու նպաստում մյուսների առաջընթացին.

«Տրամադրելով աջակցություն՝ մենք փորձում ենք արագացնել այդ գործընթացը»:

Յանա Շախրամանյան