18:04 | 01.12.21 | Նորություններ | 8774

Հայ պատանիների ստեղծած սարքը կմեկնի տիեզերք

Մեկնարկել է «Քեմուրջյանի անվան համաերիտասարդական տիեզերքի մրցույթ 2022»-ը, որը Bazoomq Space Research Lab-ի  եւ HyeTech կազմակերպության համատեղ նախաձեռնությունն է:

«Քեմուրջյանի անվան համաերիտասարդական տիեզերքի մրցույթ 2022»-ի նպատակն է խթանել  STEM կրթությունը՝ մասնավորապես ռոբոտաշինությունը, պատանիների եւ երիտասարդների շրջանում: Նախաձեռնությունը բացառիկ հնարավորություն է տալիս հաղթող թիմին տիեզերք ուղարկել իր ստեղծած սարքը։

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն ունեցող 12-21 տարեկան պատանիներ եւ երիտասարդներ, ովքեր 3-ից 5 անձից բաղկացած խմբերով կստեղծեն ռոբոտաշինական սարքեր: Ավարտական փուլում կընտրվի հաղթող սարքը, որը հնարավորություն կստանա 2022 թ․-ի մարտին  թռչելու տիեզերք:

«Տիեզերքի հետազոտությունն արդեն երկար տարիներ է, ինչ մեծ հետաքրքրություն է առաջացնում սերունդների շրջանում։ Մրցույթի նպատակն է ձեւավորել ձեռնարկատիրական մտածելակերպ ունեցող գիտնականների եւ տեխնոլոգների երիտասարդ սերունդ, ովքեր հնարավորություն են ունեցել ուսումնասիրելու տիեզարական հետազոտությունների եւ առաջատար տեխնոլոգիաների ոլորտում լավագույն փորձը»,- ասել է HayTech կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Աստվածատրյանը:

«Մրցույթն առաջին քայլն է գործնականորեն ցույց տալու, որ տիեզերքն այժմ հասանելի է ավելի քան երբեք: Առավել եւս կարեւոր է դա ցույց տալ երիտասարդ սերնդին՝ ոչ միայն խոսքով, այլեւ գործով եւ իրենց իսկ մասնակցությամբ», - ասել է Bazoomq Space Research Lab-ի համահիմնադիր Հայկ Մարտիրոսյանը:

Մրցույթին մասնակցելու համար  հարկավոր է գրանցվել հետեւյալ հղմամբ՝ https://bit.ly/3nFWWep:

Գրանցման վերջնաժամկետն է 2022 թվականի հունվարի 7-ը: