14:40 | 21.10.21 | Հոդվածներ | exclusive 14174

«Սկսե՛ք փոքրից»․Իգոր Խալաթյանի խորհուրդները՝ ստարտափերներին

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) նախաձեռնությամբ գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում ներդրողների ոչ ֆորմալ ցանցի (Science and Technology Angels Network - STAN) համանախագահ, Oracle ընկերության փոխնախագահ, մի շարք ստարտափների հիմնադիր Իգոր Խալաթյանը հանդիպել է Հայաստանի ստարտափերների հետ, կիսվել փորձով ու խորհուրդներ տվել՝ ինչպես գրավել ներդրողներին ու ճիշտ ներկայացնել գաղափարը։ Itel.am–ն առանձնացրել է հանդիպման ուշագրավ դրվագները։  Ի դեպ, Իգոր Խալաթյանն այն խիզախներից է, ով ոտք է դրել աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի (8 848 մետր) գագաթին:

Համոզված եղեք, որ համաշխարհային պրոդուկտը մուտք չի գործի ձեր շուկա

Առաջին բանը, որ շատ ենք հանդիպում ստարտափների ներկայացման ժամանակ, երբ մարդիկ առաջարկում են ինչ–որ գաղափար հայկական կամ առհասարակ՝ տեղական շուկայի համար, որը շատ նման է պրոդուկտի կամ ծառայության, որն արդեն կա աշխարհում։ Որպես օրինակ՝ «եկեք ստեղծենք նոր Facebook Հայաստանի համար»։ Այս մոտեցման մեջ, ընդհանուր առմամբ, սխալ չկա. եթե կարծում եք, որ այդ պրոդուկտի կամ ծառայության համար կա շուկա, ու կարծում եք՝ կհաջողեք։ Իհարկե, այս դեպքում պետք է հասկանալ, որ հաջողությունը շատ մեծ չի կարող լինել, որովհետեւ արդեն իսկ սահմանափակված եք։

photo © Մեդիամաքս



Այստեղ մի նրբություն կա՝ դուք պետք է համոզված լինեք, որ համաշխարհային նման պրոդուկտը կամ ծառայությունը չի կարող մուտք գործել ձեր շուկա։ Որպես օրինակ՝ հայկական gg-ն ու Yandex Taxi ծառայությունը։ Իհարկե, gg-ն հիմա էլ շարունակում է գործել, բայց այն պահին, երբ Yandex Taxi–ն մուտք էր գործում հայկական շուկա, կարող էին մտավախություններ լինել՝ ինչ կլինի այս ստարտափի հետ։

Ամեն ինչ իմացեք մրցակիցների մասին

Երկրորդը կետը, որը ես նկատում եմ. մարդիկ գալիս են ներդրողի մոտ ու ասում՝ ես ունեմ հիանալի գաղափար։ Առաջին հարցը՝ այդ գաղափարն աշխատո՞ղ է։ Լավ, ամեն ինչը հաշվել ենք, աշխատող է։ Հարց երկրորդ՝ ստուգե՞լ եք, ովքեր են ձեր մրցակինցները, ճշտե՞լ եք՝ արդյոք այլ մարդիկ նման ծառայություն չեն մատուցում։ Այս հարցին դուք պետք է պատասխանեք 100 տոկոս ճշգրտությամբ։ Պետք է ոչ միայն իմանաք ձեր բոլոր մրցակիցների մասին, այլեւ տեղեկացված լինեք՝ արդյոք պատենտավորե՞լ են իրենց գաղափարը։ Եթե պատենտավորել են, դուք խնդիրներ կունենաք։ Մրցակիցների մասին տեղեկացված լինելուց բացի, ներդրողներին պետք է ներկայացնեք՝ ինչպես եք պատրաստվում հաջողության հասնել այդ մրցակցության մեջ։ Չափազանց կարեւոր է՝ ինչպես եք մրցելու, ինչպես եք պաշտպանվելու։

photo © Մեդիամաքս



Ուզում եմ մի բան ասել, որին չափազանց շատ ուշադրություն պետք է դարձնել։ Եթե պատրաստվում եք այսօր նոր Facebook ստեղծել, այն պետք 12 անգամ ավելի լավը լինի, քան արդեն գոյություն ունեցողը։ Բավարար չէ լինել կրկնակի, կամ եռակի ավելի լավը, որովհետեւ գոյություն ունեցող Facebook-ն արդեն ունի հաճախորդների բազա. այդ ի՞նչ պետք է առաջարկեք, որ ես թողնեմ սովորական Facebook–ը, որտեղ իմ բոլոր ընկերներն են ու օգտվեմ ձեր ծառայությունից։

Եթե կարծում եք՝ մրցակիցներ չունեք ու ասում եք այդ մասին ներդրողներին, հաջորդ հարցը լինելու է՝ իսկ ձեր ծառայության կարիքն առհասարակ կա՞, այն պահանջվա՞ծ է։ Որովհետեւ, եթե պահանջված ծառայություն է, ինչո՞ւ նախկինում ոչ ոք չի մտածել դրա մասին։ Այո՛, երբեմն ձեր գաղափարը կարող է հանճարեղ լինել ու նախկինում ոչ մեկը չէր մտածել դրա մասին, բայց պետք է համոզեք մեզ, որ ձեր ծառայության համար շուկա ունեք։

Իգոր Խալաթյանը Իգոր Խալաթյանը
photo © Մեդիամաքս



Ստարտափ սկսելը չափազանց բարդ է ու գնալով՝ չի հեշտանում։ Ես արել եմ մի քանի ստարտափ ու դրանցից յուրաքանչյուրը շատ բարդ էր։ Բայց սա ասելուս նպատակն այն չէ, որ մտածեք՝ «լավ, ուրեմն, մենք չենք փորձի» (ծիծաղում է–հեղ․)։

Գաղափարը պատենտավորելը կարեւոր է

Գաղափարը վաղ փուլում պատենտավորելը կարեւոր է։ Այո, սա ձեզ լիովին չի պաշտպանի, որովհետեւ եթե մեծ ընկերությունները մարտահրավեր նետեն ձեզ, միակ ճանապարհը դատարան գնալը կլինի։ Իսկ նման գործերով փաստաբանի ծառայությունների մեկ ժամը կարող է մոտ 5 000 ԱՄՆ դոլար արժենալ։ Բայց, մյուս կողմից, եթե պատենտավորեք ձեր գաղափարը, գործը կարող է դատարան չհասնել. հաշվի առնելով, որ ձեր ծառայություններն օգտակար են, մեծ ընկերությունները կարող են պարզապես որոշել գնել ձեր ընկերությունը։

photo © Մեդիամաքս



Պատենտավորումը թանկ է, գործընթացը կարող է տեւել 2,5–3 տարի, կամ ավելի երկար, բայց պատենտ ունենալը լավ է։ Միաժամանակ, հասկանալի է, որ պատենտավորման համար գումար է անհրաժեշտ, իսկ գումարի համար անհրաժեշտ է ներդրում, որին կարող է նպաստել պատենտավորում ունենալը։ Բարդ է։ Մի լավ արտահայտություն կա՝ ստարտափ անելն այն է, երբ դրա հիմնադիրը ժայռից ցած է նետվում եւ ընկնելու ընթացքում փորձում է թռչել սովորել։ Պետք է լուծել խնդիրներ, որոնք անլուծելի են թվում։

Գումարի մասին՝ վերջում

Կարեւորագույն հարցերը, որոնք տալու են ձեզ ներդրողները, վերաբերելու են թվարկածս թեմաներին։ Գումարի մասին խոսվում է վերջում։ Շուկայի նման է, երբ սկզբում նայում ես խնձորի որակին, հետո միայն հարցնում գինը։

Իգոր Խալաթյանը Իգոր Խալաթյանը
photo © Մեդիամաքս



Ցանկալի է, որ նշեք ձեր ընկերության արժեքը։ Գումարային հարցերում մի գաղտնիք կա։ Եթե ես սկզբում ներդրում եմ անում ձեր ընկերության մեջ ու տեսնում եմ՝ ինչպես եք աճում, զարգանում, եւ որոշ ժամանակ հետո դուք գալիս եք, ներկայացնում՝ ինչ ճանապարհ եք անցել ու նշում, որ էլի գումարի կարիք կա, հավանականությունը, որ ես նորից ներդրում կանեմ, շատ մեծ է։ Ինչո՞ւ։ Եթե ես ձեզ նորից գումար չտամ, դու կսնանկանաք ու ես կկորցնեմ իմ առաջին՝ հիմնական ներդրումը։ Սա, իհարկե, վերաբերում է դեպքերին, երբ երեւում է նախնական հաջողությունն ու կատարվող աշխատանքը։ Այնպես որ, ավելի լավ է ի սկզբանե չվախեցնել ներդրողին շատ բարձր արժեքով, մի՛ մտածեք, որ սա միակ հնարավորությունն է գումար ստանալու։ Սկսե՛ք փոքրից։

Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի