17:17 | 20.10.21 | Նորություններ | 1521
ՀՀ կապի երեք օպերատորները՝ Ucom-ը, Beeline-ը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2021թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջե են վճարել 25.71 մլրդ դրամ հարկ, ինչը 2.8%-ով ցածր է անցած տարվա ցուցանիշից:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունների կողմից պետական բյուջե է վճարվել 26.46 մլրդ դրամ հարկ:
ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկի համաձայն կապի օպերատորների շրջանում ամենախոշոր հարկատուն ՎիվաՍել-ՄՏՍ ապրանքանիշը ներկայացնող «ՄՏՍ Հայաստան» ընկերությունն է: Այն 2021թ. երրորդ եռամսյակի տվյալներով պետբյուջե է վճարել 13.04 մլրդ դրամ հարկ, ինչը 29.7%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Խոշոր հարկատուների ցանկում ընկերությունը 2021թ. երրորդ եռամսյակի տվյալներով զբաղեցրել է 7-րդ տեղը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 11-րդ տեղի փոխարեն:
Ոլորտի մյուս խոշոր հարկատուն «Յուքոմ» ընկերությունն է՝ 8.62 մլրդ դրամ հարկերի ծավալով: Ընկերության վճարած հարկերը ավելացել են 56.7%-ով, եւ այն ընդհանուր հարկատուների ցանկում 17-րդից դարձրել է 12-րդը:
Խոշորագույն հարկատուների ցանկում է նաեւ Beeline ապրանքանիշը ներկայացնող «Տելեկոմ Արմենիա» ընկերությունը, որը 31-րդ տեղում է՝ նախորդ տարվա 9-րդի փոխարեն, պետբյուջե է վճարել 4.05 մլրդ դրամ հարկ, ինչը 62.9%-ով զիջում է 2020թ.-ի ցուցանիշին:
1000 խոշոր հարկատուների ցանկում ինտերնետ մատակարարներից ընդգրկվել է նաեւ «Ռոստելեկոմ» ապրանքանիշով գործող «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը (115-րդ տեղ՝ 125-ի փոխարեն, 1.4 մլրդ դրամ, աճ՝ 16.9%):
Այվազյան Աննա