10:44 | 11.10.21 | Նորություններ | 4631

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (CWR) նշում է իր 10-ամյակը

Հարավային Կովկասում առաջին մասնավոր պահպանվող տարածքը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (CWR) այս տարի նշում է իր ստեղծման 10-ամյակը։ CWR-ը ստեղծվել եւ կառավարվում է Վայրի բնության մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից։

Հոկտեմբերի 8-ին Ուրցաձոր համայնքում գտնվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի էկո-կենտրոնում տեղի է ունեցել Ապաստարանի 10-ամյակին նվիրված միջոցառումը, որին ներկա են գտնվել FPWC հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը եւ այլ հյուրեր։

«Մենք սկսել ենք 300 հեկտարից, իսկ այժմ այն արդեն 30 000 հա տարածք է զբաղեցնում եւ այս ամենը շնորհիվ նաեւ մեր գործընկերների աջակցության՝ IUCN Netherlands, World Land Trust, Artis Amsterdam Royal Zoo, Վիվա-ՄՏՍ, ինչպես նաեւ բազմաթիվ այլ աջակիցներ, որոնք նաեւ մեզ տարբեր մրցանակներ են շնորհել այս տարիների ընթացքում, ինչպիսին է՝ Frankfurt Conservation Award-ը»,- ասել է FPWC հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը՝ շնորհակալություն հայտնելով թիմին, անտառապահներին, պետական կառույցներին եւ բոլոր գործընկերներին:

Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, որը կանգնած է եղել CWR ստեղծման ակունքներում եւ մշտապես աջակցել է բնության պահպանությանը, նշել է. «Երբ առաջին անգամ այս տարածք եկանք, այստեղ ոչինչ չկար: Ամեն ինչ տափաստան էր հիշեցնում. սակավաջուր եւ առանց բուսականության հողակտոր, որտեղ ծառ աճեցնելու միտքն անգամ համարձակություն էր պահանջում: Մեծ համառություն եւ հետեւողականություն էր հարկավոր՝ նախագիծն սկսելու եւ իրագործելու համար: Կյանքն ապացուցում է, որ երբ կա նպատակ եւ բավարար կամք, հաջողության կարելի է հասնել: Ուրախ եմ արձանագրել, որ տարիներ մեր գործընկերությունն արդյունք տվեց: Այժմ սա հատուկ պահպանվող տարածք է: Ավելին՝ երիտասարդ սերունդը հենց բնական միջավայրի ուսումնասիրության արդյունքում՝ ստանում է էկոկրթություն եւ սովորում  բնության հետ ներդաշնակ ապրելու արվեստը: Սա բոլորիս հաջողությունն է»:

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը մասնավոր պահպանվող գոտի է, որտեղ անթույլատրելի է որսը, ինչպես նաեւ՝ բնության հանդեպ ցանկացած ապօրինություն։ Տարածքը մշտապես գտնվում է անտառապահների ու տեսախցիկների անմիջական ուշադրության եւ հսկողության ներքո։ Այս է պատճառը, որ CWR տարածքում կարելի է հանդիպել տարատեսակ հազվագյուտ կենդանատեսակների, ինչպիսին են՝ կովկասյան հովազը, բեզոարյան այծերը, գորշ արջերը, մորուքավոր եւ սեւ անգղերը, քարարծիվները, սպիտակագլուխ անգղերը, երկարաոտն սցինկը եւ այլ հազվագյուտ կենդանատեսակներ:

10-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում Հիմնադրամի թիմը ներկայացրել է CWR-ի գոյության 10 տարիների աշխատանքի արդյունքում գրանցված ձեռքբերումներն ու հետագա զարգացման քայլերը։ Միջոցառման ընթացքում ներկայացվել է նաեւ 2021թ․-ի սեպտեմբեր ամսին, CWR տարածքում տեղադրված թակարդ տեսախցիկները ֆիքսել են Նովա անունով հովազին: