18:11 | 14.09.21 | Նորություններ | 1850
Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը կարեւորել է «1991 ստորաբաժանում» ծրագիրը պետական ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու անհրաժեշտությունը:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Արմեն Օրուջյանն այդ մասին ասել է նախարար Վահրամ Դումանյանի, նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանի ու Կարեն Թռչունյանի հետ հանդիպմանը:
Ժաննա Անդրեասյանն առաջարկել է քննարկել հանրակրթության ավագ աստիճանում «1991 ստորաբաժանում» ծրագրի՝ հիմնադրամի կողմից իրականացվող նախապատրաստական դասընթացները որպես արտադասարանական խմբակ ընդգրկելու հնարավորությունը: Նախարարի տեղակալը նշել է, որ ԲՏՃՄ ( բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ուղղության զարգացումը դրված է նաեւ հանրակրթության նոր չափորոշչի հիմքում, եւ այդ նպատակով նախատեսվում է ՀՀ բոլոր դպրոցներում հիմնել բնագիտական լաբորատորիաներ, որոնք կարող են նպաստել առաջարկվող ծրագրի ինտեգրմանը պետական կրթական ծրագրերում:
Վահրամ Դումանյանը նշել է, որ միաժամանակ բարձրագույն կրթության բարեփոխումների համատեքստում քննարկվում է տարկետման համակարգը ռազմական կրթության հետ փոխկապակցելու մոդելների մշակման հարցը: Բոլոր բարեփոխումների եւ նախագծերի հիմքում գերակա են բնագիտական, տեխնոլոգիական եւ ճարտարագիտական ուղղությունների զարգացումը կրթության եւ գիտության բոլոր աստիճաններում: