11:28 | 16.08.21 | Նորություններ | 1394

Պատերազմի մասնակիցներն ավարտել են DISQO-ի դասընթացները

Արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցներն ավարտել են DISQO-ի «Java basics» եւ «Gate to product management» դասընթացները, որոնք կազմակերպվել էին ԱՏՁՄ-ի  «Բանակից ՏՏ» ծրագրի շրջանակներում։

Անվճար 4-ամսյա դասընթացներն անց են կացվել DISQO-ի հայաստանյան թիմի առաջատար մասնագետների կողմից եւ օգնել են պատերազմի մասնակիցներին ստանալ հիմնարար գիտելիքներ ՏՏ ոլորտում առաջին քայլերն անելու համար։

«Բացառիկ արդյունք ենք գրանցել DISQO-ի հետ համատեղ երկու դասընթացներով, քանի որ երկուսի դեպքում էլ ծրագիրն ավարտողների թիվը բավականին մեծ տոկոսային հարաբերություն է կազմել, ինչը նաեւ հետաքրքիր ծրագրի ու հոգատար դասավանդողների արդյունքն է։ Լիահույս ենք, որ մյուս առաջատար ընկերությունների հետ էլ կունենանք նման հաջողություններ՝ բարելավելով «Բանակից ՏՏ» ծրագրի արդյունքները»,- ասել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը։

Դասընթացն ավարտած 27 ուսանողներից 4-ը հնարավորություն են ստացել ավելի խորացնել գիտելիքներն ու հմտությունները` ուսման երկրորդ փուլ անցնելով։ Նրանք միանում են  DISQO-ի եւ Armenian Code Academy-ի հետ համատեղ իրականացվող անվճար JAVA դասընթացներին, որին հաջորդելու է նաեւ ընկերությունում փորձաշրջանի հնարավորությունը։

«Այս տարի DISQO-ն հավակնոտ նպատակներ ունի հայկական տեխնոլոգիական համայնքը որակյալ կադրերով համալրելու ու դրանով իր ներդրումն ունենալու կամ ինչպես մենք ենք սիրում ասել՝ «giving back to the community»։ Ուրախ եմ, որ այս դասընթացների շրջանակներում ունեցանք մասնակիցներ, ովքեր բարձր առաջադիմություն ցուցաբերեցին ու հնարավորություն ստացան մեր մյուս դասընթացներին մասնակցելու ու ավելի խորը գիտելիքներ ստանալու համար»,- նշել է DISQO-ի հայաստանյան թիմի ինժեներական տնօրեն Հարություն Բաղդասարյանը։