16:31 | 29.07.21 | Նորություններ | 6616
Վիվա-ՄՏՍ-ը եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» համատեղ բնակարանաշինության ծրագրով աջակցում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում բնակվող Ներսիսյանների ընտանիքին՝ տան շինարարությունն ավարտին հասցնել:
«Տարիներ շարունակ, այս ծրագրի թիրախում եղել է սոցիալապես անապահով խումբը: Այս տարի, հանգամանքները փոխել են մեր մոտեցումը. ուշադրության կենտրոնում են հայտնվել նաեւ պատերազմի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքները: Նրանց մեջ կան այնպիսիք, որոնք ստիպված են զրոյից սկսել արդեն երրորդ անգամ: Պիտի խոստովանեմ՝ այդ մարդկանց լավատեսություն փոխանցելը երբեմն բարդ է լինում հոգեբանորեն: Երբեմն էլ հանդիպում ենք ընտանքիների, որոնք իրենց կամքով ցույց են տալիս, թե ինչպես կարելի է հաղթահարել դժվարությունները: Նրանք դրսեւորում են աշխատելու, պայքարելու եւ անպայման հաջողելու վճռականություն: Այդպիսին պետք է լինենք մենք՝ բոլորս` չկոտրվենք, համախմբվենք եւ ամենօրյա աշխատանքով, ստեղծելով ու կառուցելով շենացնենք մեր երկիրը»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանն էլ հայտնել է, որ շինարարական աշխատանքները շարունակվում են բոլոր մարզերում. «Մի տեղ արագ, մյուս տեղերում՝ համեմատաբար դանդաղ, սակայն` կայուն առաջընթացով: Միշտ հաճելի է տեսնել ընտանիքների ոգեւորությունը՝ երբ տուն են կառուցում: Դա նաեւ շրջապատին է ուժ տալիս: Ծանր փորձություններ են բաժին ընկել այս ընտանիքին, սակայն, տեսնում ենք, որ նրանց կամքը անկոտրում է»:
2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք: