15:54 | 26.07.21 | Նորություններ | 6141

Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ Ոսկեվանում գործարկվել է լուսավորության ժամանակակից համակարգ

Վիվա-ՄՏՍ-ի ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից իրականացվող «Էկոգյուղերի ցանց» ծրագրով Տավուշի մարզի սահմանապահ Ոսկեվան գյուղում տեղակայվել է լուսավորության ժամանակակից համակարգ:

Տեղադրվել է 39 ԼԵԴ լուսարձակ՝ ապահովելով շուրջ 1500 մետր երկարությամբ ճանապարհի լուսավորություն։ Ծրագրով լուսավորվել են բնակավայրի կենտրոնական եւ երկրորդային 2 փողոց։ Դրա իրականացմանն աջակցել է նաեւ Նոյեմբերյանի համայնքապետարանը:
 
«Սահմանապահ եւ հեռավոր գյուղերը շարունակում են մնալ մեր ուշադրության կենտրոնում: Այսպիսի ծրագրերի շնորհիվ մեզ հաջողվում է գոնե մասամբ մեղմել մայրաքաղաքի եւ մարզերի միջեւ առկա զարգացման տարբերությունը: Մեր գործընկերները երբեմն զրոյից են կատարում աշխատանքը, երբեմն էլ մաշված ու հին ենթակառուցվածքները փոխարինում են նորերով: Նման համակարգերի գործարկումը կարեւոր աջակցություն է հեռավոր գյուղերի համար: Սահմանին ապրողներն զգում են, որ իրենք մենակ չեն, իսկ համայնքների փոքր բյուջեն ծախսվում է ավելի արդյունավետ: Այս տարի եւս մենք լինելու ենք նման համայնքների կողքին»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Գործընկերները նախատեսում են ժամանակակից համակարգերի տեղակայման եւ գործարկման աշխատանքներ իրականացնել նաեւ ընթացիկ տարում: Դրանք կարեւոր են եւ՛ մարդկանց անվտանգության եւ՛ բնապահպանական, եւ՛ համայնքային ծախսերի կրճատման համար:

Նախատեսվում է 2021թ.-ի ընթացքում Ոսկեվանում տեղադրել լուսադիոդային եւս 32 լուսարձակից բաղկացած՝ փողոցային լուսավորություն համակարգ: Դրա շնորհիվ կլուսավորվի շուրջ 1200 մետր երկարությամբ ճանապարհ։ Առաջնահերթությունը դարձյալ տրվելու է սահմանին հարող թաղամասերի լուսավորությանը։ Ծրագրի իրականացման նախապատրաստական աշխատանքները շուտով կմեկնարկեն։