17:38 | 20.07.21 | Նորություններ | 2026

ԲՏԱ նախարարությունը եւ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը կհամագործակցեն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը եւ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոնը կհամագործակցեն՝ գյուղական համայնքների զարգացմանն աջակցելու նպատակով:

Համագործակցության մասին հուշագիրը ստորագրվել է հուլիսի 18-ին՝ նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանի՝ Լոռու մարզի Դեբետ գյուղում գտնվող կենտրոն այցի ժամանակ:

Հուշագրով նախատեսվում է իրականացնել անհրաժեշտ համագործակցություն կողմերի միջեւ. նպաստել բազմաոլորտ համակարգային խնդիրների լուծմանը, ապահովել գերարագ համացանցային կապի եւ ծառայությունների հասանելիություն, զարգացնել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ ենթակառուցվածքների կարողությունները ՀՀ հեռավոր տարածքների եւ գյուղական բնակավայրերի համար:

«Բարձր տեխնոլոգիական Հայաստանը մեր երկրի անվտանգության եւ հայ ժողովրդի գոյատեւման նախապայմանն է։ ՔՈԱՖ-ի ՍՄԱՐԹ կենտրոնի այս մոդելը ապագայամետ եւ խոստումնալից ներդրում է մեր կրթական համակարգում, եւ նախարարությունը կաջակցի, որպեսզի նման կենտրոնները բազմապատկվեն ամբողջ Հայաստանում»,- նշել է Հայկ Չոբանյանը։