14:00 | 15.07.21 | Նորություններ | 1876

Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» ծրագիր են իրագործել Գոմքում

Վայոց ձորի մարզի Գոմք գյուղում Վիվա-ՄՏՍ-ի ու Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ Ղազարյանների ընտանիքը կիսակառույց տան շինարարությունն ավարտին է հասցրել:

Տանտիրուհի Նաիրա Արզումանյանը նշել է, որ 15 տարի նկուղային հարկում ապրելուց հետո հիմա ընտանիքում ամեն մեկն ունի իր լուսավոր ու հարմարավետ սենյակն ունի:

«COVID-ը շատ բան փոխեց մեր կյանքում, բայց` ոչ նպատակները: Ձեզ հետ համատեղ աշխատելու, շինարարությանը մասնակցելու հնարավորություն այդպես էլ չունեցանք, բայց կարեւորն արդյունքն է: Արդեն լավ կառուցված տուն ունեք, հաղթահարել եք 15 տարվա վաղեմության խնդիրը եւ ազատվել մութ, խոնավ նկուղում ապրելու իրականությունից: Հիշում եմ՝ ինչպես տեսազանգով տանտերերի հետ շփման առաջին փորձը սկսեցինք ձեր տանից: Այն ժամանակ կիսակառույց պատեր էին, հիմա՝ ջերմ օջախ: Ու թեեւ դարձյալ տեսազանգով ենք շփվում, բայց զգում եմ այդ օջախի ջերմությունն ու ձեր տրամադրության փոփոխությունը: Հենց դա է ամենակարեւորը  մեզ համար: Դրա շնորհիվ է նաեւ, որ մենք մեր գործընկեր «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» թիմի հետ, ձգտում ենք կանգ չառնել եւ բարելավել մեր հայրենակիցների կյանքը»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Գոմքում բնակարանաշինությանն աջակցելու միտքն առաջացել է տարիներ առաջ, երբ գործարկում էինք LED լուսատուներով փողոցային լուսավորության համակարգը: Երբ այցելեցիք համայնքապետարան եւ ծանոթացաք համայնքի կարիքների գնահատման ցուցանակին, խոստացաք լուծել այդ ցանկում տեղ գտած խնդիրներից մի քանիսը: Վերջին 3-4 տարվա ընթացքում շատ խնդիրներ են լուծվել: Իսկ այս ընտանիքի համար կառուցված տունը շատ կարեւոր էր: Այժմ նրանք կապրեն բարվոք պայմաններում»,- Ռալֆ Յիրիկյանի հետ տեսազանգի ժամանակ ասել է Գոմքի վարչական տարածքի ղեկավար Մխիթար Հովհաննիսյանը:

Բնակարանաշինության ծրագրով, Վիվա-ՄՏՍ-ն ու Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» լուծում են ոչ միայն սոցիալական կարեւոր խնդիր, այլեւ հիմնովին փոխում են մարդկանց կյանքը: Իսկ հեռավոր գյուղերում իրականացվող ծրագրերը նպաստում են դրանց զարգացմանը: