08:22 | 24.06.21 | Նորություններ | 5433

Sevan Startup Summit 2021-ը չի կայանա

Sevan Startup Summit 2021-ը չի կայանա, հայտնել են միջոցառման կազմակերպիչները:

Նրանց հաղորդագրության մեջ ասված է.

«Խոր ափսոսանքով տեղեկացնում ենք, որ այս տարի Sevan Startup Summit 2021-ը չի կայանա տարածքը չտրամադրելու պատճառով։ Մոտ երկու ամիս տեւած բանակցությունների արդյունքում պետության համապատասխան գերատեսչությունները նպատակահարմար չեն համարում բոլորիդ հայտնի տարածքը մեզ տրամադրել միջոցառումը կազմակերպելու համար։ Մենք չենք ցանկանում մեկնաբանել պատկան մարմինների որոշումը, սակայն ներկայացվող հիմնավորումները համարում ենք առնվազն պատճառաբանություն, քանի որ մեր միջոցառման ֆորմատի մեջ նախորդ տարիների համեմատությամբ ոչինչ չի փոխվել։

Տվյալ տարածքը 2009-2019թթ. եղել է մեր թիմի իրականացրած վրանային հավաքների, իսկ 2016-2019թթ. Sevan Startup Summit-ի մշտական տարածքը։ Այդ տարիների ընթացքում այնտեղ մեր կողմից իրականացվել է բարեկարգման եւ մաքրման հսկայական ծավալի աշխատանք։ Մենք գնահատում ենք, որ տվյալ որոշման արդյունքում սամմիթի չեղարկումը հարված է ամբողջ հայաստանյան ստարտափ էկոհամակարգին։ Հաշվի առնելով սամմիթի մասնակիցների աշխարhագրությունը (SSS19-ին եղել են մասնակիցներ 45 երկրից)՝ վնաս է հասցվում նաեւ Հայաստանին՝ որպես ստարտափները եւ տեղեկատվական տեխնոլոգիաները տնտեսության մեջ գերակա ուղղություններ հայտարարած երկրի։

Կցանկանայինք նշել, որ 2016-2019թթ. մենք հյուրընկալել ենք ՀՀ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք առանց բացառության իրենց հիացմունքն են արտահայտել սամմիթի, թե՛ ֆորմատի եւ թե՛ բովանդակության վերաբերյալ։

Ինչեւէ, Seaside Startup Suumit-ը շարունակելու է իր գործունեությունը։ Այս երկու տարիների ընթացքում սամմիթի հիմնական ձեւաչափից զատ մշակվել են մի քանի այլընտրանքային ձեւաչափեր՝ SSS Holidays, SSS Weekend, SSS VR, SSS Game եւ այլն։  Աշխարհի տարբեր ծովափնյա վայրերում սամմիթի հիմնական եւ նոր մշակված ձեւաչափերով միջոցառումների անցկացումը այժմ քննարկվում է մեր միջազգային գործընկերների հետ տարբեր ուղղություններով՝ Ռուսաստան, ԱՄՆ, ԱՄԷ, Հնդկաստան, Արգենտինա եւ այլն։

Այս ընթացքում մեր գործընկերներից շատերի հետ քննարկել ենք SSS21-ի շրջանակներում համագործակցելու եւ միասին աշխատելու տարբերակներ։ Բավականին մեծ թվով մարդիկ գնել են մասնակցության տոմսեր։ Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը։ Տոմսերի վճարները մոտակա օրերի ընթացքում հետ կվերադարձվեն։

Կտեսնվենք սամմիթում՝ ինչ-որ տեղ մոլորակի վրա»։