14:15 | 23.06.21 | Նորություններ | 12871

Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ Լոռիում եւս մեկ ընտանիք լքել է վագոն-տնակը

Վիվա-ՄՏՍ-ի եւ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ Լոռու մարզի Լեռնավան գյուղում ապրող Հակոբյանների ընտանիքը վագոն-տնակից տեղափոխվել է նորակառույց բնակարան:

Բազմանդամ ընտանիքի հայրը՝ Սամվելը, տարիներ առաջ փորձել է լուծում գտնել եւ շինարարություն է սկսել, սակայն գործը կիսատ է մնացել: Նախորդ գարնանն ընտանիքն ընդգրկվել է գործընկեր կառույցների բնակարանաշինության ծրագրում:

«Մանկության եւ պատանեկության տարիների դժվարությունները երբեմն խորը հետք են թողնում: Փորձե՛ք անցյալում թողնել այդ հիշողությունները: Ձեզ հաջողվել է պայքարել, ամրանալ եւ ամբողջությամբ փոխել ձեր կյանքի հետագա ընթացքը: Արդյունքը գոհացնող է. դուք հասել եք ձեր երազանքի իրականացմանը, մեզ էլ հաջողվել է ծրագիր իրականացնել դժվար ժամանակահատվածում: Այժմ կենտրոնացե՛ք այլ նպատակների իրականացման վրա»,- տեսազանգի ընթացքում ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Դոմիկում հայտնվեցինք երկրաշարժից հետո: Շատ դժվարությամբ եմ երեք երեխաներիս մեծացրել: Հիմա արդեն ամեն ինչ այլ է: Փոխվել են նաեւ մեր երազանքները. տղայիս ամուսնացնելու մասին եմ երազում», - ասել է տանտիրուհին՝ Լարիսա Չալիկյանը:

Վիվա-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում, միայն 2020 թվականին, աջակցություն է ստացել Հայաստանի տարբեր մարզերում բնակվող 96 ընտանիք: