Ստեփանակերտում հուլիսի 3-ից 5-ը կանցկացվի Tech Week Artsakh 2021 կամ «Տեխնոլոգիաների շաբաթ Արցախում 2021» միջոցառումների շարքը: Այն մեկ վայրում կկենտրոնացնի ՏՀՏ ընկերությունների ջանքերը՝ համայնքային զարգացման խթանման ուղղությամբ։
Tech Week Artsakh 2021-ը կազմակերպվում է «ՋիՋի», «Ինստիգեյթ Մոբայլ» եւ «Քրաուդֆանդինգ ֆորմուլա» ընկերությունների կողմից։
«Միջոցառման գլխավոր նպատակներից է համայնքային համաչափ շարունակական զարգացումը, Արցախում նոր թիմերի ստեղծումը եւ մեր հայրենակիցների զինումը գիտելիքով, հմտություններով, ինչպես նաեւ նոր հնարավորությունների ու կարողությունների բացահայտումը»,- հայտնել են Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից։
Տեխնոլոգիական շաբաթվա շրջանակներում իրար կհաջորդեն մի շարք ծավալուն միջոցառումներ. մասնագիտական կոնֆերանսներ, ggRace (հասույթը կուղղվի բարի եւ շենացնող նախագծի), «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի հիմնում, հաքաթոն (նպատակն Արցախում հստակ խնդիրների լուծումն է), գաղափարների մրցույթ (հաղթողները կստանան դրամաշնորհներ), կրթական ծրագրեր։
Մասնակցությունն անվճար է. անհրաժեշտ է նախապես գրանցվել հետեւյալ հղումով։