Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Դիլիջանում բացվել է «Արմաթն օդում» ծրագրի ԱԹՍ առաջին կրթական աշխատանոցը:
Itel.am-ը զրուցել է ծրագրի շրջանակում վերապատրաստում անցած խմբավարների ու նոր աշխատանոցի առաջին սաներից մեկի հետ:
«Սաները նաեւ կմոդելավորեն սեփական թռչող սարքերը»
Շահեն Արաբաչյան, Դիլիջանի ԱԹՍ կրթական առաջին աշխատանոցի խմբավար
2017 թվականից խմբավար եմ «Արմաթ» աշխատանոցում, իսկ այժմ էլ դասավանդելու եմ նաեւ Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում բացված առաջին ԱԹՍ կրթական աշխատանոցում:
Այստեղ սովորեցնելու ենք անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ ամեն ինչ՝ բաղկացուցիչ մասեր, աերոդինամիկա, թռչող սարքերի հատկություններ, կիրառելիության ոլորտներ, տարբեր մոդելներ, կառավարում:
photo © անձնական արխիվից
Շատ ցանկալի է, որ նոր աշխատանոց հաճախելու համար դիմեն «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սաները, որովհետեւ նրանք արդեն տիրապետում են միկրոէլեկտրոնիկայի, ծրագրավորման, եռաչափ մոդելավորման եւ մի շարք այլ հմտությունների, որոնք անհրաժեշտ են ԱԹՍ-ների կրթական գործընթացում:
Այնուամենայնիվ, 15-18 տարեկան բոլոր պատանիները կարող են դիմել խմբակ հաճախելու համար: Նրանց հետ կանցկացվի կարճ հարցազրույց՝ պարզելու համար ինժեներական ընդունակությունները:
photo © անձնական արխիվից
Թեեւ աշխատանքները նոր են մեկնարկել, սակայն արդեն ունենք գրանցված 9 սան, որոնց թիվը, վստահաբար, շատ արագ կաճի: Ունենալու ենք շաբաթական երկու դաս յուրաքանչյուր խմբի հետ, դասի տեւողությունը կլինի առնվազն 3 ժամ:
Մեզ արդեն հանձնվել են թռչող սարքերի պատրաստի մոդելներ քանդված վիճակում՝ ինչպես քառապտուտակավոր, այնպես էլ թեւավոր: Ունենք նաեւ ԱԹՍ-ների պատրաստման համար անհրաժեշտ մասեր, որպեսզի հետագայում սաները 0-ական մակարդակից մոդելավորեն ինքնաշեն թռչող սարքերի սեփական մոդելները, այսինքն՝ կատարեն նաեւ ստեղծագործական աշխատանք:
photo © անձնական արխիվից
«Դրոնները կփորձարկեն նաեւ դաշտային պայմաններում»Հայկ Կարապետյանն, «Արմաթն օդում» ծրագրի խմբավար, ԵրեւանԱրդեն 5 տարի է, ինչ «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում խմբավար եմ: «Արմաթն օդում» ծրագրում որպես խմբավար ընդգրկվելու համար անցել ենք վերապատրաստում Instigate Robotics եւ Fly Lab ընկերություններում: Դասավանդելու եմ Երեւանում բացվելիք անօդաչու թռչող սարքերի կրթական աշխատանոցում:
ԱԹՍ-ներ պատրաստել սովորելուն զուգահեռ՝ սաների հետ աշխատելու ենք նաեւ սիմուլյատորով, որպեսզի սովորեն կառավարել դրանք: Հեռակառավարիչը համակարգչին միացնելուց հետո համապատասխան ծրագիրը հնարավորություն է տալիս ընտրել տարբեր մոդելներ եւ աշխարհներ՝ թույլ տալով վարել ընտրած մոդելը համապատասխան վիրտուալ միջավայրում:
Հայկ Կարապետյանը
photo © անձնական արխիվից
Հետագայում դաշտային պայմաններում դրոնները փորձարկելիս դրանք վնասելու ռիսկը նվազում է, քանի որ սաները նախապես ձեռք են բերում դրոնների վարման նախնական հմտություններ:
«Կրթվելու են հայ ինժեներներ»Վիգեն Խաչատրյան, «Արմաթն օդում» ծրագրի խմբավար, Թալին2013 թվականից հաճախել եմ Թալինի ռոբոտատեխնիկայի, իսկ հետո արդեն Թալինի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։ 16 տարեկանում դարձել եմ Մաստարա գյուղի «Արմաթ» աշխատանոցի խմբակավարը, որտեղ մինչ օրս շարունակում եմ աշխատել:
«Արմաթն օդում» ծրագրի շրջանակում վերապատրաստման ընթացքում սովորել ենք եւ´ թեւավոր ԱԹՍ-ի, եւ´ բազմապտուտակ ԱԹՍ-ի հավաքում, կարգաբերում, թռիչքի կառավարում եւ ծրագրավորում։
Վիգեն Խաչատրյանը
photo © անձնական արխիվից
Շուտով Թալինում եւս կբացվի ԱԹՍ-ի կրթական աշխատանոց, որտեղ թալինցի պատանիներն անվճար գիտելիքներ կստանան: «Արմաթ»-ի գաղափարախոսությանը համապատասխան՝ աշակերտները կրթվելու են ոչ թե որպես ուղղակի ինժեներներ, այլ հայ ինժեներներ, ուստի մեծ ուշադրություն ենք դարձնելու նաեւ հայրենասիրական եւ ազգային արժեքների սերմանմանը:
Աշխատելով երեխաների հետ, նկատել եմ, որ նրանց մեծ մասը սկսել է շատ փոքր բաների մասին երազել՝ ունենալ ավտոմեքենա, տուն: Քչերն են երազում ավելի մեծ բաների, օրինակ՝ տիեզերք թռչելու մասին, որոնք առաջին հայացքից թեեւ հեռու են թվում, բայց հատկապես մեր դարում առավել քան մոտ են:
photo © անձնական արխիվից
Երեխաներից շատերը հենց այդ նույն սկզբունքով չեն մտածում, որ իրենք կարող են ԱԹՍ-ի մասնագետ դառնալ, ստեղծել սեփական թռչող սարքերն ու այդ կերպ ազգանվեր գործ կատարել: Այժմ մենք ունենք հնարավորություն ցույց տալու երեխաներին, որ այն, ինչ իրենց հեռու է թվում, իրականում շատ մոտ է եւ պետք է մշտապես երազել ավելի մեծ բաների մասին՝ առանց միտքը սահմանափակելու:
«Յուրաքանչյուրս մեր չափով պետք է օգտակար լինենք հայրենիքին»16-ամյա Նարեկ Հովհաննիսյան, «Արմաթն օդում» ծրագրի առաջին սաներիցՄոտ երկու տարի է հաճախում եմ Ճամբարակ համայնքի Այգուտ գյուղում գործող «Արմաթ» խմբակ: Երբ լսեցի, որ ԱԹՍ-ների կրթական աշխատանոցներ են ստեղծվելու, անպայման ցանկացա մասնակցել: Առաջին աշխատանոցի բացմանը ներկա լինելով՝ մթնոլորտը շատ հավանեցի եւ արդեն գրանցվել եմ, որպեսզի հաճախեմ:
photo © անձնական արխիվից
Վերջին ժամանակներում մեր հայրենիքում տեղի ունեցած իրադարձություններն ինձ ստիպում են, որ անպայման հաճախեմ այդ խմբակ ու անօդաչուների պատրաստման գիտելիքներ ձեռք բերեմ, ժամանակի ընթացքում հմտանամ այդ գործում ու այդ կերպ օգտակար լինեմ հայրենիքին:
Տարիքակիցներիս խորհուրդ կտամ, որ հնարավորության դեպքում հաճախեն ԱԹՍ-ների կրթական աշխատանոց: Եթե յուրաքանչյուրս մեր չափով կարողանանք օգտակար լինել, ժամանակի ընթացքում ամեն ինչ շատ լավ կլինի մեր հայրենիքում:
Գայանե Ենոքյան