15:32 | 19.01.21 | Նորություններ | exclusive 7211

«Արմաթ»-ն անօդաչուների մասնագետներ կպատրաստի

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն (ԱՏՁՄ) այսօր ներկայացրել է «Արմաթ օդում» կրթական ծրագիրը՝  անօդաչու թռչող սարքերի հետ աշխատող մասնագետների պատրաստման նպատակով: Itel.am-ը ներկայացնում է ծրագրի մանրամասները:

Անօդաչուների լաբորատորիա

Հայաստանի տարբեր համայնքներում գործող «Արմաթ» լաբորատորիաները տարեկան 1200 շրջանավարտ են ունենում, որոնք նախքան բուհական կրթությանն անցնելը կամ բանակ զորակոչվելն արդեն իսկ ունենում են ռոբոտաշինության որոշակի հմտություններ: Պատերազմից հետո ԱՏՁՄ ղեկավարության համար էլ ավելի հստակ դարձավ, որ «Արմաթի»-ի սաները պետք է ունենան նաեւ հստակ գիտելիքներ տարբեր տեխնոլոգիական սարքավորումների, մասնավորապես անօդաչու թռչող սարքերի պատրաստման եւ սպասարկման ուղղությամբ: Այս նպատակով էլ գարնանը կմեկնարկի «Արմաթ օդում» ծրագիրը:

«Ներկայացվող ծրագիրը լուսահոգի Կարեն Վարդանյանի երազանքն էր, որն իր ջանքերով կարողացանք ի վերջո իրականություն դարձնել: Նա ասում էր, որ «Արմաթ»-ը մեր հաղթանակի դրոշն է: Ժամանակակից աշխարհում ԱԹՍ-ները կարող են առանցքային դեր խաղալ ինչպես պատերազմական իրավիճակներում, այնպես էլ այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, բժշկությունը, առաքման ծառայությունները եւ այլն»,- նշել է ԱՏՁՄ գործադիր  տնօրեն  Րաֆֆի Քասսարջյանը:

ԱԹՍ-ների աշխատանոցների ստեղծման նպատակով դրամահավաք նախաձեռնել էին նախորդ տարվա հոկտեմբեր ամսին:

«Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել այն 600-ից ավելի ընտանիքներին, որոնք մասնակցեցին դրամահավաքին եւ աջակցեցին»,- հավելել է «Արմաթ» նախագծի հիմնադիր Կարեն Վարդանյանի եղբորորդի Վահան Վարդանյանը:  

photo © Մեդիամաքս


65 աշխատանոց՝ ՀՀ-ում եւ Արցախում

Նախատեսված է հիմնել  65 կրթական աշխատանոցներ Հայաստանի Հանրապետության ու Արցախի բոլոր քաղաքներում, ընդ որում, Երեւանում կներդրվեն 14, Գյումրիում եւ Վանաձորում՝ 3-ական լաբորատորիաներ: Այս մասին ասել է «Արմաթ» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը:

«Հայաստանի ողջ տարածքում երեխաներին հնարավորություն կընձեռվի հաճախել այդ աշխատանոցները: Հմտություններ ձեռք բերելու հնարավորություն կստանան ոչ միայն «Արմաթ»-ի սաները, այլ նաեւ տվյալ համայնքի այլ ներկայացուցիչներ՝ մարդիկ, որ ունեն այլ մասնագիտություններ, բայց եւ համապատասխան պոտենցիալ: Ապրիլ ամիսին նախատեսում ենք առաջին 8 լաբորատորիաների տեղադրումը Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանում, Թալինում, Գավառում, Երեւանում, Կապանում եւ Ստեփանակերտում»,- մանրամասնել է նա:

Սեդրակ Վարդանյանը հավելել է, որ յուրաքանչյուր աշխատանոցում կգործի 3 խումբ՝ ապահովելով միջինում 27 սանի պատրաստում: Բոլոր աշխատանոցները տեղադրելուց հետո տարեկան կպատրաստվեն 1750 մասնագետներ ԱԹՍ-ների նախագծման ու պատրաստման, տեխնիկական սպասարկման ու կառավարման գործում:

Սեդրակ Վարդանյանը Սեդրակ Վարդանյանը
photo © Մեդիամաքս


1 լաբորատորիա՝ 7 ԱԹՍ

Րաֆֆի Քասսարջյանը կարեւորում է, որ անգամ սարքավորումների տարբերությունների պարագայում, հիմնական գիտելիքը նույնն է, եւ «Արմաթ»-ի սաներն իրենց հմտությունները կկարողանան կիրառել տարբեր տեսակի ԱԹՍ-ների կառավարման եւ սպասարկման ուղղությամբ:

Մեկ աշխատանոցի ներդրման արժեքը կազմում է 6.5 մլն դրամ, որը ներառում է 7 թռչող սարք հավաքելու հնարավորություն, երկու խմբավարի վերապատրաստում: Առկա է նաեւ սարքավորում, որի միջոցով ստեղծվում են ԱԹՍ-ների առանձին մասեր:

ԱՏՁՄ-ում նախատեսում են արդեն հաջորդ տարի կազմակերպել ԱԹՍ-ների ուղղությամբ առաջին տեխնոլոգիական ճամբարը: Ակնկալվում է 25-30 թիմի մասնակցություն՝ իրենց անօդաչուներով:

photo © Մեդիամաքս


Աշխատել ապագայի ուղղությամբ

Սեդրակ Վարդանյանի խոսքով՝ «Արմաթից» 5 տղաներ պատերազմի օրերին աշխատել են ԱԹՍ արտադրող ձեռնարկություններում, որով էլ դրվել է գործընթացի հիմքը: Կա նաեւ երկխոսություն ՀՀ-ում ԱԹՍ-ներ արտադրող այլ ընկերությունների հետ, որի շնորհիվ էլ ծրագիրը թարմացվել է՝ ներառելով այնպիսի մասնագիտական հմտություններ, որոնք այսօր անհրաժեշտ են արտադրողներին:

«Պատերազմը ցույց տվեց, որ մենք տեխնոլոգիական առումով հետ ենք մնացել, բայց մենք պետք է ոչ թե բաց թողնվածը վերականգնելու, այլ ապագայի ուղղությամբ աշխատելու խնդիր դնենք մեր առջեւ՝ ստեղծելով ոչ միայն զենքի տեսակներ, այլեւ զորամիավորումներ, ջանքեր ներդնենք արհեստական ինտելեկտով աշխատող զինատեսակների, հակառակորդի ենթակառուցվածքները խափանող ծրագրերի ուղղությամբ»,- ասել է Սեդրակ Վարդանյանը:

Հիշեցնենք, որ պատերազմի հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում է մնացել 10 «Արմաթ» լաբորատորիա:

Գայանե Ենոքյան