17:51 | 01.06.21 | Նորություններ | 1800

Ամփոփվել են #Hacking4Future ստարտափ մրցույթի արդյունքները

Ամփոփվել են #Hacking4Future ստարտափ մրցույթի արդյունքները, որին մասնակցել է 10 թիմ 10 մարզերից:


#Hacking4Future ծրագիրը Girls in Tech Armenia-ի նախաձեռնությունն է, որ մեկնարկել էր 2021թ. փետրվարին՝ նպատակ ունենալով մարզերում բնակվող տաղանդավոր պատանիներին ծանոթացնել ստարտափ աշխարհին, նրանց տալ փորձելու, սովորելու եւ տեխնոլոգիական աշխարհ առավել շուտ մուտք գործելու հնարավորություն:


Դրամական առաջին մրցանակը (500 000 դրամ) մասնագիտական ժյուրիի ընտրությամբ բաժին հասավ Շիրակի մարզի թիմին: Նրա ներկայացրած "Teen job" բջջային հավելվածը նախատեսված է մասնագիտական կողմնորոշման ու աշխատանքային փորձ ձեռք բերելու համար:


Սյունիքի ու Գեղարքունիքի թիմերը ստացան 300 000-ական դրամ:

Սյունիքի մարզի պատանիները Syunik Protection նախագծով փորձել են ստանալ հավելված, որը զարգացնելու դեպքում պիտի դառնա սահմանային գյուղերում զբոսաշրջիկների համար հետաքրքրություններ բացահայտելու, անվտանգ երթուղիներ ընտրելու լուծում:


Գեղարքունիքի մարզի թիմի Traveller’s assistant հավելվածը նույնպես առնչվում է մարզի մշակութային եւ զբոսաշրջային զարգացմանը: Այն փորձելու է բացահայտել սովորական երթուղիներից դուրս մնացած թաքնված անկյունները, բացահայտելու է համայնքների եւ դրանցում ապրող մարդկանց առանձնահատկությունները:


3-րդ դրամական մրցանակը՝ 100 000 դրամ, ստացավ Արարատի մարզի թիմը, որ ցանկանում է իրենց նախագծած Easy Way բջջային հավելվածի օգնությամբ ապահովել մարզում տրանսպորտի աշխատանքը կարգավորող համակարգ:

Girls in Tech Armenia-ն նախատեսում է մրցութային ծրագիրը դարձնել շարունակական եւ ներառել առավել մեծ թվով մասնակիցների: