Itel.am-ը զրուցել է Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանի հետ։
- Ռուբեն Վարդանյանի եւ իր գործընկերների՝ FAST հիմնադրամը ստեղծելու որոշումը գլխավորապես պայմանավորված էր 2016 թվականի Ապրիլյան պատերազմով, որն անսպասելի ու շոկային էր: Կարելի է պնդել, որ 2020-ի պատերազմը ո՛չ անսպասելի էր եւ ո՛չ էլ շոկային։ Ի՞նչ եք կարծում՝ FAST- ն իր ստեղծման օրվանից կարո՞ղ էր ավելին անել։
- Պատերազմից երկու շաբաթ հետո ես մեկնել էի Միացյալ Նահանգներ եւ Լոս Անջելեսում հանդիպեցի մեր 40 հայրենակիցների հետ։ Մեր զրույցի ընթացքում հնչած հարցերից մեկն էր՝ ի՞նչ ենք պատրաստվում փոխել հետպատերազմյան մեր ծրագրերում։
Մենք, բնականաբար, հարմարեցնելու որոշ բաներ ունենք, սակայն, ի սկզբանե, մեր առաքելությունն էր նպաստել այնպիսի էկոհամակարգի կերտմանը, որը Հայաստանում կստեղծի մրցունակ կրթություն, գիտության զարգացում եւ տեխնոլոգիական նորարարություն։
Սակայն պատերազմի սպառնալիքը նախորդեց Հիմնադրամի ստեղծմանը։
Տարիներ շարունակ պատերազմի սպառնալիքը բավական ակնհայտ էր, ինչպես նաեւ 2016 թվականի հակամարտությունը կամ հակառակ կողմի ավելի քան մեկ տասնամյակ տեւող թշնամական գլոբալ դիրքավորումն ու հռետորաբանությունը։ Պատերազմը մի քանի նոր բացահայտումներ արեց։ Փոխարենը, եթե մինչ այդ կային որոշ վերապահումներ, ապա այն ամրապնդեց, թե իրականում ինչպիսինն է իրերի դրվածքն աշխարհում եւ միջազգային քաղաքականության մեջ։ Որոշ շրջանակներում կային սպասումներ, որ քաղաքակիրթ աշխարհը պետք է ներգրավվեր եւ վճռական արձագանքեր, սակայն պարտադիր չէ, որ ամեն բան այդպես ընթանա։
Ռեալպոլիտիկայում խնդիրների լուծումն ակնկալիքների միջոցով չէ։ Ամեն մեկն իր գոյության, ինքնապաշտպանության համար է մտահոգված։ Եվ պատերազմից հետո դաշնակցության բնույթի հարցականներ չմնացին։
FAST-ն ընթացքի մեջ է 3,5 տարի, ինչը մեզ թույլ է տվել հիմնադրամը ամուր ոտքերի վրա կանգնեցնել, որի հիման վրա էլ հետագայում կարելի է առաջարկել երկարաժամկետ եւ գլոբալ լուծումներ։
Սակայն այդ նույն ժամանակահատվածը բավարար չէ համակարգային եւ շոշափելի փոփոխությունների հասնելու համար ոչ միայն Հայաստանի, այլեւ ցանկացած այլ երկրի դեպքում։ Երբ մենք խոսում ենք 3,5 տարվա մասին՝ համեմատելով մարդու կյանքի տեւողություն հետ, այն բավական ժամանակ է, բայց ազգաշինության եւ երկարաժամկետ պատմության համատեքստում 3,5 տարին նույնիսկ կլորացման ենթակա մաթեմատիկական արժեք չէ: Հետեւաբար, եթե ասենք, որ մենք այդ ժամանակահատվածում կարող էինք գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում իրողություն փոխել այնպես, որ դա փոխեր պատերազմի արդյունքը, պարզապես խաբկանք կլինի: Համակարգային փոփոխության հասնելու համար երկարատեւ ջանքեր եւ փորձով հարուստ քրտնաջան աշխատանք է անհրաժեշտ։
- Ո՞րն էր FAST-ի ամենամեծ ձեռքբերումը եւ ամենամեծ ձախողումն այս ընթացքում:
- Հիմնադրման գրեթե ամենասկզբից մենք սկսեցինք աշխատել «Innovation district» կոնցեպտի վրա, որի հիմքում ընկած է «Adaptive Innovation Campus (AIC)» գաղափարը։ Պատկերացրեք դա որպես գիտության, տեխնոլոգիայի եւ նորարարության էկոհամակարգի «microcosm»՝ կրթական, հետազոտական եւ առեւտրայնացման հսկայական շահաբաժիններով: Մենք մի քանի անգամ արդեն մոտ էինք այն մեկնարկելուն, սակայն այն դեռ իրագործված չէ։
Արմեն Օրուջյան
photo © Մեդիամաքս
2020 թվականի ապրիլին մենք ամենամոտն էինք գտնվում այս նախաձեռնության հնարավոր ֆինանսավորմանը: Մենք սերտորեն համագործակցել էինք կառավարության հետ եւ հիմքեր ստեղծել, որպեսզի ներկայացնեինք այս նախաձեռնությունը ՄԱԿ-ի ամենամյա Ներդրումային միջոցառմանը Նյու Յորքում գտնվող իրենց գլխամասում: Միջոցառումը պետք է կայանար 2020 թ.-ի ապրիլի 23-ին, բայց կորոնավիրուսի համաճարակի պատճառով այն չեղարկվեց։ Սակայն մենք չենք հանձնվել։ Եվ դեռ աշխատում ենք այս ծրագիր վրա ու եթե հաջողակ լինենք այնքան, որ այն կյանքի կոչենք այնպես, ինչպես պատկերացնում ենք, ապա դա կպահանջի ավելի քան 1 միլիարդ դոլարի չափով ներդրում եւ այլ ֆինանսավորումներ։
Այսպիսով, այս նախաձեռնությունն իրականացնելու համար մեզ անհրաժեշտ են մի շարք բարձրաստիճան գործընկերներ։ Ի դեպ, նախագահ Արմեն Սարգսյանի AToM ծրագիրը բնույթով նման է։ Սա էլ խթան հանդիսացավ, որ նախագահի հետ քննարկումներ սկսենք մեր ջանքերը միավորելու մասին, որպեսզի ավելի լավ եւ ուժեղ հաջողության հասնենք Հայաստանի համար։
Մենք մի քանի անգամ հանդիպել էինք պատերազմից առաջ եւ այժմ որոշել ենք վերսկսել մեր միասնական ջանքերը: Մենք լիովին գիտակցում ենք այս ամենը խթանելու մարտահրավերները, երբ աշխարհը դեռեւս պայքարում է համաճարակի դեմ, ինչպես եւ մենք Հայաստանում։ Նաեւ այս չափի ներդրումների հոսքի համար նախապայման է ամուր քաղաքական եւ տնտեսական կայունությունը: Մյուս կողմից, աշխարհի տարբեր տեղերում բարենպաստ տրամադրվածություն է նկատվում դեպի հետպատերազմյան Հայաստան։
- 2017-ի հոկտեմբերին ասել էիք, որ «FAST-ը ցավազրկող չէ, այն հակաբիոտիկ է»: Եվ շարունակել էիք. «Հետաքրքրված չեմ արագ արդյունք ստանալ։ Ես փնտրում եմ հակաբիոտիկի տեսակի լուծում։ Մենք գուցե այնքան տեսանելի չենք, ինչպես ուրիշները, բայց ես իսկապես չեմ մտածում տեսանելիության մասին։ Մենք հոլիվուդյան բլոքբաստեր չենք։ Նախընտրում եմ անտեսանելի մնալ այնքան ժամանակ, քանի դեռ հաջողության չենք հասել՝ ճիշտ այնպես, ինչպես հակաբիոտիկը»։ 2021-ին դարձյալ նախընտրո՞ւմ եք հանդես գալ հակաբիոտիկի դերում:- Այո, FAST-ը շարունակում է մնալ եւ գործել որպես հակաբիոտիկ։ Կարծում ենք, որ հակառակ դեպքում անհնար է հասնել կայուն արդյունքների։
Դժվարություններից հնարավոր չէ խուսափել. նույնիսկ մեր կյանքի հիմնական աղբյուրը՝ սրտի բաբախը, զիգզագաձեւ է՝ վերեւ-ներքեւ։ Սա է կյանքի ռիթմը։ Մենք ամեն անգամ սրտի կանգ չենք ունենում, երբ սրտի զարկը գտնվում է այդ զիգզագի ստորին կետում։ Նմանապես, երբ մենք կոտրված ենք, դա վերջը չէ, այլ մի նոր սկզբնակետ՝ ճշմարտության կետ, որը կօգնի մեզ պատրաստվել ապագային:
Հակաբիոտիկն ամենակարեւոր բանն է, որ կարող ես տալ համակարգին, եւ Հայաստանը պետք է դիտարկել որպես ամբողջական համակարգ: Եվ ի՞նչը կուժեղացնի այս համակարգը՝ կրթությունը։ Ուստի կրթությունը վերափոխելը շատ կարեւոր է․ սա գերխնդիր է։ Եթե կրթված չես, չես կարող հասկանալ կամ պահել ստեղծված գիտությունը, ուր մնաց թե այն առաջխաղացնես կամ փորձես վաճառել։ Մարդկությունը զարգանում է գիտության հիման վրա, եւ պետք է հասկանալ, որ կրթությունն է հիմքը․ այն ուժ է, որի հետ պետք է հաշվի նստել։
Արմեն Օրուջյան
photo © Մեդիամաքս
Եթե մենք ամբողջ ուշադրությունը չկենտրոնացնենք կրթության վրա, եթե չմիավորենք մեր ուժերը մրցունակ կրթություն ապահովելու համար, ապա հաջողության հասնելու շանսեր գրեթե չկան։ Եթե որեւէ մեկը մտածում է, որ կարող է շրջանցել այս գործընթացը ու միանգամից առաջ անցնել, ուրեմն մարդու կենսաբանությունից լավ չի հասկանում։
- Ինչպե՞ս եք գնահատում «1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացները եւ արդյո՞ք դրանք ավարտածների մեջ կան երիտասարդներ, որոնք արդեն ծառայում են Զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներում:- Մենք ունեցել ենք երկու զինակոչ․ առաջին 6 զորակոչիկներն ընդգրկվել են «1991 ստորաբաժանման» կազմում 2020 թ․-ի երկրորդ զորակոչի ժամանակ՝ պատերազմից մի քանի շաբաթ առաջ։ 2021 թ․-ի սկզբին եւս 5-ը միացան՝ դարձնելով այն 11 հոգանոց թիմ։ Նրանք շատ յուրահատուկ եւ ընդունակ երիտասարդ տղաներ են, ովքեր դեռ դասընթացների եւ նախապատրաստությունների փուլում են գտնվում։
Այս դեպքն էլ է հակաբիոտիկների թեմային վերաբերում․ թվում է՝ մարդիկ միշտ շտապում են։ Մենք աշխատում ենք 18 տարեկան երիտասարդ տղաների հետ, որոնց ժամանակ է հարկավոր ամեն ինչ մարսելու, սովորելու, պատշաճ կերպով մարզվելու եւ միայն այդ ժամանակ կարող ենք սպասել, որ նրանք որեւէ նոր եւ հզոր բան կստեղծեն։ Օգտագործենք ֆուտբոլային փոխաբերություն`Լեո Մեսին 13 տարեկանում միացավ La Masia-ին
(«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի ակադեմիա-խմբ.), այլ ոչ թե «Բարսելոնա»-ի հիմնական կազմին: Սա արված էր նրան աճելու հնարավորություն ընձեռելու համար: Եվ տեսեք, թե ինչ ունեք հիմա:
Արմեն Օրուջյան
photo © Մեդիամաքս
Մեր երիտասարդների հետ էլ պետք է այդպես վարվել՝ չենք կարող նրանց ավելորդ ճնշել։ «1991 ստորաբաժանումը»-ը կոչված է ստեղծել մի համակարգ, որը չափելի կդառնա ու կսկսի տալ իր նախատեսված արժեքը։
- Ի՞նչ ասոցիացիաներ պետք է առաջանան մարդու մոտ, երբ նա լսում է FAST անունը:- Մեր համար առաջնային է, որ FAST-ն օգնի Հայաստանում զարգացնել գիտությունն այն աստիճանի, որ այն համաշխարհային մակարդակով դառնա մրցունակ։ Եթե մենք FAST անվանումը ասոցացնենք տեղեկատվական տեխնոլոգիաների հետ, ապա կսխալվենք։ FAST-ի անունը պետք է ասոցացվի առաջխաղացող գիտության եւ գիտահեն տեխնոլոգիաների հետ․ սա էր մեր հիմնադիրների՝ Ռուբեն Վարդանյանի, Նուբար Աֆեյանի, Արթուր Ալավերդյանի եւ բոլոր մնացած հիմնադիրների, աջակիցների եւ դոնորների մտադրությունը։ Եվ այսօր առավել մեծ ուշադրություն է դարձվում արհեստական բանականությանը:
- 2017-ի հոկտեմբերին ասել էիք. «Մենք ձգտում ենք, որ Հայաստանը դառնա մեծ գաղափարների երկիր, իսկ հայերը՝ գլոբալ ազդեցության ազգ»: Ինչո՞ւ չենք դառնում, որո՞նք են հիմնական խոչընդոտները:- Կարծում եմ՝ մենք ապրում ենք վեհության պատրանքներով: Երբ դրանցից ազատվենք, իսկապես լավ հնարավորություն կունենանք դառնալ այդ ազգը։ Պետք է ճիշտ գնահատենք մեզ եւ մեր կարողությունները: Եթե մենք չգիտենք՝ ինչ խնդիրներ ունենք կամ պարզապես խուսափում ենք դրանցից, ապա չենք աշխատի պատշաճ լուծումների վրա։
Արմեն Օրուջյան
photo © Մեդիամաքս
Ես շատ երկրներում եմ աշխատել ու ռեսուրսներ ծախսել ձեռնարկատիրական մշակույթների եւ նորարարական էկոհամակարգերի հաստատմանն օգնելու համար։
Հայաստանում, բարեբախտաբար, բավական քանակով նորարար մարդիկ կան եւ բազում գործունեություններ ստարտափային ոլորտում։ Մի մարտահրավեր եմ նկատել, որը վերաբերում է հիմնականում գաղափարի փուլում գտնվող ջանքերի գնահատմանը։ Գործարարները ներկայացնում են իրենց գաղափարներն ու ակնկալում միլիոն դոլար արժողությամբ գնահատում։ Շուտափույթ հաջողությունը ոչ թե արժեքի, այլ ձեր ստեղծարար մտքի մեջ է, ձեր հնարագիտության եւ այն մտավոր սեփականության, որը հուսով եք, որ կստեղծեք։ Այս հիմնադիրները իրենք իրենց են վնասում, քանի որ դժվարացնում են մարդկանց համար այդպիսի ստարտափներում ներդրումներ կատարելը կամ նրանց ուղղորդելը, որը կնպաստեր ստարտափների աճին։
Մատների վրա կարող ենք հաշվել՝ քանի բարգավաճող ստարտափ է դուրս եկել Հայաստանից։ Շնորհավորանքներս այդ ստարտափ թիմերին, որոնք կարողացել են ստեղծել նման արժեք ու հաղթահարել դժվարությունները։ Իսկ մյուսներին, որոնք հաջողության ճանապարհին են, կասեմ՝ գաղտնիքը իրազեկ լինելու մեջ է։ Գիտակցեք, որ ձեր առջեւ դրված մարտահրավերներն այդքան էլ կապված չեն ձեր այսօրվա գնահատման հետ, այլ այն արժեքի հետ, որը դուք եւ ձեր թիմը միասին ստեղծում եք եւ, որ կարեւոր է, կարող եք պաշտպանել։
photo © Մեդիամաքս
Ընդհանրապես պետք է դադարել մեծ-մեծ խոսելը, փոխարենը մենք պետք է շատ լսենք եւ մրցակցային կրթություն ստանանք։ Ընկղմվենք ավելի գիտական հայտնագործությունների մեջ եւ մտահոգ լինենք ինքներս մեզ եւ մեր երեխաներին զարգացնելու հարցում։ Այն, ինչ տեղի ունեցավ մի քանի ամիս առաջ, բացառապես անցած երեք եւ նույնիսկ երեսուն տարիների գործունեության արդյունքը չէ, այլ անցած դարի մեր աշխարհայացքի եւ գործողությունների արդյունքը։ Ժամանակ առ ժամանակ մտածում եմ ՝ ի՞նչ էինք անում 1915 թ․-ի Ցեղասպանությունից անմիջապես հետո։ Արդյո՞ք մենք նստել ու սկսել ենք նոր ծրագիր գծել ու մշակել, որ հարյուր տարի հետո հանկարծ այսօրվա ճակատագրին չարժանանաք։ Ես հավատում եմ մեր ժողովրդին, եւ եթե այդպես անեինք, ապա 100 տարին բավարար ժամանակ էր, որպեսզի դառնայինք աշխարհի առաջատար ազգերից մեկը։ Վախենամ, որ այդ մոտեցումը չենք ցուցաբերել։
Այսօր ես հրավիրում եմ բոլորին կենտրոնացնել մեր ուշադրությունը, ժամանակը, ռեսուրսները, զգացմունքներն ու էներգիան մեր պետության եւ ժողովրդի բարգավաճման համար՝ անկախ այն փաստից, թե որտեղ են նրանք բնակվում, ինչ լեզվով են խոսում եւ ինչ հավատք ունեն։ Մեր բարեկեցիկ պատմությունը դեռ պետք է կերտվի։
Արմեն Օրուջյանի հետ զրուցել է Լուսին ՄկրտչյանըԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի