13:44 | 05.05.21 | Նորություններ | 1600
Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հայտարարում է «1991 ստորաբաժանման» 4-րդ նախապատրաստական դասընթացի համար հայտերի ընդունման մեկնարկը։
2019 թվականի սեպտեմբերին FAST-ը եւ ՀՀ պաշտպանության նախարարությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակներում FAST-ն իրականացնում է «1991 ստորաբաժանման» պարբերական նախապատրաստական դասընթացներ՝ յուրաքանչյուր զորակոչից 6 ամիս առաջ։ Դասընթացներն ապահովում են մրցունակ կրթության հնարավորություններ զորակոչի ենթակա տղաների, ինչպես նաեւ մասնակցության հայտ ներկայացրած աղջիկների համար։
Դասընթացներն անվճար են՝ 6 ամիս տեւողությամբ։ Այս ժամանակահատվածում մասնակիցները ձեռք են բերում գիտելիքներ տվյալագիտության եւ արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, ինչպես նաեւ իրականացնում են թիմային ավարտական նախագծեր, որպեսզի հետագայում պատրաստ լինեն հանձնել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված «1991 ստորաբաժանում»-ում ծառայության անցնելու քննությունը։
«Ներկայումս, առավել քան երբեւէ, հրամայական է դարձել բանակում բարձր տեխնոլոգիական որակյալ կադրեր ունենալը։ «1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացը կոչված է արհեստական բանականության ոլորտում մրցունակ մասնագետների պատրաստման հարթակ ծառայել առաջին հերթին ՀՀ զինված ուժերի, ինչպես նաեւ հայաստանյան բարձր տեխնոլոգիաների ոլորտի համար»,- նշել է FAST-ի հեռանկարային հետազոտական նախաձեռնությունների գծով փոխնախագահ Դավիդ Սարկիսյանը:
Ծառայության ընթացքում երիտասարդները ձեռք կբերեն գործնական գիտելիքներ եւ կկարողանան նպաստել գիտական առաջընթացին եւ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։ Իսկ զորացրվելուց հետո հնարավորություն կունենան աշխատել ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում, բարձր տեխնոլոգիական ընկերություններում, ներգրավվել հետազոտական լաբորատորիաներում կամ ձեւավորել սեփական ստարտափները։
«1991 ստորաբաժանման» 4-րդ նախապատրաստական դասընթացին կարող են դիմել 2022 թ․ ձմռանը եւ դրանից հետո զորակոչի ենթակա բոլոր տղաները, ինչպես նաեւ այն աղջիկները, ովքեր ունեն ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն եւ մաթեմատիկա) ոլորտներից մեկում առնվազն բակալավրի աստիճան եւ պատրաստ են դասընթացն ավարտելուց հետո ներգրավվելու ՀՀ պաշտպանության նախարարության կողմից առաջադրած նախագծերում՝ կամավոր կամ պայմանագրային հիմունքներով։
Դիմելու ընթացակարգին մանրամասն ծանոթանալու համար հետեւեք հղմանը։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021թ․ հունիսի 7-ն է: