17:31 | 03.05.21 | Նորություններ | 1366

Թումո Կողբում 1000-ից ավելի երեխա կսովորի

Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ համայնքում տեղի ունեցավ «Կողբ» հիմնադրամի 7-ամյակին նվիրված բարեգործական ծառատունկը, որից ստացված հասույթն ուղղվելու է համայնքում Թումո ստեղծարար կենտրոնի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելուն։

Դեռ անցյալ տարի Հիմնադրամը ստեղծել էր հատուկ հարթակ, որտեղ Թումոյի կառուցմանը նվիրատվություն կատարել ցանկացողները ամրագրել էին իրենց անվանական ծառերը՝ նախընտրած տեսակի, քանակի եւ արժողության։ Արդյունքում՝ «Զիկատար» պետական արգելավայրի ավելի քան 5 հա տարածքում տնկվեց շուրջ 7,000 ծառ: Միջոցառման ընթացքում արգելավայրում հիմնվեց նաեւ «Հավերժության պուրակ»՝ ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհվածների։

Ծառատունկի մասնակիցները եւ հյուրերն այցելեցին Կողբի պատմաերկրագիտական թանգարան, գեղարվեստի դպրոց, ինչպես նաեւ շրջայց կատարեցին Թումո կենտրոնի շինհրապարակում։

«Կենտրոնի շինարարական աշխատանքներն իրականացվում են «Սիմոնյան» կրթական հիմնադրամի հետ համատեղ։ Այս պահի դրությամբ արդեն ավարտվել ենք կենտրոնի բետոնային աշխատանքները եւ պետք է անցնենք ներքին հարդարման աշխատանքներին։ Նշեմ, որ կենտրոնը նախատեսված է ավելի քան 1,000 երեխաների ու պատանիների համար շրջակա մոտ 2 տասնյակ բնակավայրերից։ Կենտրոնից հնարավորություն կունենան օգտվել նաեւ հարեւանությամբ գտնվող զորամասի զինծառայողները»,- շրջայցի ընթացքում ծրագրի մանրամասները ներկայացրեց «Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը։

Թումո Կողբ կենտրոնի դիզայնը ներառում է դասընթացների սենյակներ, ինքնուսուցման հարթակ, ձայնագրման ստուդիա, կինոդահլիճ, ինչպես նաեւ բացօթյա տարածք մարզական եւ ժամանցային գործունեության համար․ «Կենտրոնը, ոչ միայն տեխնոլոգիական կրթություն է տալու երեխաներին, այլ նաեւ իրական մշակութային փոփոխություն է բերելու տարածաշրջանում»,- նշել է Արման Բարսեղյանը։

Միջոցառումն ամփոփվեց Կողբի մարզադաշտում՝ «Լավ էլի» եւ «Թմբաթա» ռոք խմբերի համերգով։