16:36 | 29.04.21 | Հոդվածներ | 2763

Արմեն Օրուջյանը՝ ճշգրիտ գիտությունների եւ մենթորի առաքելության մասին

Ապրիլի 28-ին Լոֆթ կենտրոնում կայացավ «Իմ մենթոր» համահայկական նախագծի #Talks հարթակի առաջին միջոցառումը, որի շրջանակներում Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը հանդիպեց մենթորության նպատակով իրեն դիմած երիտասարդներին:

Երեկոյի ընթացքում Արմեն Օրուջյանը խոսել է ճշգրիտ գիտությունների եւ ապագայի մարտահրավերների մասին, ինչպես նաեւ սեփական օրինակով բացատրեց մենթորի առանցքային դերը մեր կյանքում: Հանդիպման ընթացքում հնչած առավել ուշագրավ մտքերը ներկայացնում ենք հատվածաբար:

Ճշգրիտ գիտությունների կարեւորությունը

Ֆիզիկան, քիմիան, մաթեմաթիկան եւ կենսաբանությունը այն հենասյուներն են, որոնց վրա կառուցվելու է ապագան: Ոմանք գիտության այս ուղղությունները չեն սիրում, քանի որ դժվարանում են դրանք հասկանալ: Ահա թե ինչու է կարեւոր հասկանալ ամենափոքր տարրից դեպի ամենամեծը տանող անցումները: Վերցնենք, օրինակ, ֆիզիկան: Ամենափոքր տարրը ատոմն է: Մի քանի ատոմ միացնելիս կստանանք մոլեկուլ, մոլեկուլները միացնելու դեպքում՝ բջիջ: Բջիջներն իրենց հերթին միավորվում եւ դառնում են օրգաններ: Եվ այսպես շարունակ:

photo © Լոֆթ


Մարդկությունը մշտապես ձգտում է կատարելագործել տեխնոլոգիաները, որպեսզի դրանք լինեն մաքսիմալ հարմարավետ: Ինքս, օրինակ, սովորություն ունեմ գրասենյակում հեռախոսս ինձ մոտ չպահել, քանի որ ավելորդ ծանրություն է: Հաշվի առնելով այն փաստը, որ հեռախոսները շարունակաբար փոքրանում եւ կատարելագործվում են, գուցե մի օր նրանք մտնեն մեր մեջ, եւ որեւէ մեկի կոնտակտային տվյալները ճշտելու համար այլեւս հեռախոսի մեջ նայելու անհրաժեշտություն չլինի, իսկ ինֆորմացիան լինի հենց մեր մեջ:

Ո՞րն է մենթորի առաքելությունը

Հաճախ «մենթոր» եւ «քոուչ» հասկացությունները շփոթում են: Եթե վերցնենք բասկետբոլային թիմ, ապա ես երբեք չեմ կարողանա լինել նրանց քոուչը, չեմ կարող սովորեցնել նրանց խաղի տարատեսակ հմտություններ: Սակայն, հանդես գալով որպես մենթոր, կարող եմ օգնել նրանց դառնալ լավ խաղացող: Կապ չունի, դուք զբաղվում եք գիտությամբ թե ոչ. լինելով մենթոր, ես չեմ կարող առաջարկել ձեզ պատրաստի լուծումներ կամ ասել, թե ինչ անեք, սակայն կարող եմ հուշել, դեպի ուր է գնում կյանքը եւ որոնք են ապագայի միտումները:

Արմեն Օրուջյանը Արմեն Օրուջյանը
photo © Լոֆթ


Հաճախ ինքներդ ձեզ հարցրեք. «‎Ինչի՞ համար ես կամ»: Սա շատ բարդ հարց է: Եթե փնտրեք հարցի պատասխանը Կտակարանում, ապա այնտեղ պարզ ասվում է: Գուցե հնարեք որեւէ պատկերավոր պատասխան եւ այն լինի ակտուալ մինչ կյանքի առաջին հարվածը: Ինչեւէ, հարկավոր է, որպեսզի դուք պատկերացնեք ձեր առաքելությունը կյանքում: Այս հարցում մենթորը եւս կարող է օգտակար լինել:Այն մասին, որ կյանքի այս կամ այլ փուլում քո կողքին եղել է մենթոր, գիտակցում ես, երբ հասնում ես որոշակի կետի:

Ո՞վ է եղել Արմեն Օրուջյանի մենթորը

Երբ 22 տարեկան էի, առաքման ծառայություն ունեի: Պատահաբար ծանոթացա ազգությամբ շոտլանդացի 60-անց մի տղամարդու հետ, որը գրող էր եւ Օլիմպիական խաղերի մասին 24 հատորանոց աշխատություն էր գրում: Իմանալով, որ խոսում եմ հայերեն, ինչպես նաեւ տիրապետում եմ ռուսերենի, հաջորդ օրը հրավիրեց իր տուն, որպեսզի 1980 թվականի Օլիմպիական խաղերին վերաբերող նյութերը կարդայի եւ օգնեի շտկել հնարավոր սխալները: Այդ մարդու անունն էր Գերի Ալիսոն:

photo © Լոֆթ


Մինչ Գերիին հանդիպելը կարծում էի, թե շատ բան գիտեմ, բայց նրա հետ խոսելիս բերանս բաց էր մնում: Հաճախ ասում էի. «Գերի, երբեմն ես ինձ դատարկ եմ զգում»‎: Ի պատասխան Գերին ասում էր. «Արմեն, գնա ճանապարհորդելու»: Եվ սա իսկապես շատ արժեքավոր խորհուրդ էր:

1998 թվականի փետրվարն էր, 24 տարեկան էի: Գերին մի օր զանգեց եւ ասաց. «Արմեն, կոստյում ունե՞ս»: Ստանալով իմ դրական պատասխանը, հավելեց «Հագի՛ր կոստյումդ, գալիս եմ քո հետեւից, գնալու ենք Բեվերլի Հիլզ»: Հենց այնտեղ Գերին ինձ ծանոթացրեց ԱՄՆ փոխնախագահ Ալբերտ Գորի հետ:

photo © Լոֆթ


Երբ 2004 թվականին Գերին մահացավ, հուղարկավորության արարողության ժամանակ բեմ բարձրացա եւ պատմեցի իմ կյանքում Գերիի թողած ազդեցության մասին: Ինձնից հետո բեմ բարձրացավ Ալբերտ Գորը, եւ պարզվեց, որ Գերի Ալիսոնն էր եղել նրա առաջին գործատուն: «Եթե Գերին չլիներ, ես չէի լինի այն մարդը, որը կամ», - ասաց Գորը: Թերեւս, այս պատմությունը բացատրում է մենթորի դերը մեր կյանքում:  

«Իմ մենթոր» նախագիծը եւ համանուն հավելվածը գործարկվել են 2021թ. մարտին եւ ուղղված են Հայաստանում մենթորության մշակույթի զարգացմանը: Նախագծի շրջանակներում գիտելիքի եւ փորձի փոխանակման պատրաստ, կայացած պրոֆետիոնալները (մենթորները) կհաղորդակցվեն գիտելիքի եւ փորձի կարիքն ունեցող երիտասարդների (մենթորների) հետ: Համանուն հավելվածը ապագա մենթոր-մենթի կապի ստեղծման տարածքն է, որտեղ սահմանված ցուցիչներն ու ակտիվությունները հնարավորություն են տալիս կատարել ընտրություն եւ գործողություն։