16:27 | 20.04.21 | Նորություններ | 1005
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը հեռավար հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ:
Նախարարը եւ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը ողջունել են միմյանց եւ նշել, որ նախկինում ունեցած արդյունավետ համագործակցությունը լավ հիմք է՝ առաջիկայում գործընկերային հարաբերություններն ամրապնդելու համար:
ՀՀ ԲՏԱ նախարար Հայկ Չոբանյանը նշել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացը ՀՀ-ում տեսանելի է:
Ոլորտում առկա է աշխատատեղերի մեծ պահանջարկ եւ հանրությանը դեպի տեխնոլոգիական կրթություն ուղղորդելը կարեւոր ազդակ կարող է հանդիսանալ այս բնագավառի զարգացման համար։ Նախարարը դեսպանին է ներկայացրել Հայաստանի վերջին տարիների ձեռքբերումները, կատարված աշխատանքի ամփոփ պատկերը, առանձնացրել ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները:
Դեսպան Անդրեա Վիկտորինը նշել է, որ ԵՄ-ն կարեւորում է էլեկտրոնային կառավարման մշտական արդիականացումը (e-government): ԵՄ-ի հետ աշխատանքներ են ընթացել նաեւ «e-tax», «e-police» ծառայությունների, ինչպես նաեւ «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի գործարկման, ակտիվացման ուղղությամբ: Ներկայումս ԵՄ-ն համագործակցում է ՀՀ-ի հետ «e-judiciary» եւ «e-visa» ծառայությունների ամբողջական ներդրման ուղղությամբ:
Հայկ Չոբանյանը նշել է, որ ներկայում նախարարությունը մշակում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ռազմավարությանը, որը կսահմանի ոլորտային զարգացման միջնաժամկետ եւ երկարաժամկետ հիմնական ուղենիշերը: